Մատչելիության հղումներ

G7-ը պատրաստ է ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ ապահովելու էներգետիկ շուկայի կայունությունը

«Մեծ յոթնյակի» տնտեսության և ֆինանսների նախարարներն այսօր հայտարարել են, որ պատրաստ են ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ ապահովելու էներգետիկ շուկայի կայունությունը։

Նախարարները հավաքվել էին՝ քննարկելու Մերձավոր Արևելքում պատերազմի տնտեսական հետևանքները։

ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանին հասված հարվածներին ի պատասխան՝ Թեհրանը թիրախավորել է տարածաշրջանի նավթ արտահանող երկրները, փակել Հորմուզի նեղուցը՝ գրեթե ամբողջությամբ դադարեցնելով Պարսից ծոցի միջոցով իրականացվող փոխադրումները։
Մատակարարումների այս սահմանափակման հետևանքով բարձրացրել են նավթի և բնական գազի գները՝ առաջացնելով լուրջ շղթայական ազդեցություններ տարբեր ոլորտների մատակարարման համակարգերում։

«Մենք պատրաստ ենք մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ պահպանելու էներգետիկ շուկայի կայունությունն ու անվտանգությունը»,- ասվում է G7-ի էներգետիկայի և ֆինանսների նախարարների, ինչպես նաև կենտրոնական բանկերի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

«Մենք գիտակցում ենք համակարգված միջազգային գործողությունների կարևորությունը՝ հետևանքները մեղմելու և մակրոտնտեսական կայունությունը պաշտպանելու համար», - նշել են նրանք:

G7-ը (ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան) կարևոր դեր է խաղում աշխարհի ամենահարուստ երկրների քաղաքական օրակարգի ձևավորման մեջ։
Այս պահին Ֆրանսիան է նախագահում է G7-ը։ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում Պարսից ծոցում, ունի էներգետիկ, տնտեսական, ֆինանսական շուկաների և հնարավոր նաև գնաճային հետևանքներ։

Անցած շաբաթ կայացած հանդիպումից հետո G7-ի արտաքին գործերի նախարարները հայտարարել էին, որ «բացարձակ անհրաժեշտություն» է, որպեսզի Իրանը վերականգնի նեղուցով ազատ անցումը և կոչ էին արել դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները։

Աճող ճնշման պայմաններում բազմաթիվ կառավարություններ միջոցներ են ձեռնարկել՝ մեղմելու մատակարարման խնդիրների և էներգիայի գների կտրուկ աճի ազդեցությունը։

Ուրբաթ օրը Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց, որ ապրիլին 70 միլիոն եվրո կհատկացնի՝ աջակցելու ձկնորսության, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներին։

XS
SM
MD
LG