Մատչելիության հղումներ

եթերում Թրամփը երկարաձգում է Իրանի հետ հրադադարը, շրջափակումը կշարունակվի

Գլխավորը՝ համառոտ

19:52 25.3.2026

Իրանի պետական հեռուստատեսությունը, հղում անելով անանուն բարձրաստիճան պաշտոնյայի, հայտարարել է, որ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների առաջարկած խաղաղության ծրագիրը, որը նպատակ ուներ ավարտել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը։

«Իրանը բացասաբար է արձագանքել շարունակվող պարտադրված պատերազմը դադարեցնելու նպատակով ներկայացված ամերիկյան առաջարկին»,- ըստ անգլալեզու Press TV հեռարձակողի՝ ասել է պաշտոնյան։

«Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ Իրանը որոշի, որ այն պետք է ավարտվի, այլ ոչ թե, երբ Թրամփը պատկերացնի դրա ավարտը»,- հայտարարվել է Իրանի պետական հեռուստաալիքով։

19:30 25.3.2026

Մերձավոր Արևելքում պատերազմը «դուրս է եկել վերահսկողությունից»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ նախազգուշացնելով, որ որքան երկար շարունակվեն մարտերը, այնքան կավելանա մարդկային և տնտեսական ցավը։

«Հակամարտությունը անցել է այն սահմանները, որոնք նույնիսկ առաջնորդներն էին պատկերացնում հնարավոր։ Աշխարհը կանգնած է ավելի լայն պատերազմի վտանգի առջև, մարդկային տառապանքների աճող ալիքի և գլոբալ տնտեսական ավելի խոր ցնցման առաջ։ Սա չափազանց հեռու է գնացել», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լրագրողների հետ զրույցում։

18:37 25.3.2026

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան այս շաբաթ կգլխավորեն ռազմական բանակցություններ, որին կմասնկացի շուրջ 30 երկիր։ Նպատակն է՝ ձևավորել կոալիցիա՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու համար։ Այս մասին AFP-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության գերատեսչության պաշտոնյան։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և Նիդերլանդները անցած շաբաթ հայտարարեցին, որ պատրաստ են համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ Հորմուզի նեղուցով անվտանգ անցուդարձը ապահովելու համար: Այնուհետև ևս 24 երկիր հավանություն տվեց այս հայտարարությանը:

17:37 25.3.2026

Պակիստանը ԱՄՆ-ի խաղաղության առաջարկների մի շարք է փոխանցել Իրանին: Այս լուրն այսօր հաստատել են պակիստանյան աղբյուրները, այն բանից հետո, երբ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդեցին, թե Վաշինգտոնը ներկայացրել է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր։

Պակիստանցի երկու պաշտոնյաներ, անանուն մնալու պայմանով, DPA գործակալությանը հայտնել են, որ 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզի մեծ մասը կենտրոնացած է միջուկային հարցերի վրա, սակայն այն նաև ներառում է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները վերացնելու խոստում։

Հստակ չէ, սակայն, երբ է նախագիծն ուղարկվել Իրանին և ով է այն ստացել։ Պաշտոնյաները նշել են միայն, որ դա տեղի է ունեցել այս շաբաթ:

Իրանը մինչև այժմ հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս շաբաթվա սկզբին արված պնդումները, թե երկու կողմերը «կառուցողական բանակցություններ» են վարել պատերազմի ավարտի շուրջ:

17:36 25.3.2026

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը պատրաստ է այս շաբաթ անցկացնել երկրորդ արտահերթ քննարկումը՝ կապված Մերձավոր Արևելքի պատերազմի հետ, որը կենտրոնացած կլինի իրանական դպրոցի հարձակման վրա։

Փետրվարի 28-ին պատերազմի առաջին օրը Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցն օդային հարձակման էր ենթարկվել, որի հետևանքով 168 երեխա էր մահացել։

17:35 25.3.2026

Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ չփորձարկի Իսլամական Հանրապետության վճռականությունը իր տարածքը պաշտպանելու գործում

Այս հայտարարությունը հաջորդում է այն տեղեկություններին, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկում ավելի շատ զորքեր։

«Չփորձեք փորձարկել մեր վճռականությունը մեր երկիրը պաշտպանելու համար: Մենք մանրակրկիտ հետևում ենք ամերիկյան բոլոր շարժումներին տարածաշրջանում, հատկապես զորքերի տեղաբաշխմանը։ Այն, ինչ գեներալները կոտրել են, զինվորները չեն կարող վերականգնել․ փոխարենը, նրանք դառնալու են Նեթանյահուի երևակայության զոհը»,- X-ում անգլերենով գրել է Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:

