Մատչելիության հղումներ

եթերում Թրամփը երկարաձգում է Իրանի հետ հրադադարը, շրջափակումը կշարունակվի

Գլխավորը՝ համառոտ

10:01 22.3.2026

Թրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզը բացելու համար

«Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում ամբողջովին չբացի Հորմուզի նեղուցն առանց սպառնալիքի, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները՝ սկսելով ամենամեծից»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը սահմանափակումներ է սահմանել միայն Իրանի դեմ հարձակումներին մասնակցող երկրների նավերի համար և կօգնի այն երկրներին, որոնք կխուսափեն հակամարտությունից։

23:20 21.3.2026

Իրանը Իսրայելի Դիմոնա քաղաքի վրա հրթիռային հարձակում է իրականացրել

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Իսրայելի Դիմոնա քաղաքի վրա հրթիռային հարձակումը, որտեղ գտնվում է միջուկային օբյեկտ, «պատասխան» էր Նաթանզում գտնվող Իրանի սեփական միջուկային օբյեկտի վրա ավելի վաղ հասցված հարվածին։


21:27 21.3.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակավոր չեղարկել է իրանական նավթի ծովային գնումների նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկզբից ի վեր էներգամատակարարման ճնշումը մեղմելու համար։

«Միացյալ Նահանգները մոտ 140 միլիոն բարել նավթ կհասցնի համաշխարհային շուկաներ՝ օգնելով մեղմել Իրանի կողմից մատակարարման վրա առաջացած ժամանակավոր ճնշումները», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:

17:30 21.3.2026

Ռուսաստանը Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Նովրուզի կապակցությամբ և նշել, որ Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ ընկերն ու հուսալի գործընկերը, հայտնել է Կրեմլը:

«Վլադիմիր Պուտինը Իրանի ժողովրդին մաղթել է արժանապատվորեն հաղթահարել ծանր փորձությունները և ընդգծել, որ այս դժվարին ժամանակահատվածում Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ ընկերը և հուսալի գործընկերը»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում:

16:53 21.3.2026

Ռուսաստանը դատապարտում է Իրանի Նաթանզի օբյեկտի վրա հարձակումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է շաբաթ օրը Իրանի Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի վրա տեղի ունեցած հարձակումը։

«Սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է», - հայտարարության մեջ ասել է նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

15:59 21.3.2026

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ում արված գրառմամբ տեղեկացրել է, որ խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Մոդին դատապարտել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ միաժամանակ վերահաստատելով նավագնացության ուղիների բաց և անվտանգ մնալու կարևորությունը։

15:37 21.3.2026

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում՝ սկսած կիրակի օրվանից, Միացյալ Նահանգները և Իսրայելը կուժեղացնեն Իրանի դեմ իրենց հարվածները:

«Այս շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական ահաբեկչական ռեժիմի և դրա վրա հիմնված ենթակառուցվածքների դեմ իրականացվող հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կաճի», - պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությում ընդգծել է Կացը:

13:48 21.3.2026

ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ առավոտյան հարձակում են սկսել Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի վրա, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

«Թասնիմ»-ը հավելել է, որ ռադիոակտիվ նյութերի արտահոսք տեղի չի ունեցել, և տարածքի մոտակայքում գտնվող բնակիչները վտանգի տակ չեն եղել։

11:57 21.3.2026

Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբ, հաղորդում է կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Իրանը երկու միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել բազայի ուղղությամբ, սակայն դրանք չեն խոցել այն։

Իրանական «Մեհրը» նշել է, որ բազայի վրա հարձակումը «նշանակալի քայլ էր ... որը ցույց է տալիս, որ Իրանի հրթիռների հեռահարությունը գերազանցում է թշնամու նախկինում պատկերացրածը»։

10:19 21.3.2026

Իրանը պատրաստ է ճապոնական նավերին թույլ տալ անցնել Հորմուզի նեղուցով, որը կարևորագույն ճանապարհ է համաշխարհային նավթի մատակարարման համար, հաղորդում է Kyodo news-ը՝ հղում անելով Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։

Թեհրանը բանակցություններ է սկսել Տոկիոյի հետ, այդ թվում՝ արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգիի հետ, նեղուցի հնարավոր բացման վերաբերյալ, ուրբաթ օրը ճապոնական լրատվական գործակալությանը տված հեռախոսային հարցազրույցում ասել է Արաղչին։

Ճապոնիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունները, ինչպես նաև վարչապետի գրասենյակը չեն պատասխանել Reuters-ի զանգերին՝ այս հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG