Մատչելիության հղումներ

եթերում Հաղորդվում է Իրանում, Լիբանանում և Իսրայելում նոր հարձակումների մասին

Գլխավորը՝ համառոտ

21:46 2.3.2026

«Հեզբոլա»-ն Լիբանանի վարչապետին մեղադրել Իսրայելի նկատմամբ «անզորություն» դրսևորելու համար

«Հեզբոլա»-ն դատապարտել է երկրի կառավարությանը, այն բանից հետո, երբ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարեց, որ շարժման ռազմական գործունեությունն արգելված է։

Սալամի հայտարարությունը հնչեց մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իսրայելը պատասխանեց Իրանի աջակցությունն ստացող ու Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման՝ ավելի վաղ հրթիռներով ու անօդաչուներով իրականացրած հարձակմանն ու Բեյրութի հարավային արվարձաններին ավիահարվածներ հասցրեց։

«Մենք հասկանում ենք Լիբանանի կառավարության անզորությունը սիոնիստական դաժան թշնամու առջև, որը խախտում է ազգային ինքնիշխանությունը, օկուպացնում է հողերը և շարունակական սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգությանն ու կայունությանը», - հայտարարել է «Հեզբոլա»-ն՝ հավելելով, որ կառավարության իրավունքն է որոշել՝ պատերազմ է ցանկանում, թե խաղաղություն։

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս ակնհայտ թուլությունն ու թերությունը, մենք որևէ պատճառ չենք տեսնում, որ վարչապետ Սալամը և նրա կառավարությունը նման ագրեսիվ միջոցներ ձեռնարկեն օկուպացիան մերժող լիբանանցիների դեմ», - նշվում է հայտարարությունում։

Շարժման հայտարարությունում նաև ասվում է, որ «Հեզբոլա»-ի արձագանքը Իսրայելին «լիբանանյան պատրանքային անվտանգությանն ու խաղաղությանը հասնելու միջոցն է»։


21:43 2.3.2026

Մերձավոր Արևելքում պատերազմը մարդկանց «լուրջ վտանգի» է ենթարկում․ Կարմիր խաչ

Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմը լուրջ վտանգի է ենթարկում խաղաղ բնակչությանը, զգուշացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Միրյանա Սպոլյարիչը։

«Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ընդլայնումը լուրջ վտանգի տակ է դնում քաղաքացիական բնակչության կյանքը», - ասվում է Սպոլյարիչի հայտարարությունում, որը հրապարակվել է կազմակերպության X-ի էջում։

«Մերձավոր Արևելքում ծավալվող խոշոր ռազմական գործողությունների մասշտաբները վտանգում են տարածաշրջանը և դրանից դուրս երկրները ներքաշել ևս մեկ լայնածավալ զինված հակամարտության մեջ, որը ոչ մի մարդասիրական օգնություն չի կարողանա հաղթահարել», - ասվում է հայտարարությունում։

21:40 2.3.2026


FlyOne ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվել է Օման, Հայաստանի քաղաքացիներն այդ ինքնաթիռով կվերադառնան Հայաստան։

Ավելի վաղ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր՝ թռիչքների չեղարկման պատճառով Աբու Դաբիում մնացած քաղաքացիների տեղափոխումը կազմակերպելու համար թռիչք նախապատրաստելու աշխատանքների մասին։

Թե քանի քաղաքացի այդ ինքնաթիռով Հայաստան կվերադառնա, Քաղավիացիայի կոմիտեն տվյալներ չունի։

21:36 2.3.2026

Իրանի դեմ պատերազմը կարող է երկար տևել, ԱՄՆ-ն պատրաստ է․ Թրամփ

Իրանի դեմ ռազմական գործողությունները անհրաժեշտության դեպքում կարող են շատ երկար տևել, ԱՄՆ-ն պատրաստ է դրան, հայտարարել է Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև մեղադրել է նախորդ Բարաք Օբամայի վարչակազմին, որը, ըստ նրա, Իրանին թույլ է տվել զարգացնել իր միջուկային ծրագիրը։ Արդյունքում Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել, եթե ԱՄՆ-ն չմիջամտեր։

Թրամփը նշել է, որ ռազմական գործողությունների նպատակն է նաև ապահովել, որ Իրանը չկարողանա ֆինանսավորել կամ ուղղորդել բանակներ իր սահմաններից դուրս։

21:26 2.3.2026

Իրանի կառավարությունը ժողովրդին կոչ է արել այսօր երեկոյան հավաքվել մայրաքաղաքում՝ շարունակվող հարձակումների ժամանակ Իսլամական Հանրապետությանը աջակցություն ցուցաբերելու համար։

Հանրահավաքը նաև նպատակ ունի շաբաթ օրը ԱՄՆ-ի կամ Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակին հարգանքի տուրք մատուցել։

Կոչը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ։


21:24 2.3.2026

Իսրայելի և ԱՄՆ հարվածների ժամանակ հարձակման է ենթարկվել իրանական ինը հիվանդանոց, որոնցից հինգը՝ Թեհրանում, չորսը՝ այլ քաղաքներում: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի պատգամավոր, առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ֆաթեմե Մոհամմադ Բեյղին։

Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բեյղին տեղեկացրել է, որ Թեհրանում գտնվող Գանդիի անվան հիվանդանոցն ամբողջությամբ տարհանվել է, իսկ հիվանդները տեղափոխվել են այլ հաստատություններ։

21:15 2.3.2026

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ չնայած թույլատրել է բրիտանական բազաների օգտագործումը ԱՄՆ-ի կողմից Իրանի հարձակումներին ի պատասխան, իրենք չեն միանում Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումներին։

«Մենք չենք միանում ԱՄՆ-Իսրայել հարձակողական հարվածներին։ Մեր որոշման հիմքում ընկած է վաղեմի բարեկամներ և դաշնակիցների կոլեկտիվ ինքնապաշտպանությունը և բրիտանացիների կյանքի պաշտպանությունը», - ասել է Քիր Սթարմերը։

21:10 2.3.2026
21:09 2.3.2026

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրանական հրթիռներն ու անօդաչուները Իսրայելի Բեեր Շեբա քաղաքում հարվածել են Իսրայելի բանակին պատկանող կապի համալիրին, հաղորդում է Tasnim–ը։

Գործակալությունն ավելի ուշ հրապարակել է լուսանկար՝ նշելով, որ դրանում պատկերված է թիրախավորված շենքը, «որտեղ տեղակայված են խոշոր միջազգային ընկերություններ, այդ թվում՝ Microsoft-ը»:

20:58 2.3.2026

Կատարը իրանական երկու կործանիչ է խոցել

Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը «հաջողությամբ խոցել են» Իրանից եկող երկու կործանիչ։

Նախարարության հայտարարությունում ասվում է, որ ռազմածովային և հակաօդային պաշտպանության համակարգերը նաև խոցել են յոթ բալիստիկ հրթիռ և հինգ իրանական անօդաչու թռչող սարք։

«Սպառնալիքը վերացվել է հայտնաբերումից անմիջապես հետո՝ օպերատիվ պլանի համաձայն, բոլոր հրթիռները խոցվել են նախքան իրենց նշանակետին հասնելը», - ասվում է հաղորդագրությունում։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG