Մատչելիության հղումներ

եթերում Վենս. «Հպարտ եմ, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, որ այցելում է Հայաստան»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելում է Երևան: Վաղը նա մեկնելու է Բաքու:

16:56

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի օդանավը, Flightradar24 կայքի տվյալներով, արդեն Հայաստանի օդային տարածքում է և քիչ անց վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում:

15:57

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները փոխնախագահ Վենսի՝ տարածաշրջան կատարելիք այցից հետո կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին, հաղորդում է Վաշինգտոնում «Ազատության» թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ այդ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ծրագրում են փետրվարի 19-ին այցելել Վաշինգտոն՝ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու։

15:56

ԱՄՆ փոխնախագահի Բաքու կատարելիք այցի նախօրեին Ադրբեջան է ժամանել Միացյալ Նահանգների Առևտրի պալատի պատվիրակությունը՝ Մերձավոր Արևելքի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Խուշ Չոքսիի գլխավորությամբ։

Պետական «Ազերթաջ» գործակալության հաղորդմամբ՝ ամերիկացի հյուրերն այսօր հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանց շարքում են Apple, Ericsson AB, ExxonMobil, Visa, Boeing Global, Shell International, Azerbaijan Coca-Cola Bottlers LLC և Motorola Solutions ընկերությունների ղեկավարները։

15:56

Այսօր երեկոյան, Բաղրամյան 26-ում՝ նախագահականի առջև նախատեսվում է արցախցիների հավաքը:

Լեռնային Ղարաբաղի նախկին օմբուդսմեն ու պետնախարար Արտակ Բեգլարյանը հավաքից առաջ գրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի առթիվ «պետք է նրա ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք հատկապես գերիների ազատ արձակման և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա: ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու մեր բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը հենց իր այցի ժամանակ»:

ԱՄՆ փոխնախագահին նման կոչեր են հղել Հայաստանի և Արցախի այլ կազմակերպություններ և գործիչներ ևս:

14:45

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ԱՄՆ փոխնախագահի AF2-օդանավը արդեն Իտալիայից մեկնել է Հայաստան: Փոխնախագահի խոսնակը «Ազատության» թղթակցին փոխանցել է՝«Երևանում վայրէջք կատարելուց հետո Վենսը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը նախատեսված է սկսել Հայաստանի ժամանակով 17:30-ին»։


14:34

Ակնկալվում են «երկկողմ հարաբերությունների շուրջ նոր հայտարարություններ»։

14:28

Reuters-ը հավելում է՝ ԱՄՆ-ի համար կարևորագույն հանքանյութերի մատակարարման հասանելիության ապահովումը նույնպես, հավանաբար, կլինի Վենսի այցի ուշադրության կենտրոնում: TRIPP-ը կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի հսկայական հանքային հարստության, այդ թվում՝ ուրանի, պղնձի, ոսկու և հազվագյուտ մետաղները արևմտյան շուկաներ տանող հիմնական տարանցիկ միջանցքը:

14:24

Վենսի ծրագրի մասին քիչ մանրամասներ են հրապարակվել, սակայն այցը տեղի է ունենում մի փուլում, երբ Վաշինգտոնը ձգտում է ավելի մեծ դիվանագիտական և տնտեսական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում, փաստում է «Ֆրանսպրես» գործակալությունը, հավելելով՝ ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Վաշինգտոնի մասնակցությամբ իրականացվող TRIPP երթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը և ամերիկյան առևտրային շահերը՝ բացելով նոր մատակարարման շղթաներ, որոնք շրջանցում են Ռուսաստանը և Իրանը։


14:04

Քաղաքագետների կարծիքով՝ այցի հիմնական նպատակը քաղաքական է՝ TRIPP-ի իրագործումը: Փորձագետների գնահատմամբ՝ ուշադրության կենտրոնում է լինելու նաև օգտակար հանածոների ոլորտում համագործակցությունը:

Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով՝ փոխնախագահ Վենսը Երևանում այնպիսի գործարքներ է առաջ մղելու, որոնք կթուլացնեն Հայաստանում ռուսական ու իրանական ազդեցությունը, մասնավորապես հենց օգտակար հանածոների շուրջ:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը շուրջ 50 ապրանքների խումբ գնահատել է որպես երկրի ազգային և տնտեսական անվտանգության համար կենսական։ Դրանց շարքում են նաև 17 հազվագյուտ հողային տարրերը, որոնք օգտագործվում են ամեն ինչում՝ հողմային տուրբիններից մինչև սմարթֆոններ: Հայաստանում որոշ հազվագյուտ հողային տարրեր կան: Թե որքան, արդյոք հնարավոր է արդյունահանել, պարզ չէ:

13:36

ԱՄՆ փոխնախագահի այցի նախաշեմին Երևանը ազդարարել է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու:

Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը շաբաթավերջին խոսել է խաղաղ միջուկային էներգիայի, անվտանգության ու «կրիտիկական հանքանյութերի» ոլորտներում հնարավոր համագործակցության մասին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG