Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Իրանի դեմ պատերազմի մասին։
Նեթանյահուն ասել է, որ Թրամփը կարծում է՝ Իսրայելի և Ամերիկայի ռազմական հաջողությունները Իրանում կարող են հանգեցնել համաձայնագրի, որը կիրականացնի պատերազմի նպատակները՝ միաժամանակ պաշտպանելով Իսրայելի կենսական շահերը։
Տեսաուղերձում նա ընդգծել է, որ Իսրայելը կպաշտպանի իր շահերը ցանկացած հանգամանքներում՝ շարունակելով հարձակվել Իրանի, ինչպես նաև «Հեզբոլա»-ի և Լիբանանում Իրանի կողմից աջակցվող այլ ուժերի վրա։
Նեթանյահուն ևս մեկ անգամ պնդել է, որ շարունակվող հարձակումները կոչնչացնեն Իրանի «հրթիռային և միջուկային ծրագրերը» և նաև «ծանր վնաս կպատճառեն «Հեզբոլա»-ին», որը ԱՄՆ-ն և Իսրայելը ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություն։
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին։
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Բայրամովն ու Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմական լարվածությունը դադարեցնելու հնարավոր ջանքերի վերաբերյալ: Ընդգծել են Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևորությունը։
Բայրամովը վերահաստատել է Ադրբեջանի սպասումները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետաքննության ավարտի վերաբերյալ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է, որ վերջին 24 օրերի ընթացքում որևէ բանակցություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ՝ հենց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե վերջին մի քանի օրերին կողմերը «համաձայնության կարևոր կետեր» են գտել։
Պետական IRNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով նախարարության խոսնակին, հաղորդում է, որ վերջին օրերին բարեկամ երկրները հաղորդագրություններ են փոխանցել, ըստ որոնց՝ ԱՄՆ-ը խնդրել է բանակցություններ սկսել պատերազմը ավարտելու նպատակով, սակայն Իրանը չի արձագանքել այդ առաջարկին։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր կոչ է արել դադարեցնել Մերձավոր Արևելքում «կենսական ենթակառուցվածքների դեմ պատերազմը»՝ նախազգուշացնելով հնարավոր «անվերադարձ հետևանքների» մասին, ներառյալ՝ վնասը միջուկային օբյեկտներին։
«Այն, ինչ մենք տեսել ենք վերջին օրերին Մերձավոր Արևելքում, վտանգում է հասնել մի կետի, որտեղ վերադարձ այլևս հնարավոր չի լինի», - հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրջանա Սպոլյարիչը իր հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է ցանկանալ հասնել պաշտպանության ոլորտի համար լրացուցիչ 200 մլրդ դոլարի ֆինանսավորման հատկացմանը։
«Միշտ էլ լավ է դա ունենալ, քանի որ աշխարհը հիմա շատ լարված է», - ասել է Թրամփը Ֆլորիդայում լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է համարում հասնել այդ գումարի հատկացմանը՝ հաշվի առնելով, որ ավելի վաղ հայտարարել էր Իրանի հետ հակամարտությունն ավարտելու մտադրության մասին։
Իրանում «ռեժիմի փոփոխությունը» փաստացի արդեն ընթացքի մեջ է, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ միաժամանակ զգուշացնելով, որ եթե ԱՄՆ-ի կողմից կապ հաստատած իրանցի ներկայացուցիչների հետ բանակցությունները հաջողություն չունենան, ապա ռմբակոծությունները կշարունակվեն։
Թրամփը հստակեցրել է, որ բանակցությունները չեն ընթանում Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, այլ այն անձանց հետ, որոնց նա բնութագրել է որպես «շատ խելամիտ», և հավելել է, որ հակամարտության ընթացքում արդեն այնքան բարձր պաշտոնյաներ են սպանվել, որ «ինքնաբերաբար տեղի է ունենում ռեժիմի փոփոխություն»։
Նա լրագրողներին ասել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, ապա «պարզապես կշարունակեն ռմբակոծել որքան ուզեն»։
Իսրայելի բանակը հարվածել Հարավային Լիբանանը Բեքաայի արևելյան շրջանին կապող կամրջին։
Իսրայելի բանակը նախազգուշացրել էր, որ կհարվածի այդ կամրջին՝ պնդելով, որ այն օգտագործվում է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորման կողմից։
Լրագրողների հետ զրույցում Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ Իրանի հետ կիրակի օրը տեղի ունեցած քննարկումները շարունակվելու են նաև այսօր, և եթե բանակցությունները շարունակվեն արդյունավետ, ապա շատ շուտով կարող է կնքվել համաձայնագիր։
Դոնալդ Թրամփը նաև հավելել է, որ իր Մերձավոր Արևելքի հարցերով ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, մասնակցել են այդ բանակցություններին։
Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը, հղում անելով սեփական անանուն աղբյուրին, հայտնել է, որ Միացյալ Նահանգների հետ ուղղակի կամ անուղղակի շփումներ չկան, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարությանը Թեհրանի հետ «արդյունավետ» բանակցությունների մասին։
«Ֆարս»-ը նաև հայտնել է, որ Թրամփը հրաժարվել է իրանական էլեկտրակայանները թիրախավորելուց, այն բանից հետո, երբ Իրանը զգուշացրել է, որ ի պատասխան կհարվածի Արևմտյան Ասիայի էլեկտրակայաններին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր իր Truth սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին օրերին ունեցել են արդյունավետ բանակցություններ, և 5 օրով հետաձգում է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները։
«Ես ուրախ եմ հայտնել, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են շատ լավ և արդյունավետ բանակցություններ՝ Մերձավոր Արևելքում մեր թշնամական գործողությունների լիակատար և վերջնական կարգավորման վերաբերյալ։
Հաշվի առնելով այս խորքային, մանրամասն և կառուցողական քննարկումների ոճն ու տրամադրությունը, որոնք շարունակվելու են ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները՝ պայմանով, որ ընթացող հանդիպումներն ու քննարկումները հաջող ընթանան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իրանի դեմ ռազմական գործողությունների 4-րդ օրը ԱՄՆ նախագահն ասել էր, որ այդ գործողություններն անհրաժեշտության դեպքում կարող են շատ երկար տևել՝ Վաշինգտոնը պատրաստ է դրան: