Մատչելիության հղումներ

Վենսի այցը Երևան․ խոսվում է միջուկային էներգիայի, հանքանյութերի և TRIPP նախագծի մասին

Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը խոսեց խաղաղ միջուկային էներգիայի, անվտանգության ու «կրիտիկական հանքանյութերի» ոլորտներում հնարավոր համագործակցության մասին:

«Խոսքը ոչ միայն պղնձի մասին է, և Հայաստանի պարագայում մենք դեռևս որոշակի ուսումնասիրություններ պիտի անենք՝ հասկանալու համար, թե այս հանքանյութերից որոնք կան մեր ընդերքում, և մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգների մեր գործընկերները թե՛ իրենց տեղեկատվական շտեմարաններով, որոնք ունեն ձեռքի տակ, թե՛ հավելյալ ուսումնասիրությունների միջոցով մեզ կօգնեն, որպեսզի մենք բացահայտենք այն կարողությունները, որոնք ունենք», - նշեց փոխնախարարը:

Ամերիկյան կողմը պատրաստվո՞ւմ է Հայաստանի ընդերքն ուսումնասիրել, արդյո՞ք արդեն համաձայնություն կա՝ արտաքին գործերի նախարարի տեղակալը փակագծեր չբացեց: Վահան Կոստանյանը, սակայն, մանրամասներ ներկայացրեց խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ: Երևանն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում են փոքր մոդուլային ատոմակայան կառուցել, որն էլ պետք է փոխարինի Մեծամորի ատոմակայանի էներգաբլոկին: Առայժմ, սակայն, չեն հստակեցնում կոնկրետ, որ պետության հետ են այս ծրագիրն իրականացնելու:

«Նախ ատոմակայանի մասին որոշում կայացնելու համար պետք է ունենալ անհրաժեշտ իրավապայմանագրային բազա: Կա մի համաձայնագիր, որը պայմանականորեն անվանվում է «Մեկ, երկու, երեք համաձայնագիր», և այս ուղղությամբ Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը նախորդ տարվա ընթացքում բավականին ակտիվ բանակցություններ են վարել: Հիմա հուսով ենք, որ այս բանակցությունները կհաջողվեն, առաջին փուլն առնվազն մեծ առաջընթաց ունենալ այցի ընթացքում կամ ամփոփել», - նշեց նա:

«Ազատության» տեղեկություններով՝ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևան կժամանի այս երկուշաբթի, նա ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը Հայաստանում կլինի, հաջորդ օրն էլ Բաքու կմեկնի: Անցած ամիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ իր տեղակալի այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ն առաջ մղելն է: Սպիտակ տան ղեկավարը նաև ազդարարել էր, որ «Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր կկնքեն»: Համաձայնագրի բովանդակությունը մինչ այս պահը երկու երկրները չեն հայտնել:

«Մեր համապատասխան գերատեսչությունները, այդ թվում նաև Արտաքին գործերի նախարարությունը ապահովում են համապատասխան իրավապայմանագրային բազան, որ եթե և այն պահին, երբ կայացվի որոշում ամերիկյան տեխնոլոգիա ունենալու, ապա մենք ժամանակ չկորցնենք իրավական բազա ստեղծելու համար», - նշեց Կոստանյանը:

Նախագահ Թրամփը նաև ամերիկյան արտադրության կիսահաղորդիչների վերաբերյալ գործարքն է ազդարարել. արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գերատեսչության տարեկան աշխատանքը ներկայացնելիս այսօր տեղեկացրել է, որ դրանց մի մասն արդեն Հայաստան է հասել. «Կիսահաղորդիչներ NVIDEA-ից մի փուլը ստացել ենք, երկրորդի OK-ն ունի ամերիկյան վարչակազմի կողմից»:

Քաղաքագետների կարծիքով՝ այցի հիմնական նպատակը քաղաքական է՝ TRIPP-ի իրագործումը: Փորձագետների գնահատմամբ՝ ուշադրության կենտրոնում է լինելու նաև օգտակար հանածոների ոլորտում համագործակցությունը: Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով՝ փոխնախագահ Վենսը Երևանում այնպիսի գործարքներ է առաջ մղելու, որոնք կթուլացնեն Հայաստանում ռուսական ու իրանական ազդեցությունը, մասնավորապես հենց օգտակար հանածոների շուրջ:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը շուրջ 50 ապրանքների խումբ գնահատել է որպես երկրի ազգային և տնտեսական անվտանգության համար կենսական։ Դրանց շարքում են նաև 17 հազվագյուտ հողային տարրերը, որոնք օգտագործվում են ամեն ինչում՝ հողմային տուրբիններից մինչև սմարթֆոններ: Հայաստանում որոշ հազվագյուտ հողային տարրեր կան: Թե որքան, արդյոք հնարավոր է արդյունահանել, պարզ չէ, Գիտությունների ազգային ակադեմիայում արդեն մի քանի տարի հետազոտություններ են անցկացվում, որոնց արդյունքները պետք է ներկայացնեն հաջորդ տարի:

Ջեյ Դի Վենսի այցից անմիջապես առաջ Միացյալ Նահանգների նախագահը նոր հրամանագիր է ստորագրել՝ Իրանի հետ առևտուր իրականացնող երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրք սահմանելով: Հարևան երկիրը Հայաստանի չորրորդ ամենամեծ առևտրային գործընկերն է: Տնտեսագետների համոզմամբ՝ Իրանի հետ առևտուրը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Արդյո՞ք Երևանը Թեհրանի հետ առևտրային կապերի կարևորությունը բացատրել ու ներկայացրել է Վաշինգտոնին, փոխնախագահի այցի ընթացքում պատրաստվո՞ւմ են նաև այս մասին խոսել՝ այս հարցերին կառավարությունը մինչ այս պահը չի անդրադարձել:

Արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր Իրանի հետ «հրաշալի հարաբերությունների» մասին էր խոսում:

Երևանը հայտարարում է՝ հարևան երկրի հետ հարաբերությունները դրական զարգանում են, և Միացյալ Նահանգների հետ համագործակցության խորացումը Թեհրանին չպետք է անհանգստացնի:

XS
SM
MD
LG