Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունն «ամենախիստ կերպով» դատապարտել է երկրում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումը՝ այն անվանելով «դավաճանական» և «բոլոր միջազգային նորմերի և օրենքների կոպիտ խախտում»։
«Նախարարությունը վերահաստատում է Քուվեյթի պետության իրավունքը՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցներն ու գործողությունները՝ իր անվտանգությունը, իր տարածքների, իր քաղաքացիների և բնակիչների անվտանգությունը պաշտպանելու համար», - ասվում է հայտարարությունում:
Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը հարձակման էր ենթարկվել երեկ:
Արաբական Միացյալ Էմիրություններում Իրանի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 68 մարդ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության խոսնակը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարում է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով վնասվել է իրանական Նաթանզ քաղաքի մերձակայքում գտնվող միջուկային օբյեկտը։ Այս մասին նշված է գործակալության X-ի օգտահաշվում։
«Այս պահին հասանելի արբանյակային լուսանկարների հիման վրա գործակալությունը կարող է հաստատել, որ վնասվել է Նաթանզում գտնվող ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի մուտքը։ Բուն գործարանը հարվածների հետևանքով չի տուժել, ուստի ռադիացիոն ֆոնի փոփոխություններ չեն ակնկալվում», - պնդում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները։
Կատարում Իրանի թիրախները միայն ռազմական չեն, թիրախում է հայտնվել երկրի ողջ տարածքը, հայտարարել է Կատարի արտգործնախարարության խոսնակը:
Մաջեդ ալ-Անսարին ասել է, որ նույնիսկ Համադի միջազգային օդանավակայանին հարվածելու փորձեր են եղել, որոնք ձախողվել են։
Իրանը նաև Կատարին չի տեղեկացրել սպասվող հրթիռային հարձակումների մասին, ասել է նա։
Կատարը ապացուցել է, որ ոչ ոք չի կարող իրեն սպառնալ, ընդգծել է ալ-Անսարին: «Մենք լիովին պատրաստ ենք, նման հարձակումներն անպատասխան չեն մնա», - նշել է նա։
Կատարի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ երեկ իրանական երկու կործանիչները մտել էին Կատարի օդային տարածք՝ չնայած նախազգուշացմանը, և խոցվել են դեպի Դոհա ճանապարհին: Կատարը դեռևս փնտրում է դրանց անձնակազմին, հայտնել է ալ-Անսարին։
Թուրքիան բանակցություններ է վարում բոլոր կողմերի հետ՝ Իրանում պատերազմը դադարեցնելու և բանակցություններին վերադարձի նպատակով, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ Անկարան ակտիվ շփումների մեջ է Օմանի կառավարության հետ, որն, ըստ Ֆիդանի, «ևս փորձում է որևէ արդյունքի հասնել»։
Ռուսաստանը դեռ որևէ ապացույց չի տեսել, որ Իրանը միջուկային զենք է մշակում, մինչդեռ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են իրենց հարձակումները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
«Մենք դեռ որևէ ապացույց չենք տեսնում, որ Իրանը միջուկային զենք է մշակում, ինչը պատերազմի հիմնական, եթե ոչ միակ արդարացումն էր», - Բրունեյում հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի գլխավոր դիվանագետն ասել է, որ Իրանի վրա հարձակումների հետևանքներն զգացվում են ամբողջ տարածաշրջանում, և արաբական երկրները տնտեսական վնասներ և կորուստներ են կրում։
Իսրայելի զինված ուժերը հարկադիր տարհանման զգուշացում են տարածել հարավային Լիբանանի 59 քաղաքներում և գյուղերում՝ Լիբանանի և Իրանի դեմ պատերազմի սրման ֆոնին։
Իսրայելի բանակը այս բնակավայրերի բնակիչներին հորդորել է լքել իրենց տները՝ զգուշացնելով, որ շուտով միջոցներ կձեռնարկի «Հեզբոլա»-ի դեմ:
Հրամանները վերաբերում են հարավի երկու տասնյակից ավելի քաղաքների,
և փաստացի ընդլայնվում է այն տարածքը, որն անխուսափելի ռազմական գործողությունների սպառնալիքի տակ է հայտնվում:
Սաուդյան Արաբիան դատապարտել է Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա Իրանի հարձակումը՝ նշելով, որ այն «դավաճանական» քայլ է:
Էր Ռիադը նաև նշել է, որ թագավորությունը վերահաստատում է իր իրավունքը՝ ձեռնարկելու բոլոր միջոցները երկիրը և երկրի շահերը պաշտպանելու համար, ներառյալ ցանկացած ագրեսիայի պատասխանելու հնարավորությունը։
Իսրայելի «Channel 12»-ը հաղորդում է, որ բեկորային մարտագլխիկով հրթիռը հարվածել է Իսրայելի կենտրոնական Պետահ քաղաքին։
Times of Israel-ը հաղորդում է, որ իրանական հրթիռի բեկորները վնասներ են պատճառել, սակայն մանրամասներ չի հաղորդում։ Վիրավորների մասին ևս չի հաղորդվում:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) հայտնում է, որ Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև բախումների հետևանքով երկուշաբթից ի վեր Լիբանանում առնվազն 30 հազար տեղահանված անձ ապաստան և պաշտպանություն է փնտրում:
«Շատերը գիշերել են իրենց ավտոմեքենաներում՝ ճանապարհների եզրին, կամ դեռ արգելափակված էին ճանապարհների խցանումներում», - ասել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի խոսնակ Բաբար Բալոչը։