13:10 25.3.2026

Պակիստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դեռևս բանակցություններ չեն ընթանում

Պակիստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ Պակիստանի նման բարեկամ երկրները փորձում են հիմք ստեղծել Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության համար և հույս է հայտնել, որ այդ ջանքերը կարող են օգնել ավարտել պատերազմը։

Այդուհանդերձ AFP-ին գրում է՝ դեսպանը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև որևէ բանակցություն չի եղել՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկեց դիվանագիտական ջանքերում որոշակի առաջընթացի մասին։

«Մենք նույնպես նման տեղեկություններ լսել ենք լրատվամիջոցներից, սակայն իմ տեղեկություններով և հակառակ Թրամփի պնդումների, մինչև այժմ երկու երկրների միջև ոչ մի բանակցություն՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի, տեղի չի ունեցել»,- ասել է դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը՝ հավելելով, որ բնական է, որ բարեկամ երկրները մշտապես խորհրդակցությունների մեջ են երկու կողմերի հետ՝ ագրեսիան ավարտելու համար։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը նախօրեին հայտարարել էր, որ Իսլամաբադը պատրաստ է հյուրընկալել ցանկացած բանակցություն։

12:07 25.3.2026

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մարտի 24-ի ուշ երեկոյան հաղորդել է, որ Իրանից տեղեկատվություն է ստացել այն մասին, որ նույն առավոտյան Բուշերի ատոմակայանի տարածքում ևս մեկ արկ է ընկել։ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ «Իրանի տվյալներով՝ կայանը որևէ վնաս չի կրել, և անձնակազմից ոչ ոք չի տուժել»։

12:02 25.3.2026

Երրորդ օրն է՝ ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ Իրանի հետ բանակցում են պատերազմը դադարեցնելու շուրջ, սակայն պաշտոնական Թեհրանը դա հերքում է։

Դոնալդ Թրամփն ասել է, թե պետքարտուղարն ու փոխնախագահն են ներգրավված բանակցություններում: Սպիտակ տան ղեկավարը պնդել է, թե ռազմական գործողությունները Իրանում «ռեժիմի փոփոխության» են հանգեցրել, և հիմա իր վարչակազմը բանակցում է «ճիշտ մարդկանց» հետ, թեև զգուշացրել է՝ «ոչ մեկին» չի վստահում։ Թրամփը նշել է, թե Իրանի նախկին ղեկավարներին «վերացնելուց» հետո նրանց փոխարեն եկածներին էլ նույն կերպ կարող են «վերացնել», բայց «կտեսնեն՝ ինչպես կզարգանան իրադարձությունները»։

Թրամփը կրկնել է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, ապա ասել է, թե Իրանը էներգետիկ ոլորտի հետ կապված խոշոր զիջում է արել ԱՄՆ-ին, սակայն մանրամասներ չի հայտնել։

«Նրանք մեզ նվեր տվեցին, որն այսօր տեղ հասավ։ Շատ մեծ նվեր էր, որը հսկայական գումար արժե։ Չեմ ասի, թե ինչ նվեր է դա, բայց այն շատ կարևոր մրցանակ էր, և նրանք դա տվեցին մեզ … Դա ինձ համար մեկ բան էր նշանակում. մենք գործ ունենք ճիշտ մարդկանց հետ»,- հայտարարել է ԱՄՆ նախաագահը՝ նշելով միայն, որ «նվերը» կապված է Հորմուզի նեղուցի հետ։

10:44 25.3.2026

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն կտան միայն «ոչ թշնամական» նավերին, որոնք իրենց հետ կհամակարգեն երթուղին,գրում է Financial Times-ը՝ հղում անելով Իրանի արտգործնախարարության նամակին, որն ուղարկվել է Միջազգային ծովային կազմակերպության անդամներին։

Նամակում նշվում է, որ Իրանը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու Հորմուզի նեղուցի միջոցով «ագրեսորների և նրանց աջակիցների թշնամական գործողությունները»։ Ըստ նույն աղբյուրի՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի և հակամարտության մյուս մասնակիցների հետ կապ ունեցող նավերին նեղուցով անցնել չի թույլատրվի։

Միևնույն ժամանակ, Թեհրանը նշում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են օգտվել Հորմուզի նեղուցից միայն Թեհրանի հետ նախապես համաձայնեցնելու դեպքում։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG