Մատչելիության հղումներ

Թրամփը կշարունակի պաշտպանության ոլորտի համար հավելյալ 200 մլրդ դոլար պահանջել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է ցանկանալ հասնել պաշտպանության ոլորտի համար լրացուցիչ 200 մլրդ դոլարի ֆինանսավորման հատկացմանը։

«Միշտ էլ լավ է դա ունենալ, քանի որ աշխարհը հիմա շատ լարված է», - ասել է Թրամփը Ֆլորիդայում լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է համարում հասնել այդ գումարի հատկացմանը՝ հաշվի առնելով, որ ավելի վաղ հայտարարել էր Իրանի հետ հակամարտությունն ավարտելու մտադրության մասին։

Այսօր Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանի հետ արդյունավետ շփումներից հետո որոշել է հինգ օրով սառեցնել Իրանի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու ծրագրերը։

Ավելի վաղ CNN-ը տեղեկացրել էր, որ մոտ ժամանակներս ԱՄՆ նախագահը կարող է դիմել Կոնգրեսին՝ պաշտպանական կարիքների համար 200 մլրդ դոլար հատկացնելու խնդրանքով։ Հեռուստաալիքի աղբյուրների հավաստմամբ՝ դա իրականացնելը դժվար կլինի. Հանրապետական կուսակցությունում չեն հավատում, որ կունենան բավարար ձայներ այդ ֆինանսավորումը հաստատելու համար։ Նրանց խոսքով՝ նման քայլերի համար Սպիտակ տունը պետք է մշակի շատ ավելի մանրամասն ծրագիր։

XS
SM
MD
LG