ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ոստիկանները փակել էին հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները։
ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:
Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով՝ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
ԱՄՆ փոխնախագահը Հայաստան է ժամանել երեկ: Նա հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Վենսը Հայաստանից կմեկնի Ադրբեջան:
Անցած ամիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ն առաջ մղելն է:
- Սա ամերիկյան վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան, և առաջինը, ով կայցելի Ադրբեջան 2008 թվականին նախկին փոխնախագահ Դիք Չեյնիից հետո։
- Չեյնին նույն տարում այցելել էր նաև Վրաստան, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Թբիլիսի էր այցելել 2005 թվականին։ Ջո Բայդենը ևս Վրաստան էր այցելել 2009 թվականին՝ փոխնախագահի պաշտոնում։
- Վենսի այցը տեղի է ունենում օգոստոսին Սպիտակ տանը ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրերի ստորագրումից վեց ամիս անց: