Մատչելիության հղումներ

եթերում Պատերազմը շարունակում է ցնցել համաշխարհային տնտեսությունը

Գլխավորը՝ համառոտ

21:26 28.2.2026

Ռազմական էսկալացիան, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգությանն ու կայունությանը, խորը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

«Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը, և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ», - նշել է Բաքուն։

21:15 28.2.2026

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խեմենեիի կեցավայրը հարվածներից առաջ և հետո.

21:14 28.2.2026

Լոնդոնի Դաունինգ Սթրիթ փողոցում մի խումբ ցուցարարներ են հավաքվել, շատերը պարզել են առյուծի և արևի պատկերով Իրանի նախկին դրոշը՝ ցույց տալու, որ դեմ են Իրանի գործող կառավարությանը։


Ոմանք բարձրացրել են Իրանի հանգուցյալ շահի որդու՝ Ռեզա Փահլավիի լուսանկարները։
Իրանցիները նաև հավաքվել են Իրանի դեսպանատան դիմաց՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից երկրի վրա վերջին հարձակումներին աջակցություն ցուցաբերելու համար։

21:05 28.2.2026

Աբու Դաբիի օդանակավայանում դեպի Երևան իր թռիչքին սպասող հայաստանցի տղամարդը ականատես է եղել Իրանի պատասխան հարվածներին: Դրանց հետևանքով թռիչքները չեղարկվել են, իրենց խումբն էլ ստիպված է եղել տեղափոխվել հյուրանոց:

Տղամարդը, որ չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ ինքն ու ընկերները մոտավորապես յոթ պայթյուն են լսել՝ կես ժամվա ընդիմիջումով: Այնուհետև ծխի ամպեր են տեսել:

«Հենց ծուխը տեսանք, տագնապ սկսվեց, փորձում էինք դուրս գալ օդանավակայանից, այդ պահին հերթեր առաջացան, բայց հետո լավ կազմակերպված մեզ տեղափոխեցին»,- «Ազատությանը» հեռախոսով պատմեց Հայաստանի քաղաքացին:

Նա դեռ չգիտեր, թե երբ կվերականգնվեն թռիչքները:

21:05 28.2.2026

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հեռ առնչվող Tasnim լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանը նախատեսում է փակել ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցը, որտեղով փոխադրվում է աշխարհում ամեն օր սպառվող նավթի մոտ 20 տոկոսը։

Նեղուցը գտնվում է Իրանի հարավում՝ Պարսից և Օմանի ծոցերի միջև։

20:59 28.2.2026

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա հրթիռային հարձակումների նոր ալիքի մասին, հաղորդում է AFP լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստաընկերությանը։

20:20 28.2.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:

Նա հավելել է՝ Թրամփն ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ կշարունակի ուշադիր հետևել Իրանում տիրող իրավիճակին:

19:55 28.2.2026

Իրանական Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի, հայտնում են պետական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր 57 զոհի և 60 վիրավորի մասին:


19:34 28.2.2026

Ֆրանսիայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի նիստ տեղի կունենա այսօր ժամը 21:00-ին՝ Իրանում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

19:20 28.2.2026

Al-Alam հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր ուղերձով հանդես կգա:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG