Մատչելիության հղումներ

Իրանը համաձայն է վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Աբբաս Արաղչիի համատեղ ասուլիսը Ստամբուլում, 30-ը հունվարի, 2026թ.
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Աբբաս Արաղչիի համատեղ ասուլիսը Ստամբուլում, 30-ը հունվարի, 2026թ.

Իրանն անհապաղ կարձագանքի ցանկացած ագրեսիայի, միաժամանակ պատերազմ չի ցանկանում և կողմ է երկխոսությանը, այսօր հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Էմիրությունների առաջնորդի հետ հեռախոսազրույցում:

Նոր հուժկու հարվածի մասին ԱՄՆ նախագահի զգուշացումների ֆոնին Փեզեշքիանն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի իր պաշտոնակցի հետ: Թրամփի հետ լավ հարաբերություններ ունեցող Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի միջնորդությունն է առաջարկել Ամերիկային ու Իրանին՝ լարվածությունը մեղմացնելու համար:

Ու մինչ Իրանի նախագահը հեռախոսազրույցներ է ունենում տարածաշրջանի երկրների առաջնորդների հետ, այսօր Թուրքիա է մեկնել արտգործնախարար Աբբաս Արաղչին: Թուրք պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում Արաղչին վերահաստատել է, որ Իրանի իշխանությունները համաձայն են վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով, սակայն, ընդգծել է նա, երկխոսությունը պետք է տեղի ունենա փոխադարձ հարգանքի հիմա վրա:

«Եթե բանակցությունները արդար և հավասար լինեն, Իրանը պատրաստ է մասնակցել դրանց», - վստահեցրել է նախարարը:

Արաղչին միաժամանակ ասել է, որ այս պահին Թեհրանի և Վաշինգտոնի միջև որևէ բանակցություններ չեն կազմակերպվել։ Նա նաև շեշտել է՝ Իրանի պաշտպանական կարողությունները երբեք չեն կարող դառնալ բանակցությունների առարկա:

«Ես չեմ կարծում, որ որևէ երկիր պատրաստ է փոխզիջման՝ իր անվտանգության և պաշտպանության հաշվին: Իրանի քաղաքացիների անվտանգությունը որևէ այլ կողմի չի վերաբերում, և մենք պահպանելու ու ընդայլնելու ենք մեր պաշտպանական կարողությունները՝ այնքան, որքան անհրաժեշտ է մեր երկիրը պաշտպանելու համար», - հայտարարել է Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

Հաքան Ֆիդանն, իր հերթին, շեշտել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների վերսկսումը կենսական նշանակություն ունի տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար:

«Մենք դեմ ենք խնդիրները լուծելու համար ռազմական լուծումներին դիմելուն: Մենք չենք կարծում, որ դա շատ արդյունավետ կլինի», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Արաղչիի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի գլխավոր դիվանագետը սլաքներն ուղղել է նաև Իսրայելի կողմը՝ մեղադրելով, թե Իսրայելն է փորձում համոզել ԱՄՆ-ին ռազմական հարձակում սկսել Իրանի դեմ: Հաքան ֆիդանը հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի գտնել մի լուծում, որի շնորհիվ տարածաշրջանը կխուսափի ավերիչ պատերազմից, և Իրանը չի մնա մեկուսացված:

Այս հայտարարություններից ժամեր առաջ ԱՄՆ նախագահն էլ հույս էր հայտնել, թե Իրանի դեմ ռազմական գործողությունների կարիք չի լինի: Օրերս Իրանին շատ ավելի հուժկու հարվածով զգուշացրած Դոնալդ Թրամփն անգամ ասել էր, որ պատրաստվում է խոսել Իրանի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ ամերիկյան ռազմանավերի մի մեծ խումբ է ուղարկել դեպի Իրան:

«Ես պլանավորում եմ, այո: Մենք այժմ շատ մեծ, շատ հզոր նավեր ունենք, որոնք նավարկում են դեպի Իրան, և հիանալի կլիներ, եթե մենք դրանք չօգտագործեինք», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Թրամփը քննարկում է իր տարբերակները, բայց դեռ որոշում չի կայացրել՝ հարվածե՞լ Իրանին, թե՞ ոչ։ Վերջին շաբաթներին ԱՄՆ-Իրան լարվածությունը սրվել է Իրանում իշխանությունների կողմից բողոքի ցույցերի բիրտ ճնշումից հետո։ Օրեր առաջ էլ Թրամփը Իրանին կոչ արեց անհապաղ բանակցությունների նստել և գործարքի գնալ միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ ուշ չէ: ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, թեև, ըստ Թեհրանի, իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի:

Երեկ էլ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն է ասել, որ ամերիկյան զինուժը պատրաստ է կատարել նախագահի ցանկացած որոշում։

«Իրանն ունի գործարք կնքելու բոլոր հնարավորությունները: Նրանք չպետք է ձգտեն միջուկային կարողություններ ունենալ: Մենք պատրաստ կլինենք կատարել այն ամենը, ինչ նախագահն ակնկալում է Պատերազմի նախարարությունից», - հայտարարել է Հեգսեթը:

Եվրամիության արտգործնախարարների խորհուրդն էլ երեկ ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել Իրանի առաջատար ռազմաքաղաքական կառույցը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը մեծապես ներգրավված է եղել ցուցարարների բռնաճնշումների գործողություններում: ԵՄ-ն երեկ նաև նոր պատժամիջոցներ հաստատեց իրանցի պաշտոնյաների դեմ, որոնք մասնակցել են ցուցարարների բռնաճնշմանը: Ավելի քան 20 անձի և կազմակերպության ակտիվները կսառեցվեն, կարգելվի նրանց մուտքը ԵՄ:

Անցած տարեվերջից սկսված ցույցերից ընթացքում, իրավապաշտպան խմբերի տվյալներով, զոհվել է 20-ից մինչև 30 հազար մարդ: Իրանի իշխանությունները մինչ օրս սահմանափակում են ինտերնետի աշխատանքն ու կապը աշխարհի հետ։


XS
SM
MD
LG