Մատչելիության հղումներ

5 օրով հետաձգվում են Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները. Թրամփ

Լրացված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր իր Truth սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին օրերին ունեցել են արդյունավետ բանակցություններ, և 5 օրով հետաձգում է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները։

«Ես ուրախ եմ հայտնել, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են շատ լավ և արդյունավետ բանակցություններ՝ Մերձավոր Արևելքում մեր թշնամական գործողությունների լիակատար և վերջնական կարգավորման վերաբերյալ։

Հաշվի առնելով այս խորքային, մանրամասն և կառուցողական քննարկումների ոճն ու տրամադրությունը, որոնք շարունակվելու են ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները՝ պայմանով, որ ընթացող հանդիպումներն ու քննարկումները հաջող ընթանան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրագրողների հետ զրույցում էլ Դոնալդ Թրամփը նշել է, որ կիրակի օրը տեղի ունեցած քննարկումները շարունակվելու են նաև այսօր, և եթե բանակցությունները շարունակվեն արդյունավետ, ապա շատ շուտով կարող է կնքվել համաձայնագիր։

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ իր Մերձավոր Արևելքի հարցերով ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, մասնակցել են այդ բանակցություններին։

Իրանի դեմ ռազմական գործողությունների 4-րդ օրը ԱՄՆ նախագահն ասել էր, որ այդ գործողություններն անհրաժեշտության դեպքում կարող են շատ երկար տևել՝ Վաշինգտոնը պատրաստ է դրան:

Թրամփի այս հայտարարությունը հաջորդում է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ավելի վաղ արված նախազգուշացմանը, որ եթե ԱՄՆ նախագահն իրականացնի Իրանի էներգետիկ համակարգը «ոչնչացնելու» իր սպառնալիք, ապա իրենք կհարվածեն Իսրայելի էլեկտրակայաններին և այն օբյեկտներին, որոնք էներգիա են մատակարարում ԱՄՆ բազաներին Պարսից ծոցի տարածաշրջանում։

Պարսից ծոցի տարածաշրջանի էլեկտրական ցանցերի վրա հարվածների սպառնալիքը մեծացրել է խմելու ջրի աղազերծման համակարգերի զանգվածային խափանման վտանգը և լրացուցիչ ցնցումներ առաջացրել նավթի շուկաներում։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ որևէ համաձայնագիր չի կնքվի «անվերապահ կապիտուլյացիայից» բացի։


XS
SM
MD
LG