Իրանի պաշտպանության նախարար Ամիր Նասիրզադեն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքպուրը ենթադրաբար զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, գրում է Reuters-ը։ Գործակալությունը հղում է անում Իսրայելի ռազմական գործողություններին ծանոթ երկու և մեկ տարածաշրջանային աղբյուրների:
Իրանական Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 57 աշակերտ, ևս 60-ը վիրավորվել են, հաղորդում է իրանական IRNA-ն:
Նահանգապետ Մոհամմադ Ռադմերը հայտնել է, որ 53 աշակերտ դեռ փլատակներում են, ընթանում են փրկարարական աշխատանքներ:
Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել: Արգելել են հասարակական հավաքույթները, փակվել են դպրոցներն ու աշխատատեղերը, հիվանդները տեղափոխվել են ստորգետնյա տարածքներ:
Իրավիճակը՝ լուսանկարներով
Իրանում Ռուսաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել է երկրից դուրս գալ Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով:
Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակում այսօր տեղի է ունեցել իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը:
ԱԽ գրասենյակից հաղորդում են, որ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։
Ֆրանսիան կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ նիստ գումարել:
«Լարվածության ներկայիս սրացումը վտանգավոր է բոլորի համար, այն պետք է դադարեցվի,-հայտարարել է նախագահ Էմանյուել Մակրոնը, հավելելով, - ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմի սկիզբը լուրջ հետևանքներ կարող է ունենալ խաղաղության և միջազգային անվտանգության համար»։
Վաղ առավոտից Իրանի ուղղությամբ սկսված հարձակումներից հետո New York Times-ը հրապարակել է Իսլամական Հանրապետության առաջնորդ Ալի Խամենեիի պաշտոնական նստավայրի առաջին արբանյակային լուսանկարը՝ Թեհրանի Պաստոր հրապարակի մոտ։
Լուսանկարում երևում է, թե քանի շենք է հողին հավասարվել։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին ալիքը թիրախավորել է Իսլամական Հանրապետության կառավարության մի քանի պաշտոնյաների, այդ թվում՝ Խամենեիին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ վերջիններս ողջ են և տեղափոխվել են անվտանգ վայր։
Այս տեղեկությունն անկախ աղբյուրներով դեռ հնարավոր չէ ճշտել։