Իրանը նոր հոգևոր գերագույն առաջնորդ ունի՝ Մոջթաբա Խամենեին, ով այս պաշտոնում փոխարինելու է իր հորը՝ սպանված այաթոլլահ Ալի Խամենեիին:
Նոր ղեկավարի ընտրության համար պատասխանատու Իրանի փորձագետների խորհուրդը մարտի 8-ին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության սուրբ համակարգի երրորդ գերագույն առաջնորդ է նշանակվել այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին:
Որպես գերագույն առաջնորդ՝ Մոջթաբա Խամենեին կունենա վերջնական խոսքի իրավունք բոլոր քաղաքական և ռազմական հարցերում և կկրի գրեթե բռնապետական լիազորություններ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մերժել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմում հրադադարի հնարավորությունը՝ հայտարարելով, որ պետք է լինի հակամարտության «մշտական ավարտ»։
NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արաղչին պնդել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «հրադադար են պահանջում»: «Սա տեղի չի ունենալու:Պատերազմը պետք է ունենա մշտական ավարտ, և մինչև այդ կետին հասնելը, կարծում եմ, պետք է շարունակենք պայքարը մեր ժողովրդի անվտանգության համար»։
Հռոմի պապ Լևոն 14-րդը հայտարարել է, որ Իրանից և ամբողջ Մերձավոր Արևելքից շարունակում են հասնել մտահոգիչ լուրեր՝ կոչ անելով դադարեցնել բռնությունը և նոր ջանքեր գործադրել երկխոսության ուղղությամբ։
Նա զգուշացրել է, որ հակամարտությունը սնուցում է վախ և ատելություն և մտահոգություն հայտնել, որ այն կարող է ավելի տարածվել։
«Բռնության և ավերածությունների դրվագների, ինչպես նաև ատելության ու վախի տարածված մթնոլորտի հետ մեկտեղ աճում է նաև մտահոգությունը, որ հակամարտությունը կարող է տարածվել, և տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում՝ Լիբանանը, կարող են կրկին ընկնել անկայունության մեջ», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Հռոմի պապը:
Իրանը շարունակել է պատասխան հարձակումները Պարսից ծոցում ԱՄՆ բազաներ տեղակայող արաբական երկրների վրա՝ թիրախավորելով Քուվեյթի միջազգային օդանավակայանը և Բահրեյնում գտնվող աղազրկման գործարանը։
Վերջին հարձակումների հետևանքով զոհվել է երկու քուվեյթցի սահմանապահ: Պարսից ծոցի հարավային երկրում հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հաղորդում է AFP լրատվական գործակալությունը:
Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունըհայտարարել է, որ իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո թիրախավորվել է երկրում գտնվող աղազրկման գործարանը։
Բահրեյնը մեղադրել է Թեհրանին քաղաքացիական ենթակառուցվածքները դիտավորյալ թիրախավորելու մեջ։
Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է ՀՀ 54 քաղաքացու անվճար տեղափոխումն Օման, հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:
ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկել են Իրան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը՝ բարձր հարստացված ուրանի պաշարների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի նշմամբ՝ դա կարող է տեղի ունենալ պատերազմի ավելի ուշ փուլում, երբ երկու երկրներն էլ համոզվեն, որ իրանական բանակը այլևս լուրջ սպառնալիք չի ներկայացնում։
Ըստ Axios-ի՝ քննարկվել են երկու տարբերակ՝ ամբողջությամբ դուրս բերել հարստացված ուրանը երկրից, կամ ներգրավել միջուկային էներգետիկայի փորձագետների, որպեսզի այն տեղում նոսրացնեն։
Մեծամասնության համաձայնություն է ձեռք բերվել Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի վերաբերյալ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Փորձագետների ժողովի անդամ այաթոլլահ Մոհամմադմեհդի Միրբաքերին:
Mehr-ի հաղորդմամբ՝ նա ասել է, որ գործընթացի հետ կապված «որոշ խոչընդոտներ» դեռ պետք է լուծվեն։ Այլ մանրամասներ չի նշել:
ԱՄՆ-ը և Իսրայելը գիշերվա ընթացքում հարվածել են Թեհրանում և մոտակայքում գտնվող հինգ նավթային օբյեկտների։ Իրանի ազգային նավթամթերքների բաշխման ընկերության գործադիր տնօրեն Քերամատ Վեյսկարամին Պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ զոհվել է չորս մարդ։
«Մեր անձնակազմի չորս անդամ, այդ թվում՝ երկու նավթատարի վարորդներ, զոհվել են միջադեպի հետևանքով», - ասել է նա՝ նշելով, որ օբյեկտները «վնասվել են», բայց «հրդեհը վերահսկողության տակ է վերցվել»։
Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով Բեյրութում զոհվել է առնվազն չորս մարդ, հայտնում է Reuters-ը: Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորել է Լիբանանի մայրաքաղաքում գործող իրանցի հրամանատարներին։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Բեյրութի Ռաուչ շրջանի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է նաև 10 մարդ։
Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորել է Իրանի «Հեղափոխության պահապանների» էլիտար «Քուդս» ուժերի հիմնական հրամանատարներին, սակայն նրանց անունները չի նշել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում, որ էթնիկ քրդերը ցամաքային հարձակում սկսեն Իրանի ռեժիմի դեմ՝ ասելով, որ չի ցանկանում տեսնել, թե ինչպես են նրանք «վիրավորվում և սպանվում»։
«Ինչպես գիտեք, մենք շատ բարեկամական ենք քրդերի հետ, բայց չենք ուզում պատերազմն ավելի բարդ դարձնել, քան այն արդեն իսկ կա: Այո, ես դա բացառել եմ։ Ես չեմ ուզում, որ քրդերը մտնեն։ Ես չեմ ուզում, որ քրդերը վիրավորվեն և սպանվեն: Նրանք պատրաստ են մտնել, բայց ես նրանց ասել եմ, որ չեմ ուզում, որ նրանք մտնեն։ Պատերազմը բավականին բարդ է առանց քրդերի ներգրավման», - նշել է Թրամփը։