Իրանական Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 57 աշակերտ, ևս 60-ը վիրավորվել են, հաղորդում է իրանական IRNA-ն:
Նահանգապետ Մոհամմադ Ռադմերը հայտնել է, որ 53 աշակերտ դեռ փլատակներում են, ընթանում են փրկարարական աշխատանքներ:
Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել: Արգելել են հասարակական հավաքույթները, փակվել են դպրոցներն ու աշխատատեղերը, հիվանդները տեղափոխվել են ստորգետնյա տարածքներ:
Իրավիճակը՝ լուսանկարներով
Իրանում Ռուսաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել է երկրից դուրս գալ Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով:
Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակում այսօր տեղի է ունեցել իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը:
ԱԽ գրասենյակից հաղորդում են, որ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։
Ֆրանսիան կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ նիստ գումարել:
«Լարվածության ներկայիս սրացումը վտանգավոր է բոլորի համար, այն պետք է դադարեցվի,-հայտարարել է նախագահ Էմանյուել Մակրոնը, հավելելով, - ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմի սկիզբը լուրջ հետևանքներ կարող է ունենալ խաղաղության և միջազգային անվտանգության համար»։
Վաղ առավոտից Իրանի ուղղությամբ սկսված հարձակումներից հետո New York Times-ը հրապարակել է Իսլամական Հանրապետության առաջնորդ Ալի Խամենեիի պաշտոնական նստավայրի առաջին արբանյակային լուսանկարը՝ Թեհրանի Պաստոր հրապարակի մոտ։
Լուսանկարում երևում է, թե քանի շենք է հողին հավասարվել։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին ալիքը թիրախավորել է Իսլամական Հանրապետության կառավարության մի քանի պաշտոնյաների, այդ թվում՝ Խամենեիին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ վերջիններս ողջ են և տեղափոխվել են անվտանգ վայր։
Այս տեղեկությունն անկախ աղբյուրներով դեռ հնարավոր չէ ճշտել։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոստան կոչ են արել հարգել միջազգային իրավունքն ու ցուցաբերել առավելագույն զսպվածություն։
Իրանում տեղի ունեցող զարգացումները բնորոշելով որպես «ծայրաստիճան մտահոգիչ»՝ երկու ղեկավարները համատեղ հայտարարությամբ ընդգծել են. «Առանցքային նշանակություն ունի միջուկային անվտանգության ապահովումը և ցանկացած գործողության կանխումը, որը կարող է է՛լ ավելի սրել լարվածությունը»։