Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տարածաշրջանի ողջ քաղաքացիական բնակչությանը կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերին հարակից տարածքներից։
«Վախկոտ ամերիկա-սիոնիստական ուժերը փորձում են օգտագործել քաղաքացիական վայրերն ու անմեղ մարդկանց որպես կենդանի վահաններ։ Մենք խորհուրդ ենք տալիս անհապաղ լքել այն վայրերը, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը, որպեսզի ձեզ որևէ վնաս չպատճառվի», - ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Sepah News կայքում։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարը կոչ է արել Միացյալ Նահանգներին ավարտել Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա մահացու հարվածի հետաքննությունը։
«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ հարվածը հետաքննության փուլում է։ Ես կոչ եմ անում, որ այդ գործընթացը հնարավորինս շուտ ավարտվին հասցվի և հրապարակվեն արդյունքները», - Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, Իրանի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ քննարկման ընթացքում ասել է Ֆոլկեր Թյուրքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս10 օրով հետաձգում է հարվածները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին: Այս մասին իր Truth Social էջում գրել է Թրամփը:
«Իրանի կառավարության խնդրանքով հետաձգում եմ էլեկտրակայանների ոչնչացման փուլը 10 օրով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը», - գրել է ԱՄՆ նախագահը։
Բանակցություններն, ըստ Թրամփի շարունակվում են, և չնայած հակառակը պնդող հայտարարությունների, «դրանք շատ լավ են ընթանում»:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ֆրանսիա: Նա կմասնակցի G7-ի արտաքին գործերի նախարարների պաշտոնական նիստերին:
Հանդիպմանը մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Եվրոպական Միության և Ճապոնիայի բարձրաստիճան դիվանագետները, ինչպես նաև հյուր երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան։
Փարիզ մեկնելուց առաջ Ռուբիոն նշել է, որ դաշնակիցների համար հիմնական ուղերձը կլինի Հորմուզի նեղուցի՝ Իրանի կողմից փակված կարևորագույն համաշխարհային տարանցիկ երթուղու վերաբացման հրատապությունը։
Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արևելք մինչև լրացուցիչ 10,000 ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորությունը, հայտնում է The Wall Street Journal-ը։
Նաև նշվում է, որ դեռ պարզ չէ, թե տարածաշրջանի որ հատվածում կտեղակայվեն այդ ուժերը, սակայն ենթադրվում է, որ դրանք կլինեն Իրանի և Խարգ կղզու հարվածային հասանելիության սահմաններում։
Իրանական Tasnim գործակալության պնդմամբ` Թեհրանն այսօր պաշտոնապես պատասխանել է պատերազմի ավարտին ուղղված ԱՄՆ առաջարկներին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ` կարգավորման ամերիկյան պլանը բաղկացած է 15 կետից։
Առաջարկների բովանդակության կամ դրանց իրանական արձագանքի մասին գործակալության աղբյուրները որևէ տեղեկություն չի հաղորդում։
Իրանի հարցում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները «մեզ բացարձակապես ոչնչով չեն օգնել», այսօր Truth Social սօցիալական ցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից որևէ բան պետք չէ։ Մենք, սակայն, երբեք չենք մոռանա դաշինքի անդամների պահվածքը այս կարևորագույն ժամանակահատվածում»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Իրանը ուսումնասիրում է ԱՄՆ-ի առաջարկը՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել Մերձավոր Արևելքի ընդլայնվող հակամարտությունը մեղմելու համար, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նախօրեին Wall Street Journal-ն ու AP-ն գրել էին, որ ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով 15 կետանոց առաջարկներ է փոխանցել Իրանին: իրանական պետական Press TV-ին հայտնել էր, թե Թեհրանը մերժել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան առաջարկները և պնդել է, որ պատերազմը կդադարեցվի միայն Թեհրանի պայմաններով և ժամանակացույցով:
«Միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը չի նշանակում բանակցություններ ԱՄՆ-ի հետ: Նրանք իրենց հաղորդագրություններում առաջ են քաշել գաղափարներ, որոնք փոխանցվել են բարձրագույն իշխանություններին, և անհրաժեշտության դեպքում նրանք կհայտարարեն իրենց դիրքորոշումը», - ասել է Արաղչին։
Բացի այդ, Իրանը միջնորդներին ասել է, որ Լիբանանը պետք է ներառվի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կնքվող ցանկացած հրադադարի համաձայնագրում, Reuters-ին հայտնել են Իրանի դիրքորոշմանը ծանոթ վեց տարածաշրջանային աղբյուրներ։
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին։
«Անադոլու»-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են պատերազմի հետ կապված ներկայիս իրավիճակը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը մասնակցում է խաղաղության բանակցություններին՝ չնայած պաշտոնական հերքումներին: Նա նշել է` իրանցի բանակցողները վախենում են, որ իրենց «սեփական ժողովուրդը» կարող է սպանել։
«Ի դեպ, նրանք բանակցություններ են վարում և շատ են ուզում համաձայնության գալ։ Բայց նրանք վախենում են դա ասել, քանի որ կարծում են, որ սեփական ժողովուրդը կսպանի իրենց», - ասել է Թրամփը Կոնգրեսի հանրապետական անդամների համար կազմակերպված ընթրիքի ժամանակ։