Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմենը հայտարարել է, որ չկա որևէ գնահատական, թե Իրանը թիրախավորում է Մեծ Բրիտանիայի հիմնական տարածքը։
Վարչապետ Սթարմերին հարց էին ուղղել՝ արդյո՞ք Մեծ Բրիտանիան կարող է թիրախ դառնալ Իրանի կողմից այն բանից հետո, երբ շաբաթավերջին հաղորդվել էր, որ Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող ԱՄՆ-Մեծ Բրիտանիա ռազմական բազայի՝ Դիեգո Գարսիայի ուղղությամբ։
Սթարմերը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը վերաբացելու ցանկացած փորձ պահանջում է մանրակրկիտ քննարկում և իրագործելի ծրագիր, և որ իր առաջնահերթ նպատակը բրիտանական շահերի պաշտպանությունն ու լարվածության նվազեցումն է։
Իրանը սպառնացել է ծովային ականներ տեղադրել Պարսից ծոցի տարածքում, եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարձակվեն որևէ ափի կամ կղզու վրա։
«Թշնամու կողմից Իրանի ափերի կամ կղզիների վրա հարձակման ցանկացած փորձ, բնականաբար, կհանգեցնի նրան, որ Պարսից ծոցում և առափնյա տարածքում բոլոր մուտքային ուղիներն ու հաղորդակցության գծերը կականապատվեն տարբեր տեսակի ծովային ականներով, այդ թվում՝ ափերից տեղակայվող լողացող ականներով», - նշված է երկրի պաշտպանության խորհրդի հայտարարությունում։
Իրանի Բուշեր ատոմակայանի մոտ Միացյալ Նահագների և Իսրայելի հարվածները չափազանց վտանգավոր են, և Ռուսաստանն իր մտահոգությունները փոխանցել է ԱՄՆ-ին։ Այսօր այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով՝ նման հարվածները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ լրացուցիչ մի շարք միջոցառումներ կկիրառվեն՝ Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքով էներգիայի գների աճը մեղմելու նպատակով։
Հեռուստատեսային ուղերձում Միցոտակիսը նշել է, որ կառավարությունն ապրիլ և մայիս ամիսների համար նախատեսել է 300 միլիոն եվրո աջակցություն՝ տնային տնտեսությունների և ֆերմերների համար։ Սուբսիդիաներն ուղղված են դիզելային վառելիքի, բենզինի և պարարտանյութերի արժեքի նվազեցմանը։ Նախաձեռնության մի մասը նաև նպատակ ունի զսպել կղզիներ գնացող լաստանավերի տոմսերի գների բարձրացումը։
Իրանն իր հերթին այսօր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Երեկ էլ հրթիռակոծել էր իսրայելական Արադ և Դիմոնայ քաղաքները, հաղորդվում է 130-ից ավելի վիրավորի մասին:
Իրանը նաև շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազային և Բահրեյնում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմին:
Չնայած չդադարող հարվածներին՝ Թեհրանում երեկոյան հանրահավաք է անցկացվել, որի մասնակիցներն աջակցություն են հայտնել կառավարությանը և նշել, թե ԱՄՆ-ը և Իսրայելը ոչ մի բանի չեն հասել այս պատերազմով:
Այսօր հարձակման են ենթարկվել Իրանի Թեհրան, Խորամաբադ, Ահվազ, Ուրմիա և Թավրիզ քաղաքները, կան զոհեր և վիրավորներ:
Բանդար Աբբասում ռադիոկայանի աշխատակից է սպանվել:
ԱՄՆ զինուժը հայտարարել է, որ հարվածել է Ղոմ նահանգում գտնվող տուրբինային շարժիչների արտադրամասի, որը բաղադրիչներ է ապահովում անօդաչուների և ինքնաթիռների համար։
Պատերազմն ու Հորմուզի նեղուցի փակ լինելը շարունակում են ցնցել համաշխարհային շուկաները: Brent տեսակի նավթը դեռ վաճառվում է բարձր՝ մոտ 107 դոլարով մեկ բարելի դիմաց:
Ոսկու գինն այսօր կտրուկ՝ 6 տոկոսի անկում է գրանցել և վաճառվում է մեկ ունցիան 4,214 դոլարով, ինչը անցած տարվա դեկտեմբերի 11-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է:
Միջազգային էներգետիկ գործակալությունն ավելի վաղ զգուշացրել է, որ աշխարհը բախվում է ավելի վատ էներգետիկ ճգնաժամի, քան 1970-ականներին նավթի շուկայի ցնցումներն ու Ուկրաինայի պատերազմի հետևանքները միասին վերցրած։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ 22 երկիր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամներ, համակարգում են ջանքերը՝ վերաբացելու Հորմուզի նեղուցը:
Հայաստանն Իրանին հումանիտար օգնություն է ուղարկել, հիմնականում՝ դեղորայքի տեսքով, ԱԺ-ում հայտնեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ այդ մասին ավելի վաղ չեն հայտարարել, քանի որ «շեփորահարելու անհրաժեշտություն չեն տեսել»:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ազգային արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությունը հայտնում է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը «ներկայումս արձագանքում են հրթիռային սպառնալիքին»։
Վարչությունը կոչ է անում հանրությանը «մնալ անվտանգ վայրում»։