«Առանց Ռուսաստանի [մասնակցության] գործընկերները չեն կարողանա [գործարկել] «Թրամփի ուղին»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Կալուգինը։
«Ըստ էության գործ ունենք մի երթուղու հետ, որը Եռակողմ [ռուս-հայ-ադրբեջանական] աշխատանքային խմբի կողմից համաձայնեցված հատվածն է։ Բացի այդ, «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, Հայաստանի երկաթուղային ենթակառույցների կառավարման կոնցեսիոն իրավունք ունի։ «Թրամփի ուղին» հիմնականում անցնելու է մեր սահմանապահների պատասխանատվության գոտով։ Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության գործոնը։ Ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի գործընկերները չեն կարող», - նշել է Կալուգինը՝ հավելելով, սակայն, որ Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ 2021-2023 թվականներին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները «շարունակում են արդիական մնալ»։
Անդրադառնալով Հարավային Կովկասում Արևմուտքի որդեգրած քաղաքականությանը Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն այն «խառնակիչ» է որակել։
«Արևմուտքն իր «առանց կանոնների խաղի» շրջանակներում ակտիվացրել է ապակառուցողական ջանքերը։ Նրանք փորձում են խառնակչություն սերմանել Հարավային Կովկասում, սեպ խրել տարածաշրջանի պետությունների և Ռուսաստանի միջև։ Նրանց գլխավոր նպատակը Ռուսաստանին վնասելը, ևս մեկ տարածաշրջան հակառուսական ծրագրերի մեջ ներքաշելն է», - հայտարարել է Կալուգինը՝ հիշեցնելով, որ շաբաթներ առաջ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Հայաստանին կոչ էր արել միանալ հակառուսական պատժամիջոցների կոալիցիային։
ՌԴ դեսպանությունը հնարավորություն է ստացել այցելել Սամվել Կարապետյանին․ Կալուգին
Անդրադառնալով «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի ձերբակալությանը՝ Կալուգինը նշել է, որ Երևանում Ռուսաստանի դեսպանությունը հյուպատոսական այցերի հնարավորություն է ստացել։
«Վերջին անգամ մեր դիվանագետները Կարապետյանին այցելել են դեկտեմբերի սկզբին։ Նա հայտնում է բավարար ինքնազգացողության մասին, լավատեսություն է ցուցաբերում և մարտական է տրամադրված», - նշել է Ռուսաստանի ԱԳՆ 4-րդ դեպարտամենտի ղեկավարը։
Խոսելով Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի հետևանքների մասին՝ Կալուգինն ընդգծել է․ «Կարապետյանն արդեն կես տարի է, ինչ բանտում է գտնվում առանց դատարանի որոշման։ Մենք տեղեկացնում ենք այն ազդակների մասին, որ նման իրավիճակում մեր գործարարները սկսել են զգուշավոր կերպով գնահատել Հայաստանում իրականացվող նախագծերի հեռանկարները, հարցեր են տալիս ներդրումային միջավայրի կայունության մասին, ինչը հազիվ թե նպաստի երկկողմ առևտրի աճի դինամիկայի պահպանմանը», - նշել է Կալուգինը։