Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխնախագահն այցելեց Երևան և Բաքու

Սա ամերիկյան վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան:

19:29 9.2.2026

Փաշինյանը Վենսին ներկայացրել է Աբու Դաբիում Ալիևի հետ հանդիպման մանրամասները

«Փոխնախագահի այցն առանցքային նշանակություն ունեցող քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման և Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին», - ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այցն ունի պատմական և խորհրդանշական կարևորություն: Այն տեղի է ունենում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման աննախադեպ իրողությունների պայմաններում», - ընդգծեց նա:

Հայաստանի վարչապետը ԱՄՆ փոխնախագահին է ներկայացրել օրերս Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկումների մանրամասները:

«Պարոն Վենսի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարները որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևորագույն գրավականներ: կարծում եմ՝ այս համատեքստում մեծ կարևորություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության իր տրամաբանական հանգրվանին հասնելն, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու բացումը», - նշեց վարչապետը:




19:24 9.2.2026

Հայաստանի վարչապետն ու Միացյալ Նահանգների փոխնախագահը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։

19:21 9.2.2026

Ջեյ Դի Վենս․ «Վարչապետ Փաշինյանը մեր լավ ընկերն է»

Բանակցությունների մեկնարկին ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին և կատակել՝ «Ցավոք, մենք ավելի վաղ առանձին հանդիպում ենք ունեցել, և լուծել բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծեինք», ինչին, ըստ պատվիրակության կազմում ընդգրկված ամերիկացի լրագրողների, ներկաները արձագանքել են ծիծաղով։

ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին հյուրընկալության համար և փոխանցել նախագահ Թրամփի ողջյունները։

«Վարչապետ Փաշինյանը մեր լավ ընկերն է և աշխարհի այս անկյունում խաղաղության և զարգացման իրական դաշնակից», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Ջեյ Դի Վենսը նաև նշել է, որ դռնփակ բանակցությունների ավարտին կողմերը «շատ բան» կհայտարարեն՝ առանց հավելյալ մանրամասների։


18:34 9.2.2026

Փաշինյան-Վենս առանձնազրույցից հետո՝ երկու երկրների պատվիրակություններն այժմ շարունակում են քննարկումները ընդլայնված կազմերով:

18:14 9.2.2026

Բաղրամյան 26-ի մոտ շարունակվում է ցույցը: Բաքվում բանտարկված անձանց նկարները պարզած ցուցարարները բացականչում են՝ «ազատություն գերիներին»:

Մոտենալ նախագահականին նրանք չեն կարող. ոստիկանները փակել են ճանապարհը Պռոշյան խաչմերուկից:

Հավաքվածները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին օմբուդսմեն ու պետնախարար Արտակ Բեգլարյանը անցած օրերին նամակ են հղել ԱՄՆ փոխնախագահին՝ գերինեին ազատ արձակելու խնդրանքով:


17:58 9.2.2026

Նախագահականում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի դեմ առ դեմ հանդիպումը, հետո այն կշարունակվի ընդլայնված կազմով:

Հայկական կողմից ընդլայնված կազմով հանդիպմանը կմասնակցեն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արտաքին հարաբերությունների վարչության պետ Կարեն Գասպարյանը, ինչպես նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Ամերիկյան կողմից մասնակցում են՝ փոխնախագահի աշխատակազմի ղեկավար Ջեյքոբ Ռիզեսը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Էնդրյու Բեյքերը, պետքարտուղարի տնտեսական աճի, էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը, Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը, փոխնախագահի եվրոպական և ռուսական հարցերով հատուկ խորհրդական Էնդրյու Լումիսը, խաղաղության առաքելությունների գծով ավագ խորհրդական, հատուկ դեսպանորդ Արյե Լայթսթոունը և գործերի ժամանակավոր հավատարմատար, Հայաստանում ԱՄՆ առաքելության ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Ալենը:


17:52 9.2.2026

20-ից ավելի հայկական իրավապաշտպան կազմակերպություններ բաց նամակ են հղել ԱՄՆ փոխնախագահին՝ կոչ անելով օգնել ադրբեջանական բանտերում գտնվող հայ կալանավորների ազատ արձակմանը, հաղորդում է «Ֆրանսպրես»-ը, մանրամասնելով՝ անցյալ շաբաթ Ադրբեջանի ռազմական դատարանը երկարատև ազատազրկման, այդ թվում՝ ցմահ բանտարկության դատապարտեց Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական ու քաղաքական ղեկավարությանը՝ նրանց մեղավոր ճանաչելով պատերազմական հանցագործությունների ու ցեղասպանության համար։

17:47 9.2.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահականում դիմավորեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, և պատվիրակությունները մտան շենք:

Զուգահեռ, Բաղրամյան 26-ի մոտ լսվում էին նաև ակցիա իրականացողների ձայները, մասնավորապես, «Ազատություն»-ը ֆիքսեց «Ազատություն հայ պատանդներին» կոչը: Այդուհանդերձ, պարզ չէր, թե ովքեր էին անցկացնում ակցիան:

17:31 9.2.2026

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ և երեխաների հետ ժամանեց Երևան:

ԱՄՆ փոխնախագահին օդանավակայանում դիմավորում են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

17:20 9.2.2026

Ադրբեջանական մի խումբ հասարակական կազմակերպություններ ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ հայտարարություն են տարածել՝ հորդորելով Ջեյ դի Վենսին Երևանում բարձրացնել «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի, նրանց մշակութային ժառանգության պահպանության» հարցը։

«Արևմտյան ադրբեջանցիները տարածքային պահանջներ չեն ներկայացնում: Նրանց նպատակը Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալը չէ, այլ խաղաղությամբ և արժանապատվությամբ հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքի իրականացումը», - պնդում են ադրբեջանական ՀԿ-ները հայտարարությունը, հավելելով՝ «արդար և կայուն խաղաղությունը պետք է ներառի ադրբեջանցիների վերադարձը իրենց տներ՝ խաղաղության և անվտանգության պայմաններում»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG