Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկել են Իրան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը. Axios

ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկել են Իրան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը՝ բարձր հարստացված ուրանի պաշարների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի նշմամբ՝ դա կարող է տեղի ունենալ պատերազմի ավելի ուշ փուլում, երբ երկու երկրներն էլ համոզվեն, որ իրանական բանակը այլևս լուրջ սպառնալիք չի ներկայացնում։

Ըստ Axios-ի՝ քննարկվել են երկու տարբերակ՝ ամբողջությամբ դուրս բերել հարստացված ուրանը երկրից, կամ ներգրավել միջուկային էներգետիկայի փորձագետների, որպեսզի այն տեղում նոսրացնեն։

2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով ուրանի պաշարները հայտնվել են փլատակների տակ։ Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները պնդում են, որ այդ ժամանակից ի վեր իրանցիներն իրենք էլ չեն կարողացել հասնել դրանց։ Նրանց տվյալներով՝ միջուկային վառելիքի մեծ մասը գտնվում է ԻրանիIsfahan քաղաքում գտնվող օբյեկտներից մեկի ստորգետնյա թունելներում, իսկ մնացած պաշարները բաշխված են Ֆորդոյի և Նաթանզի բունկերներում։

Միևնույն ժամանակ, ըստ The New York Times-ի, Իրանը կարող է մուտք ստանալ Իսֆահանում գտնվող հարստացված ուրանի պաշարներին նեղ թունելի միջոցով։ Թերթը, հղում անելով հետախուզական տվյալներին ծանոթ աղբյուրներին, գրում է, որ փետրվարին արված արբանյակային լուսանկարներում երևում են լայնածավալ հողային աշխատանքներ թունելների մի քանի մուտքերի մոտ։ Սակայն պարզ չէ՝ հողը դուրս է բերվել օբյեկտից, թե օգտագործվել է թունելների մուտքերը ապագա հարվածներից պաշտպանելու համար։ Նաև պարզ չէ, թե որքան արագ կկարողանա Իրանը տեղափոխել գազային վիճակում գտնվող ուրանը։





XS
SM
MD
LG