Մատչելիության հղումներ

Չորս գյուղերը վերադարձնելը երաշխիք չէ, որ պատերազմ չի պայթի. ինչով ավարտվեց տավուշյան քննարկումների 1-ամսյակը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում, 18-ը մարտի, 2024թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում, 18-ը մարտի, 2024թ.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ», - վարչապետ Փաշինյանն այս համոզմամբ մեկ ամիս առաջ մեկնեց Տավուշ՝ սահմանամերձ Ոսկեպար ու Կիրանց՝ բնակիչներին բացատրեց սահմանազատման ու սահմանագծման նրբությունները։ Նկարագրեց, իր ձևակերպմամբ, իրական Հայաստանի սահմանները, ընդունեց, որ սահմանագծումից հետո ադրբեջանական դիրքերն ավելի կմոտենան նրանց տներին։

«Մենք տեսնում ենք, որ իրական հնարավորությունը սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում», - նշել է Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի զրույցից տասն օր առաջ Բաքուն էր պահանջել 90-ականներից հայկական վերահսկողության տակ գտնվող չորս գյուղերն անհապաղ վերադարձնել։ Բաղանիս Այրումնը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, որ կպած են հայկական Ոսկեպարին, Բաղանիսին, Կիրանցին ու Բերքաբերին։ Այս հայտարարությունից երկու օր առաջ էլ սահմանազատման ու սահմանագծման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների համատեղ նիստ էր եղել։

Հայաստանի ղեկավարը մինչև Տավուշ մեկնելը ասուլիսով արձանագրեց՝ դրանք երբեք Հայաստանի տարածքում չեն եղել, Տավուշի գյուղերը չեն, Ադրբեջանինը՝ Ադրբեջանին։

Բուռն քննարկումներից շաբաթներ անց փոխվարչապետը, որ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի ղեկավարն է, ոչ միայն հերքեց, որ այս հատվածից սահմանազատումը սկսելու համաձայնություն կա, այլև ընդհանրապես, որ այն գործնական փուլ է մտել, ինչպես Փաշինյանն էր ձևակերպել։

Մարտի կեսին գործնական փուլի մեկնարկից խոսող Փաշինյանը ապրիլի սկզբին «Ազատության» հետ հարցազրույցում արդեն պնդեց՝ կոնկրետ տեղանքում սահմանազատում սկսելու որոշում չունեն։

«Որոշում չկա, մենք չենք եկել համաձայնության, որ այս կետից, էս ինչ ձևով էսքան հատվածում սկսում ենք պրոցես, բայց վաղը կարող ա համաձայնության գանք», - նշել է վարչապետը:

Հայաստանի վերահսկողության տակ գտնվող գյուղերը վերադարձնելու մեկամյսա թեժ քննարկումներում այդպես էլ անորոշ մնաց մեկ հարցի պատասխան՝ ո՞ր թվականի քարտեզով են կողմերը Հայաստանի սահմանը գծելու

Վերջին շաբաթների քննարկումներն ավելի հստակեցրին՝ նախկին ադրբեջանաբնակ չորս գյուղերը վերադարձնելը երաշխիք չէ, որ պատերազմ չի պայթի և Ադրբեջանը կվերադարձնի իր վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքները։

«Իսկ այդ հատվածներում սահմանազատումն ու դրա իրականացումը երաշխավորում է արդյոք անվտանգություն, չի երաշխավորում։ Բայց հարցը հասցեագրումից հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում, և այս բացասական երաշխիքը նախ պիտի չեզոքացնենք», - հայտարարել է Փաշինյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG