Վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած Սահմանադրական խորհրդի նիստում Անկախության հռչակագրի հարցը չի քննարկվել, պնդում են այդ խորհրդում քաղհասարակությունը ներկայացնող Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանը: Նրանց փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ պաշտոնյաների մասնակցությամբ երեկվա նիստի օրակարգը բոլորովին այլ է եղել:
«Կոնկրետ երեկ քննարկվում էին դատական համակարգի հետ կապված հարցեր, ԲԴԽ, Հանրապետության նախագահի ու դատական համակարգի հարաբերությունները կարգավորող հնարավոր կարգավորումներ», - ասաց Իոաննսիայնը:
Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը տևական դադարից հետո սկսել է ակտիվ նիստեր գումարել, երեկվանն էլ վարչապետն էր նախագահում: Կառավարության փոխանցմամբ՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է, թե ինչ փուլում են նոր Սահմանադրության մշակման աշխատանքները:
«Մասնավորապես, մանրամասներ են ներկայացվել իշխանությունների լիարժեք հավասարակշռման և փոխզսպման մեխանիզմների ամրապնդման, իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործման, հանրային կառավարման ինստիտուտների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև սահմանադրական ինստիտուտների կայունության և գործունակության ապահովմանն ուղղված կարգավորումների վերաբերյալ»։
Իշխանության ճյուղերի փոխզսպմանը հասնելու ի՞նչ փոփոխություններ են սպասվում նոր Սահմանադրության ընդունման դեպքում. ըստ խորհրդի անդամների՝ առայժմ հստակ որոշումներ չկան: Առհասարակ հայտնի չէ, թե նոր Սահմանադրությունը ի՞նչ գլոբալ փոփոխություններ է կրելու:
Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները 2018-ից հետո խոստանում էին ոչ թե նոր Սահմանադրություն, այլ սահմանադրական փոփոխություններ, որպեսզի ազատվեն, ինչպես իրենք էին ասում՝ սուպերվարչապետական համակարգից: Այժմ, սակայն, խոսք չկա նաև վարչապետի լիազորությունները սահմանափակելու մասին: Նոր Սահմանադրություն ունենալու միակ բացատրությունն այն է, որ գործողը լեգիտիմության խնդիր ունի: Բայց անգամ այս դեպքում դեռ հստակ չէ, թե երկրի մայր օրենքում ինչն է փոխվելու: Երեկ, օրինակ, քննարկե՞լ են արդյոք՝ պետք է ընդլայնվեն հանրապետության նախագահի գործառույթները, որպեսզի նա կարողանա ապահովել դատական համակարգի անկախությունը:
«Վերջնական որոշում չկայացվեց, բայց հավանաբար այդ առումով փոփոխություն կարող է չլինել: Խորհրդի անդամների զգալի մասը մի քիչ սկեպիկ էին այդ գաղափարի հետ կապված՝ տարբեր պատճառներով, մանրամասն մասնագիտական քննարկում գնաց», - նշեց Դանիել Իոաննիսյանը
Արդարադատության նախարարն արդեն հայտարարել է՝ նոր Սահմանադրության տեքստը մինչև մարտ ամիս պատրաստ է լինելու: Իսկ ինչո՞ւ խորհուրդը չի քննարկում Անկախության հռչակագիրը նախաբանից հանել-չհանելու հարցը, ո՛չ քաղհասարակության ներկայացուցիչները, ո՛չ խորհրդի մյուս անդամները հստակ պատասխան չեն տվել:
Մարուքյան. Անկախության հռչակագրի հարցի քննարկումը միտումնավոր են ձգձգում
Սահմանադրական փոփոխություններ խորհրդի երեկվա նիստին հրավիրված էր անդամներից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը, բայց նախընտրել է չմասնակցել: Օգոստոսից խորհրդի նիստերը բոյկոտող Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Անկախության հռչակագրի հարցի քննարկումը միտումնավոր են ձգձգում:
«Ես սպասում եմ, որ իրենց, այսպես ասած, առաջին պլանի հարցը, որ չեն ուզում բերել առաջին պլան՝ Անկախության հռչակագրի հարցը գա օրակարգ: Այն հարցերը, որ իրենք քննարկում են, ձևական բնույթ են կրում և զուտ դեկորատիվ նշանակություն ունեն: Ինչո՞ւ, որովհետև ասում են՝ կայուն մեծամասնությունը կհանենք, իսկ դա ապագա խորհրդարանական ընտրությունների մասին չի, այսինքն 2031 թվականին խորհրդարանական ընտրությունների մասին բան է, որը ոչ մեկը չգիտի՝ ով է լինելու իշխանություն, էդ սահմանադրական հանրաքվեն ով է անելու, ով գիտի՝ հունիսին ով է ընտրվելու, էդ ի՞նչ հեքիաթ են պատմում մեզ: Ես պնդում եմ, որ այս պահին Ալիևի ասած՝ «տնային աշխատանքը« ես չեմ կատարելու», - ասաց Մարուքյանը:
Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը իր նկատմամբ տարածքային պահանջ է համարում Ադրբեջանը և այն հեռացնելը դարձրել է հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման: Վարչապետը մոտ երկու շաբաթ առաջ Գերմանիա այցի ընթացքում դարձյալ հայտարարել էր՝ Բաքվի այդ պահանջն անհիմն է:
«Էսօր ես չունեմ լեգիտիմություն Հայաստանի ժողովրդին ասելու՝ եկեք Սահմանադրությունը փոխենք, ինչո՞ւ, որովհետև Հայաստանի ժողովուրդն ինձ կասի, որ 2024 թվականի սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ալմաթիի հռչակագիրը, որը հիշատակված է խաղաղության համաձայնագրի նախաբանում, համապատասխան է մեր Սահմանադրությանը, հետևաբար ինչի՞ փոխենք մեր սահմանադրությունը: Կստացվի, որ մենք քմահաճույքի համար ուղղակի փոխում ենք Սահմանադրությունը, բա որ դրանից հետո երկրորդ քմահաճույքն ի հայտ եկա՞վ», - հայտարարել է Փաշինյանը:
Էդմոն Մարուքյանը մինչդեռ կարծում է՝ նոր Սահմանադրության ընդունման միակ պատճառը Ադրբեջանի պահանջը բավարարելն է. «Երևի ամաչում է, որ ասի՝ Ալիևի ասելով ենք հանում, ասում է, որ այդ հարցի պատասխանը ՍԴ որոշումը տվել է, բայց շարունակում է Ալիևի ասած «տնային աշխատանքը» կատարել: Կամ ինչքան է եղել, որ ինքը ասել է՝ «մենք էս բանը չենք անելու», հետո վերցրել ու արել է, ինչի՞ եք զարմանում դրա վրա, ես չեմ հասկանում»:
Նոր Սահմանադրության հանրաքվեն իշխանությունը ծրագրում է անցկացնել խորհրդարանական ընտրություններից հետո: