Ուկրաինայի նախագահն այսօր ներկայացրել է, թե Մայամիի բանակցություններից հետո ինչ է առաջարկվում խաղաղության ամերիկյան 20 կետանոց ծրագրով: Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ամենադժվարը տարածքների հարցն է, որոնց շուրջ ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնության չեն եկել: Նաև նշել է, որ պատրաստ է այս և մյուս զգայուն հարցերը քննարկել առաջնորդների մակարդակով:
«Ամերիկյան կողմի հետ համաձայնության չհասանք Դոնեցկի մարզի և Զապորոժիեի ատոմակայանի շուրջ։ Սակայն դրույթների մեծ մասի շուրջ մեր դիրքորոշումները շատ ավելի մոտեցրինք։ Սկզբունքորեն, այս համաձայնագրի մյուս բոլոր հարցերի շուրջ կոնսենսուսի հասել ենք», - ասել է նա:
Համաձայնագրի նոր տարբերակով՝ նախ վերահաստատվում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, ինչը ենթադրում է չհարձակման մասին համաձայնագրի կնքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Ուկրաինան պնդում է, որ իրական հրադադար հաստատվի շփման գծի ողջ երկայնքով, Ռուսաստանն էլ պահանջում է, որ ուկրաինական զորքը դուրս գա Դոնեցկից, որտեղ, որպես փոխզիջում ԱՄՆ-ն առաջարկում է ազատ տնտեսական գոտի ստեղծել:
Ըստ Զելենսկիի՝ այս հարցը կարող է որոշվել միայն հանրաքվեով, որը կազմակերպելու համար 60 օր է պետք՝ իրական հրադադարի պայմաններում։ Նա նաև ասել է, որ խաղաղության համաձայնագիրը ևս կարող է հաստատվել հանրաքվեով կամ վավերացվել խորհրդարանի կողմից: Ռուսաստանն իր հերթին պետք է ամբողջ զորքը դուրս բերի Դնեպրոպետրովսկի, Սումիի, Խարկովի և Նիկոլաևի մարզերից։
Բացի դրանից՝ ուկրաինական զորքի թիվը պետք է նվազի մինչև 800 հազար՝ ներկայիս մոտ 900 հազարի փոխարեն, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն անվտանգության ամուր երաշխիքներ կտրամադրեն Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի օրինակով, Ռուսաստանը պետք է օրենքով պարտավորվի կրկին չհարձակվել Ուկրաինայի և Եվրոպայի վրա: Զապորոժիեի ատոմակայանը, որն այժմ ռուսական վերահսկողության տակ է, պետք է համատեղ կառավարեն Ուկրաինան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, սակայն Կիևը դեմ է Ռուսաստանի մասնակցությանը:
Ուկրաինան չի ձգտի միջուկային զենք ունենալ, սակայն չի պարտավորվում հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից, ինչպես նշվում էր նախորդ տարբերակում:
«Մեր կարծիքով՝ դա ՆԱՏՕ-ի անդամների ընտրությունն է՝ ընդունե՞լ Ուկրաինային, թե՞ ոչ։ Եվ մեր ընտրությունն արդեն կատարված է», - ասել է Զելենսկին:
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինան պետք է «հնարավորինս շուտ» նախագահական ընտրություններ անցկացնի: Համաձայնագրի կատարմանը կհետևի Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհուրդը, որում ներկայացված կլինեն նաև Եվրոպան և ՆԱՏՕ-ն։
Ուկրաինան ԵՄ-ին կմիանա համաձայնագրում նշված ժամկետներում և կարճաժամկետ արտոնյալ մուտք կունենա եվրոպական շուկային, կիրականացվեն տնտեսական զարգացմանը նպաստող միջոցառումներ, կստեղծվի ֆոնդ, որը մինչև 800 միլիարդ դոլար կներգրավի երկրի վերականգնման համար: Առաջարկվում է նաև ազատ առևտրի համաձայնագիր Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։
Խախտումների դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն։ Լիարժեք հրադադարն ուժի մեջ կմտնի անմիջապես, երբ բոլոր կողմերը համաձայնեն այս փաստաթղթին:
Մոսկվան իր դիրքորոշման մասին կհայտարարի հնարավորինս շուտ
Կրեմլի խոսնակն ասել է, որ Ռուսաստանի հատուկ բանագանց Կիրիլ Դմիտրիևը Մայամիում իր հանդիպումների արդյունքների մասին արդեն մանրամասն զեկուցել է նախագահ Պուտինին։ Ըստ Դմիտրի Պեսկովի՝ Մոսկվան իր դիրքորոշման մասին կհայտարարի հնարավորինս շուտ:
«Այժմ մենք մտադիր ենք մեր ապագա դիրքորոշումը ձևակերպել պետության ղեկավարի կողմից ստացված տեղեկատվության հիման վրա և հնարավորինս շուտ շարունակել մեր շփումները ներկայումս գործող խողովակներով», - նշել է նա։
Ռազմական իրավիճակը
Չնայած խաղաղության շուրջ ամիսներով շարունակվող բանակցություններին, ռազմաճակատում իրավիճակը մնում է լարված: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական զորքը դուրս է եկել Դոնեցկի մարզի Սևերսկ քաղաքից, որտեղից ռուսական զորքը փորձում է մոտենալ Սլավյանսկին՝ շրջանի խոշոր քաղաքներից մեկին: Սևերսկի գրավումը, ինչի մասին ռուսական կողմը հայտնել էր դեռ օրեր առաջ, նաև կարող է պայմաններ ստեղծել Կրամատորսկի ուղղությամբ ռուսական հետագա առաջխաղացման համար։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Սևերսկից դուրս են եկել՝ զինվորների կյանքը խնայելու և զորքի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար:
Ռուսական զինուժը գիշերը նաև հարվածել է ուկրաինական բնակավայրերին և էներգետիկ ենթակառուցվածքներին: Զապորոժիեում 13 բազմաբնակարան շենք է վնասվել, կան վիրավորներ, Չեռնիգովում ևս բնակելի շենք է վնասվել: Նաև հարվածել են Խարկովի արվարձանում գտնվող ջերմաէլեկտրակայանի:
Ուկրաինական «Նաֆտոգազ»-ը հայտարարել է, որ ռուսական հարվածներից իր ենթակառուցվածքները լրջորեն վնասվել են: Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածներ է հասցրել, այդ թվում՝ Տուլայում գործող քիմիական գործարանի:
Հռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը հրադադար հաստատել ողջ աշխարհում
Ու մինչ կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները, Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը հրադադար հաստատել ողջ աշխարհում՝ նշելով, թե ցավում է, որ Ռուսաստանը չի համաձայնել Ծննդյան տոներին հրադադար հաստատելու առաջարկին:
«Իսկապես, ինձ մեծ տխրություն պատճառող բաներից մեկն այն է, որ, ըստ երևույթին, Ռուսաստանը մերժել է հրադադարի խնդրանքը։ Եվս մեկ անգամ ես այս խնդրանքն եմ հղում բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ գոնե Փրկչի ծննդյան տոնը հարգել որպես խաղաղության օր», - ասսել է նա։