Մատչելիության հղումներ

եթերում Թրամփը երկարաձգում է Իրանի հետ հրադադարը, շրջափակումը կշարունակվի

Գլխավորը՝ համառոտ

15:55 3.3.2026

Մերձավոր Արևելքում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին նավթի գինը միջազգային շուկաներում շարունակում է աճել։

Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի բորսայում աճել է շուրջ 5 դոլարով (6 տոկոս)՝ հասնելով 82․68 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Սա Brent տեսակի նավթի ամենաբարձր գինն է 2024 թվականի հուլիսից ի վեր։

Մոտ 7 տոկոսով աճել է նաև WTI տեսակի նավթի գինը՝ հասնելով 75.91 դոլար մեկ բարելի դիմաց ցուցանիշին։

14:59 3.3.2026

«Իրանի դեմ սանձազերծված պատերազմը կարող է խթանել միջուկային զենքի ստեղծմանն ուղղված ջանքերը, և ոչ միայն Իրանում», - այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այդպիսի խթաններ անմիջապես ի հայտ կգան Իրանին սահմանակից արաբական երկրներում։ Այդ իսկ պատճառով միջուկային զենքի տարածումը կանխելու մղումով մեկնարկած պատերազմը կարող է տրամագծորեն հակառակ միտումները խթանել», - հայտարարել է Լավրովը։

14:36 3.3.2026

Իսրայելի բանակը հայտնել է, որ բազմաթիվ հարվածներ է հասցրել Իրանի նախագահի նստավայրի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքերի վրա։ Հարվածել են նաև ռազմական ուսհաստատության և «ռեժիմի լրացուցիչ կարևոր ենթակառուցվածքների»։

14:13 3.3.2026

Չինական խոշոր նավթավերամշակողներից մեկը փակել է արտադրամասերից մեկը, որը նավթ էր գնում Սաուդյան Արաբիայի Saudi Aramco-ից: Սաուդական հսկան անօդաչուի հարվածից հետո կասեցրել էր գործունեությունը:

Հնդկական ընկերություններն էլ կրճատել են գազի մատակարարումը արդյունաբերական ձեռնարկություններին, երբ Կատարը դադարեցրեց հեղուկ բնական գազի արտադրությունը։

14:11 3.3.2026

Ըստ Mehr գործակալության՝ Իրանի արևմտյան Համադան քաղաքում սպանվել է առնվազն հինգ, վիրավորվել 25 խաղաղ բնակիչ:

Իրանի բանակի հաղորդմամբ՝ Քերման նահանգում գտնվող ռազմաբազային հասցված հարվածից 13 զինվոր է զոհվել: Ռազմաօդային ուժերի և նավատորմի հինգ անդամ էլ, ըստ ISNA գործակալության, զոհվել է Բուշեհր նահանգում: Պայթյուններ են լսվել նաև Սպահանում և Շիրազում:

13:21 3.3.2026

«Չգիտենք՝ երբ կբացվի օդային տարածքը». չեղարկված թռիչքի պատճառով հայերն Աբու Դաբիում են մնացել

13:19 3.3.2026

Իրանում Իսրայելի և Միացյալ Նահանգների համատեղ օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի։ Այս մասին հաղորդում են Իրանի պետական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իսլամական հանրապետության Կարմիր մահիկի կոմիտեն։

Զոհերից 180-ը, ըստ պաշտոնական Թեհրանի, զոհվել են Մինաբ քաղաքի տարրական դպրոցին հասցված իսրայելական հարվածի հետևանքով։

13:17 3.3.2026

«Քաթարի և Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները ակտիվ մասնավոր շփումներ են սկսել իրենց դաշնակիցների հետ՝ Իրանի շուրջ ռազմական գործողությունները հնարավորինս արագորեն դադարեցնելու նպատակով», - գրում է Bloomberg գործակալությունը՝ սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պարսից ծոցի երկու պետությունները, դաշնակիցների միջոցով, փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի Վաշինգտոնը Իրանի հետ որոշակի փոխզիջման գնա և կողմերի միջև հրադադար հաստատվի։

«Քաթարն ու ԱՄԷ-ն փորձում են մեծ կոալիցիա ձևավորել՝ շուտափույթ դիվանագիտական լուծումների հասնելու նպատակով։ Դա, ըստ արաբական միապետությունների ներկայացուցիչների, թույլ կտա կանխել տարածաշրջանային հետագա էսկալացիան, ինչպես նաև միջազգային շուկայում էներգակիրների երկարաժամկետ գնաճը», - գրում է Bloomberg-ը։

12:48 3.3.2026

Իսրայելի զորքերն անցած գիշեր հատել են Լիբանանի հետ սահմանը՝ խորանալով հարևան երկրի տարածքում։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը՝ նշելով, որ իսրայելցի զինվորականները այդ քայլին են դիմել «առաջնագծի ամրապնդման նպատակով»։

12:23 3.3.2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պաշտպանել է Վաշինգտոնի որոշումը՝ հարվածելու իրանական թիրախներին, այն որակելով որպես կանխարգելիչ քայլ և «անխուսափելի սպառնալիքի» պատասխան: Նա զգուշացրել է, որ «ամենածանր հարվածները դեռ սպասվում են ԱՄՆ զինված ուժերի կողմից»։

«Անկասկած, անխուսափելի սպառնալիք կար», - Վաշինգտոնում լրագրողներին ասել է Ռուբիոն։

«Մենք գիտեինք, որ Իսրայելի գործողություն է լինելու։ Մենք գիտեինք, որ դա կհանգեցնի ամերիկյան ուժերի դեմ հարձակման», -նշել է նա՝ հավելելով. «Եթե մենք կանխարգելիչ կերպով չհետապնդեինք նրանց, նախքան նրանք կսկսեին այդ հարձակումները, մենք ավելի մեծ զոհեր կունենայինք։ Սա պետք է տեղի ունենար՝ անկախ ամեն ինչից»։

Ռուբիոյի հայտարարությանը ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ ԱՄՆ պետքարտուղարի մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն «մտել է Իսրայելի անունից ընտրովի պատերազմի մեջ»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG