Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը․ նա այս պաշտոնում կփոխարինի անցած շաբաթ սպանված Ալի Լարիջանիին։
«Զոլղադրի թեկնածությունը հաստատվել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի կողմից, սոցցանցերում գրել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի աշխատակազմի ներկայացուցիչը։
Զոլղհադրին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար է, կոշտ քաղաքական գծի հետևորդ, ով նախկինում անվտանգության ոլորտում մի շարք պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում եղել է Ներքին գործերի նախարարության անվտանգության գծով տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալ և դատական իշխանության ղեկավարի՝ հանցագործությունների կանխարգելման գծով խորհրդական։
Քուվեյթում էլեկտրահաղորդման յոթ գծեր դուրս են եկել շահագործումից, լսվել են պայթյունների ձայներ․ պաշտոնյաները հայտարարել են, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը արձագանքում են «հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին»՝ կոչ անելով քաղաքացիներին հետևել իշխանության հրահանգներին։
Ընդհանուր առմամբ, ըստ զինված ուժերի, այսօր՝ երկու ժամվա ընթացքում, կասեցվել և ոչնչացվել է երկրի Արևելյան նահանգը թիրախավորող 19 անօդաչու թռչող սարք։
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ պատրաստվում է տարածաշրջանում տեղակայել կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Պարսից ծոցի երկրների վրա Իրանի հարձակումների ալիքին դիմակայելու համար։
Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, դեռ փակ է:
Թրամփի երեկվա հայտարարությունների ֆոնին նավթի գնի նվազումից հետո այսօր այն կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց: Ասիական ֆոնդային բորսաները բացվել են աճով։
Ճապոնիան հայտարարել է, որ նավթի պահանջարկը բավարարելու նպատակով հինգշաբթի կսկսի օգտագործել իր ազգային պաշարները:
Իրանն իր հերթին հարվածել է ինչպես մայրաքաղաք Թել Ավիվին, այնպես էլ Իսրայելի հարավային և կենտրոնական շրջաններին: Ըստ իսրայելական մամուլի՝ Կան վիրավորներ և ավերածություններ:
Իրանը նաև հարվածել է Քուվեյթին և Սաուդյան Արաբիային: Reuters-ի փոխանցմամb՝ անօդաչուի հարվածից Բահրեյնում խափանվել է ամպային ծառայություններ մատուցող հսկայի՝ Amazon Web Services-ի գործունեությունը:
Պատերազմի 25-րդ օրը Իսրայելը շարունակել է հարվածներն Թեհրան, Թավրիզ, Սպահան և Կարզի քաղաքներին, նաև Արևելյան Ադրբեջան նահանգին: Կան զոհեր, այդ թվում երեխաներ: Իրանը հայտնել է, որ Սպահանի և Խորամշահրի շրջաններում Իսրայելը հարվածել է էներգետիկ ոլորտի հետ կապված օբյեկտներին:
Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին հայտարարել է, որ անհանգստանալու կարիք չկա, քանզի երկիրն ապակենտրոնացրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և ծրագրում է արագ վերականգնել ցանկացած էլեկտրակայան, եթե դրանց հարվածեն։
Չնայած պաշտոնական Թեհրանի հերքմանը, թե Վաշինգտոնի հետ բանակցում է պատերազմը դադարեցնելու շուրջ՝ Դոնալդ Թրամփը երեկ կրկին հայտարարել է, թե Իրանի հետ բանակցում են և հիմա համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա:
ԱՄՆ նախագահը պնդել է, թե Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ունենալու գաղափարից: Ըստ նրա՝ Թեհրանն այժմ ունի ևս մեկ հնարավորություն՝ վերջ դնելու ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ուղղված սպառնալիքներին: Սպիտակ տան ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Թեհրանը կօգտվի այդ հնարավորությունից:
«Մենք հիմա իսկապես լավ քննարկումներ ենք ունենում... Նրանք ուզում են խաղաղություն։ Նրանք համաձայնել են, որ չեն ունենա միջուկային զենք և այլն։ Բայց տեսնենք, թե ինչ կստացվի։ Բայց ես կասեի, որ շատ մեծ հնարավորություն կա», - նշել է Թրամփը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի համատեղ ռազմական բազայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին լուրը՝ այն անվանելով «իսրայելցիների վերջին սուտը»։
Իսրայելի բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ Իրանը բազան թիրախավորելու համար օգտագործել է «երկաստիճան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ՝ 4000 կիլոմետր հեռահարությամբ»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի ուշ հայտարարել է, որ դաշինքը «չի կարող հաստատել» Իսրայելի պնդումը, որ Դիեգո Գարսիայի վրա արձակված հրթիռները իրանական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ են եղել։
Իրանի դեմ հարվածներ սկսելուց 48 ժամ առաջ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հայտնում է Reuters-ը:
Լրատվամիջոցը նշում է, որ և՛ Թրամփը, և՛ Նեթանյահուն գիտեին, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նրա հիմնական օգնականները հանդիպելու են Թեհրանում գտնվող նրա նստավայրում, ինչը նրանց խոցելի կդարձնի «գլխատման հարվածի» համար։
Սակայն նոր հետախուզական տվյալները ցույց են տվել, որ հանդիպումը շաբաթ գիշերվանից տեղափոխվել է շաբաթ առավոտյան, ներկայացնում է Reuters-ը՝ հղում անելով զանգի մասին տեղեկացված երեք անձանց։
Զանգի մասին նախկինում չի հաղորդվել։
Երուսաղեմում ուժեղ պայթյուն է լսվել, այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը հայտարարել է, որ հայտնաբերել է Իրանից արձակված ևս մեկ հրթիռ։
AFP-ի լրագրողները հայտնել են, որ բարձր պայթյուն է լսվել մի քանի րոպե անց, երբ բանակը հայտարարել է, որ հայտնաբերել է Իրանից արձակված հրթիռներ և «փորձում է կասեցնել սպառնալիքը»։
AFP-ի փոխանցմամբ՝ իսրայելական բանակը հայտարարել է, որ հրթիռային հարձակումը թիրախավորել է հյուսիսային շրջանները։
«Մագեն Դավիդ Ադոմ» օգնության կազմակերպությունը հայտարարել է, որ մինչ այժմ զոհերի մասին որևէ հաղորդագրություն չի ստացել, սակայն փրկարարներ են ուղարկվել այն տարածք, որտեղ հաղորդվել է հարվածի մասին։
Հարձակման մասին հայտարարելուց մոտ 20 րոպե անց Իսրայելի ներքին ճակատի հրամանատարությունը թույլ է տվել քաղաքացիներին լքել ապաստարանները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ ապացույցներ կան, թե Ռուսաստանը շարունակում է «իրանյան ռեժիմին հետախուզական աջակցություն ցուցաբերել»։
Մեջբերելով Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի զեկույցը՝ Զելենսկին այս մասին նշել է X-ում արված հրապարակման մեջ:
«Սա ակնհայտորեն ապակառուցողական գործունեություն է, և այն պետք է դադարեցվի, քանի որ այն միայն հանգեցնում է հետագա անկայունացման։ Բոլոր բարեխիղճ պետությունները շահագրգռված են անվտանգությունը երաշխավորելով և ավելի մեծ ճգնաժամ կանխելով», - գրել է Զելենսկին՝ նշելով, որ ԱՄՆ-Իսրայել պատերազմը Իրանի հետ ազդում է համաշխարհային շուկաների վրա և «զգալիորեն բարդացնում է վառելիքի իրավիճակը շատ երկրներում»։