Մատչելիության հղումներ

Այս փուլում կարելի է արձանագրել, որ Հայաստանը միակողմանի զիջում է անում Ադրբեջանին․ քաղաքական մեկնաբան


Այս փուլում կարելի է արձանագրել, որ Հայաստանը միակողմանի զիջում է անում Ադրբեջանին, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Տիգրան Գրիգորյանը՝ շեշտելով՝ դելիմիտացիայի գործընթացը սկսում է Ադրբեջանի համար նախընտրելի հատվածից։

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ համաձայնություն է տրվում, որ հայկական զորքերը հետ քաշվեն այդ գյուղերի տարածքներից՝ շատ անհասկանալի հեռանկարներով։

«Պարզ չէ, թե արդյոք Ադրբեջանը հետաքրքրված է դելիմիտացիայի գործընթացով։ Իմ ընկալմամբ, Ադրբեջանը նամանատիպ հետաքրքրություն չունի, և այն հանգամանքը, որ կա ինչ-որ լղոզված հղում Ալմա Աթայի հռչակագրին, որ նախկինում եղել է ևս, ինչպես հիշում ենք, նույն Պրահայի հանդիպումից հետո, և չկա կոնկրետ հղում կոնկրետ քարտեզներին։ Սա թույլ է տալու Ադրբեջանին ապագայում տարբեր հատվածներում, եթե նույնիսկ տեղի ունենա դելիմիտացիա, իր համար նախընտրելի պայմաններով հասնել լուծումների», - ասաց Գրիգորյանը։

Քաղաքական մեկնաբանը բացառեց, որևէ տարբերակ, որ Ադրբեջանը պատրաստ լինի դուրս հանել զորքերը Հայաստանի հարավում օկուպացրած տարածքներից։

«Ալիևն ուղիղ տեքստով հստակ հայտարարել է, որ նրանք նման նպատակ չունեն։ Այս փուլում, կարծես թե, Հայաստանի իշխանությունները հաշտվել են այդ գաղափարի հետ, որ միգուցե արժե համակերպվել այն փաստի հետ, որ Ադրբեջանը շարունակելու է օկուպացնել Հայաստանի տարածքները և Հայաստանը պետք է այսպիսի զիջումներ անի, որպեսզի խուսափի պատերազմից», - նշեց Գրիգորյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանը շատ լավ կիրառում է պատերազմի վերսկսման վտանգը կամ ուժի կիրառման վտանգը Հայաստանից ցանկալին ստանալու համար։

Ապրիլի 19-ին Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով։ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը։

Սահմանազատման հանձնաժողովները նաև հայտնել են, որ կողմերը կդիմեն իրենց կառավարություններին՝ համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Ըստ վարչապետի աշխատակազմի՝ սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են սահմանապահ զորքերին, և դա տեղի է ունենալու «կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ օր անց Ստեփանավանում, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց՝ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել։ Փաշինյանը նաև ասաց, որ որքան հնարավոր է արագ Տավուշի մարզի սահմանազատվող տարածքներում երկու կողմի սահմանապահները կկանգնեն զինվորականների փոխարեն։ Նրա խոսքով՝ պետք է փոխվի տեղացիների հոգեբանությունը, որ այլևս առաջնագիծ չկա, այլ կա պետական սահման, ասաց կառավարության ղեկավարը։

Տիգրան Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG