Հորմուզի նեղուցը փակ չէ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, թե նավերը տատանվում են, քանի որ ապահովագրողները վախենում են պատերազմից:
«Նավարկության ազատությունը չի կարող գոյություն ունենալ առանց առևտրի ազատության։ Հարգեք երկուսն էլ, հակառակ դեպքում՝ ոչ մեկն էլ չեք ունենա», - նշել է նա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, Հորմուզի նեղուցի վերաբացման անհրաժեշտությունը՝ համաշխարհային նավագնացության վերսկսման համար:
Միջազգային էներգետիկ գործակալությունը խորհրդակցություններ է անցկացնում Ասիայի և Եվրոպայի երկրների կառավարությունների հետ անհրաժեշտության դեպքում նավթի պաշարների ավելացման հարցի շուրջ՝ Իրանի պատերազմի ֆոնին, հայտարարել է գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը:
«Մենք կուսումնասիրենք պայմանները, կվերլուծենք, կգնահատենք շուկաները և կքննարկենք դա մեր մասնակից երկրների հետ»,-ասել է Բիրոլը:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկու բալիստիկ հրթիռ է արձակվել Էր Ռիադի ուղղությամբ, որոնցից մեկը հնարավոր է եղել որսալ, իսկ մյուսն ընկել է անմարդաբնակ տարածքում։
Իրանն ամբողջությամբ կփակի Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ նախագահը իրանական էներգետիկ օբյեկտները թիրախավորելու սպառնալիքներն իրագործի
Այս մասին ասված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունում:
Հայտարարության մեջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև նշել է, որ ԱՄՆ բաժնետոմսեր ունեցող ընկերությունները «լիովին կոչնչացվեն», եթե Իրանի էներգետիկ օբյեկտները դառնան Վաշինգտոնի թիրախը, իսկ այն երկրների էներգետիկ օբյեկտները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաները, կդառնան «օրինական» թիրախներ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի և Եգիպտոսի գործընկերների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրամիության պաշտոնյաների հետ քննարկել է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմը դադարեցնելու քայլերը, այս մասին այսօր հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Ըստ աղբյուրի, Ֆիդանը առանձին զանգեր է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի, Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելաթիի, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասի և ԱՄՆ պաշտոնյաների հետ: Լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում:
Կալլասն ու Արաղչին հեախոսազրույց են ունեցել
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, այս մասին Reuters-ին հայտնել է ԵՄ պաշտոնյան։
Մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Իրանի խորհրդարանի խոսնակը սպառնում է «ոչնչացնել» տարածաշրջանի ենթակառուցվածքները, եթե իրենք հարձակման ենթարկվեն
«Մեր երկրի էլեկտրակայանների և ենթակառուցվածքների թիրախավորումից անմիջապես հետո, կենսականորեն կարևոր ենթակառուցվածքները, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքները կհամարվեն օրինական թիրախներ և անդառնալիորեն կոչնչացվեն», - X-ում արված գրառմամբ ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Նա զգուշացրել է, որ այդ դեպքում նավթի գները «երկար ժամանակով կբարձրանան»։
Իրանի կարևորագույն ջրային և էներգետիկ ենթակառուցվածքները մեծ վնաս են կրել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով, այսօր այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարը՝ հավելելով, որ ջանքեր են գործադրվում վնասը վերականգնելու համար։
Իրանի հրթիռային հարվածների հետևանքով Իսրայելի երկու քաղաքներում ավելի քան 100 մարդ վիրավորվել է
Հաղորդվում է, որ Արադ քաղաքում վիրավորվել է 84 մարդ, որոնցից 10-ը ծանր վիճակում են, մոտակա Դիմոնայում վիրավորվել է 33 մարդ։
«Հակաօդային պաշտպանության համակարգերը գործել են, բայց չեն որսացել հրթիռը, մենք կհետաքննենք միջադեպը և դասեր կքաղենք դրանից», - X-ում գրել է Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը:
Հարավում տեղի ունեցած հարվածներից հետո Իսրայելի կրթության նախարարությունը հրամայել է բոլոր դասարաններն անցնեն առցանց ուսուցման:
«Շատ ծանր երեկոյից» հետո՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Իրանին և նրա դաշնակիցներին: