Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահի հայաստանյան այցի շրջանակներում կքննարկվի նաև ԱՄՆ վերջին որոշումը՝ Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ:
ԱՄՆ նախագահը փետրվարի 7-ին՝ Օմանում իրանական կողմի հետ բանակցություններից հետո հրամանագիր է ստորագրել, որով լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար:
«Մոտավորապես 50 միլիոն դոլարի արտահանում ենք ունեցել նախորդ տարի Միացյալ Նահանգներ, և բնականաբար, այնտեղ ապրանքներ կան, որոնք էական չափով իրենց մրցունակությունը կկորցնեն նման իրավիճակում», - նշել է նախարար Պապոյանը լրագրողների հետ զրույցում:
Հարևան Իրանը Հայաստանի չորրորդ ամենամեծ առևտրային գործընկերն է:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր ժամանում է Երևան: Նա ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը Հայաստան է այցելում, որտեղից Բաքու կմեկնի:
Նախատեսված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել են կառավարությունից:
Պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ տնտեսական հարցերով փոխնախարար Ջեյքոբ Հելբերգը:
Անցած ամիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ն առաջ մղելն է: Սպիտակ տան ղեկավարը նաև ազդարարել էր, որ «Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր կկնքեն»: Համաձայնագրի բովանդակությունը մինչ այս պահը երկու երկրները չեն գաղտնազերծել:
Նախագահ Թրամփը գրել էր նաև ամերիկյան արտադրության կիսահաղորդիչների գործարքի մասին. արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անցած շաբաթ օրը տեղեկացրել է, որ դրանց մի մասն արդեն Հայաստան է հասել: