«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, որը նաև կառավարում է հայաստանյան երկաթգիծը՝ «Հարավկովկասյան երկաթուղիները», խորը ֆինանսական ճգնաժամի մեջ է։ Ընկերությունը, որը շահագործում է աշխարհի ամենամեծ՝ 85 հազար կիլոմետր երկարությամբ երկաթգծերից մեկը, միավորում 11 ժամային գոտիներ և ամեն տարի տեղափոխում միլիոնավոր ուղևորների, հիմա կանգնած է սնանկացման ճանապարհին։
Անցած 2025-ի տվյալներով, ըստ Reuters-ի, ընկերության պարտքերը հասել են ռեկորդային ցուցանիշի՝ 4 տրիլիոն ռուբլու կամ ավելի քան 50 միլիարդ դոլարի՝ պատերազմող երկրում խորացող տնտեսական խնդիրների պատճառով։
Իրավիճան այնքան վատ է, որ տնօրենների խորհուրդը 20 տոկոսով կրճատել է այս տարվա բյուջեի ծախսերը, դրամական օժանդակություն խնդրել կառավարությունից ու որոշել վաճառքի հանել իր հպարտության աղբյուրներից մեկը՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող 62-հարկանի, 2 միլիարդ դոլար գնահատվող շքեղ երկնաքերը։ Reuters-ի աղբյուրները նշել են՝ պարտքերը փակելու համար ընկերությունը կարող է հարկադրված լինել նաև բարձրացնել բեռների և ուղևորների փոխադրման գները։
«Այս ճգնաժամը ցույց է տալիս ռուսական արդյունաբերության մեջ կուտակված խնդիրները», - «Ազատությանն» ասել է տնտեսագետ Իգոր Լիպսիցը, ընդգծելով՝ բեռնափոխադրումների ոլորտը տնտեսության վիճակի լավագույն ցուցիչներից է. - «Սա նշանակում է, որ եկամուտները ցածր են, սակագները՝ բարձր, գնաճը արագանում է, մարդիկ՝ աղքատանում: Ահա թե ինչ է ցուցանում «Ռուսական երկաթուղիների» ճգնաժամը»:
Ռուսաստանի մասնավոր հատվածի ամենամեծ գործատուի՝ 700 հազար աշխատող ունեցող այս ընկերության սրընթաց անկումը, ըստ պաշտոնական տվյալների, սկսվել է Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից հետո, երբ Մոսկվան ռազմական բեռների փոխադրումը դարձրեց գերակայություն՝ առաջին գիծ զինվորներ ու տեխնիկա հասցնելու համար։ «Սա կաթվածահար է անում ամբողջ ցանցի աշխատանքը», - «Ազատությանն» ասել է Հարվարդի համալսարանի Դեյվիսի կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Յակովլևը։
«Ներկայումս բազմաթիվ են բողոքները, թե «Ռուսական երկաթուղիները» բեռները ժամանակին տեղ չի հասցնում։ Պատճառն, ընդհանուր առմամբ, այն է, որ առաջնահերթություն է տրվում ռազմական բեռներին, ինչը, բնականաբար, պատերազմի հետևանք է», - ընդգծել է Յակովլևը:
Խոշորագույն ընկերության պարտքերի մյուս պատճառը փոխադրումների ծավալի անկումն է, հիմնականում՝ արևմտյան պատժամիջոցներից հետո։ Ռուսական փայտանյութի արտահանումը վերջին տարիներին նվազել է 18 տոկոսով, մետաղներինը ՝ 8 տոկոսով, իսկ հանքաքարի և ածուխի արտահանումը՝ 5 տոկոսով։
«Տնտեսական այս շղթայում ցանկացած օղակի տապալումը դոմինոյի էֆեկտ է ունենում մյուս ոլորտների վրա», - ասում է Հարվարդի համալսարանի փորձագետը։ - «Այս պահին «Ռուսական երկաթուղիները» պետական ՎՏԲ-ի խոշորագույն վարկառուներից է։ Եվ եթե «Ռուսական երկաթուղիները» չկարողանա մարել իր վարկերի տոկոսները, դա կասկածի տակ կդնի ՎՏԲ-ի ֆինանսական կայունությունը, իսկ ՎՏԲ-ն Ռուսաստանի առանցքային բանկերից է։ Այսինքն սա շղթա է, որտեղ մեկ օղակը քաշում է մյուսին»։
Ռուսական երկաթուղիները 2008-ից 30 տարով կառավարման է վերցրել նաև Հայաստանի երկաթուղին, ընդ որում, անցած շուրջ երկու տասնամյակի ընթացքում եզակի են եղել տարիները, երբ «Հարավկովկասյան երկաթուղին» աշխատել է շահույթով և Հայաստանի բյուջեից միլիոնավոր դրամների սուբսիդիա չի ստացել՝ որպես վնասի փոխհատուցում։
«Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությունը Հայաստանում մի շարք ուղղություններով անկումային ցուցանիշներ է գրանցել 2024-ին։ Ըստ ընկերության հաշվետվության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» հասույթը 2024-ին նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 3.3 միլիարդ դրամով կամ գրեթե 20 տոկոսով։ Ընդ որում, եկամուտները նվազել են և՛ բեռնափոխադրումներից, և՛ ուղևորափոխադրումներից, և՛ կոնցեսիոն ակտիվների բարելավումներից։
Քառամյա կտրվածքով «Հարավկովկասյան երկաթուղիների» կողմից Հայաստանի բյուջե վճարված հարկերը նվազել են ավելի քան կիսով չափ՝ 55 տոկոսով։ Եթե 2021-ին ընկերությունը բյուջե էր վճարել 5.8 մլրդ դրամ, 2024-ին երկաթուղիների վճարած հարկերը կազմել են 2 միլիարդից մի փոքր ավելի։ Ընկերության հիմնական հաճախորդներն են եղել բենզին ու դիզվառելիք ներմուծող CPS ընկերությունը, հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը և բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերությունը։
Ընկերության 2024-ի հաշվետվությունից պարզ է դառնում նաև, որ ուղևորափոխադրումներից երկաթուղիների եկամուտը 2024-ին կազմել է 1 միլիարդ 27 մլն դրամ, իսկ ծախսը՝ 4.5 մլրդ։ Ընկերությունն այս ուղղությամբ մոտ 3.5 միլիարդ դրամի վնաս է կրել միայն 2024-ին, ինչը հետո Հայաստանի կառավարությունը մասամբ փոխհատուցել է սուբսիդիայի տեսքով։
Ռուսական ընկերության այս համակարգային խնդիրների ֆոնին՝ անցած ամիս, Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե ռուս գործընկերներին խնդրել է շտապ կարգով վերականգնել երկաթգիծը Երասխից մինչև Նախիջևան, Ախուրիկի հատվածից մինչև Թուրքիայի սահման։ Հետո այդ հարցը բարձրացրեց նաև դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում՝ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել», - Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանի նախագահի հետ դեմ առ դեմ հանդիպման հրապարակային մասում Փաշինյանն այս մասին չէր խոսել, սակայն վերադարձին՝ Երևանում հայտարարել էր, որ եթե պարզվի՝ ռուսական կողմը այդ հատվածների վերականգման հետ կապված խնդիր ունի, Հայաստանի կառավարությունը կարող է դրանք ետ վերցնել ու նորոգել սեփական միջոցներով։