Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխնախագահն այցելեց Երևան և Բաքու

Սա ամերիկյան վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան:

18:05 10.2.2026

ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանել է Բաքու: Ըստ փոխնախագահի մամուլի խոսնակի՝ Վենսի ընտանիքին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարաֆովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր պաշտոնակատարը:

Նախատեսվում է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա տեղի կունենա ընդլայնված կազմով երկկողմ հանդիպում: Սպասվում են նաև մամուլի համար հայտարարություններ:

16:31 10.2.2026

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ի պատասխան հարցին, թե արդյոք պատրաստվում է Բաքվում խոսել հայ գերիների մասին, ասել է, որ այդ հարցը, անշուշտ, բարձրացվելու է։



«Տեսեք, մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես այստեղի վարչապետի, այնպես էլ Ալիևի և Ադրբեջանի հետ։ Գիտե՞ք, ես լսեցի, որ վարչապետը երեկ ասաց, որ ինքը դրական է տրամադրված խաղաղության պայմանագրի հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք հիմա, համեմատած մի քանի ամիս առաջ եղած իրավիճակի հետ։ Ուստի մենք, անշուշտ, կանդրադառնանք մի շարք թեմաների, բայց կարծում եմ, որ մենք շարունակելու ենք շատ արդյունավետ աշխատել ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:

10:30 10.2.2026

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով՝ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

09:27 10.2.2026

Քիչ անց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, մոտենալ, սակայն, հնարավոր չէ, ոստիկանները փակել են հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները։

23:27 9.2.2026

«Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության նոր փուլի մեկնարկը, ինչի համար շնորհակալ ենք ԱՄՆ գործընկերներին: V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում», - սոցցանցերում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

https://www.facebook.com/share/1DQaXpaSdw/

https://t.me/+rllEQFpESYEyNThi


21:06 9.2.2026

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ երկուշաբթի օրը հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նախագահականի հաղորդագրության համաձայն՝ Խաչատուրյանը ողջունել է փոխնախագահի այցը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակը։

Հայաստանի նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը, որում մեծ ավանդ ունի ԱՄՆ նախագահ Թրամփը: Շեշտվել է նաև, որ բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են համագործակցության ընդլայնմանը և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի
20:11 9.2.2026

Այսօր ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների մակարդակը բարձր է, քան երբևէ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փոխնախագահի հետ մենք ընդգծեցինք մեր հարաբերությունների հետագա զարգացման մեծ պոտենցիալը: Իրականում, այո, մենք այսօր բարձրագույն կետում ենք, բայց միայն այն օրակարգը, որ մենք նշեցինք, այդ օրակարգի իրականացումն անգամներով է ընդլայնելու մեր համագործակցության շրջանակը: Մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել, բայց կարևոր է արձանագրել, որ մենք հիմա ռազմավարական գործընկերության կոնկրետ արտահայտություններ կարող ենք ցույց տալ, որոնք տեսանելի են», - հայտարարեց Փաշինյանը:

19:57 9.2.2026

Հպարտ եմ լինել ԱՄՆ-ի առաջին փոխնախագահը, ով այցելում է այս գեղեցիկ երկիրը. Վենս

Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՄՆ փոխնախագահը հայտարարեց հայկական կողմին 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական և անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների վաճառքի մասին:

«Եվ առաջին անգամ մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին՝ 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական և անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները հայերին և մեր լավ ընկեր պարոն վարչապետին։ Նա դա օգտագործելու է իր երկիրը պաշտպանելու և մեր կողմից ստեղծվող խաղաղության տևականությունն ապահովելու համար։ Դա Միացյալ Նահանգների համար նշանակում է ավելի շատ աշխատատեղեր և ավելի շատ ներդրումներ մեր սեփական պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում»:

«Ես հպարտ եմ լինել Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահը, ով այցելում է այս գեղեցիկ երկիրը: Սա ամբողջ աշխարհի հնագույն ազգերից, պետություններից մեկն է: Ես ինքս անձամբ քրիստոնյա եմ և ես գիտեմ, թե այս երկիրը ինչ է նշանակում ամբողջ աշխարհի համար և այն կրոնի համար, որ մենք երկուսով դավանում ենք, պարոն վարչապետ», - հայտարարեց Միացյալ Նահանգների փոխնախագահը՝ հավաստիացնելով. - «Ե՛վ նախագահ Թրամփը, և՛ ես շատ նվիրված ենք այս համագործակցությունն ամրապնդելու գործում»:

Խոսելով Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին՝ Վենսը հայտարարեց՝ «վարչապետ Փաշինյանն ունի իմ աջակցությունը»:

Պատասխանելով Սյունիքով Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանին կապող «Թրամփի ուղու» մասին՝ Վենս ասել է, թե իր կարծիքով՝ խնդիրը ներդրումները չեն, այլ այն, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն է ունենալու շարունակելու այդ ծրագիրը:

19:51 9.2.2026

ԱՄՆ փոխնախագահը հայտարարեց, թե ԱՄՆ-ը և Հայաստանը ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։

«Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով», - նշել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ սա փոխշահավետ գործարք է թե՛ Հայաստանի, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։

«Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, և ես նաև կարծում եմ, որ դա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար, և դա նաև կստեղծի բազմաթիվ նոր աշխատատեղեր ԱՄՆ-ում։ Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում, և սա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ»։

Անցած ամիս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Երևանը Վաշինգտոնի հետ սկսում է այդ փաստաթղթի շուրջ բանակցություններ, մանրամասնելով. «Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով»։

Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Վենսը նշեց, որ ԱՄՆ-ը շատ դրական և կառուցողական դեր է խաղալու այս գործում։

«Իրականում մեծ կապիտալ է հետաքրքրված կոնկրետ այս նախագծով, աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր կարծում են, որ կարող են լավ եկամուտ ստանալ՝ ներդրումներ կատարելով Հայաստանում և այս TRIPP նախագծում։ Հարցն այն է, թե ինչպես խաղաղության համաձայնագիրը բարեհաջող հասցնել հաջորդ փուլ, ինչպես վարչապետին պահել լավ վիճակում, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա», - ասաց նա։



19:42 9.2.2026

Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել ԱԹՍ-եր, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

«Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառք ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար», - ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ:


Բեռնել ավելին

XS
SM
MD
LG