Մատչելիության հղումներ

Քերոբյանի փաստաբան. Չկան հիմնավոր ապացույցներ ու մեղադրանք


Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը դատարանում, Երևան, 16-ը փետրվարի, 2024թ.
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը դատարանում, Երևան, 16-ը փետրվարի, 2024թ.

Տնային կալանքի տակ գտնվող էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի փաստաբանը հայտարարում է՝ քրեական գործում չկան հիմնավոր ապացույցներ ու մեղադրանք։

«Փաստորեն, այդ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները բավական մոտ են զրոյին», - հայտարարեց Էդուարդ Եգորյանը:

Վահան Քերոբյանը մեղադրվում է «Սիներջի»-ի գործով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ անցած տարի Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած երկու ընկերությունների միջև ընտրություն է կատարվել հօգուտ ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի»-ի։ Քննիչները պնդում են, թե նախարարն ու մյուս աշխատակիցներն այնպես են արել, որ ավելի ցածր գին առաջարկած «Հարմոնիա» ընկերությունը զրկվի մրցույթին մասնակցելուց։

«Բայց ես էդտեղ գտել եմ բազմաթիվ ապացույցներ, բազմաթի՛վ ապացույցներ, որոնք որ էն մասին են, որ Վահան Քերոբյանը չի կատարել էդ արարքը և կատարել է այլ արարքներ, որոնք հերքում են էս արարքի կատարումը, ուղիղ հակառակ են էս իրեն մեղսագրվող արարքի կատարմանը», - ասաց փաստաբանը:

Հրաժարականի դիմումից մեկ օր անց Քննչական հարցաքննության կանչված և ձերբակալված, ապա երկու ամսվա տնային կալանք ստացած նախկին նախարարը մեղադրանքը չի ընդունում։

Փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց՝ Քննչական կոմիտեն մեղադրանքի վերաբերյալ անգամ հարցեր չունի Քերոբյանին։

«Ուղղակի չկան այնպիսի բովանդակային լուրջ հարցեր, որոնցից հնարավոր կլինի հասկանալ, որ մարդիկ ցանկանում են քննել, պարզել բազմակողմանիորեն, թե ինչ է տեղի ունեցել: Սա, մեղմ ասած, նախաքննություն չի, սա կարծես մի միաբանության կողմից իրենց համոզմունքների քարոզն է, ուղղակի այն արտահայտվում է փաստաթղթերի միջոցով, գրավոր աշխատանքի, որի անունը նախաքննություն է», - պնդեց Եգորյանը:

Արդյո՞ք Փաշինյանի կաբինետի նախկին անդամի քրեական գործում քաղաքական ենթատեքստ կա. փաստաբանն այս հարցին ուղիղ չպատասխանեց, բայց և չբացառեց, որ իրավապահները, ուսումնասիրելով մրցույթի մանրամասները, եզրակացրել են, թե հանցագործություն են հայտնաբերել, և այս մասին տեղեկացրել են բարձրագույն իշխանությանը։

«Հենց սա ենք քննարկել, և եթե այդ թվում վարչապետին տրվել է այն բովանդակությամբ զեկուցագիր և էսպես կողքից էլ մի երկու փաստեր, որ իբր այ հենց սենց է եղել, ապա դա ապատեղեկատվություն է եղել», - ասաց Եգորյանը: Հարցին՝ իսկ մոտիվը ո՞րն է, փաստաբանն արձագանքեց. - «Սրա մասով մենք չունենք դեռ փաստարկված ու պատճառաբանված ձևավորված դիրքորոշում»:

Դատախազությունն առայժմ չի անդրադառնում փաստաբանի այս մեկնաբանություններին, միայն հայտնում են, որ դեռ նախաքննություն են անցկացնում՝ բոլոր հանգամանքները պարզելու համար։

Ի դեպ, վարչապետ Փաշինյանն այսօր էկոնոմիկայի նորանշանակ նախարարին ներկայացնելիս նաև Քերոբյանի գործից է խոսել։

«Ես կարող եմ գնահատանքի խոսքեր ասել էկոնոմիկայի նախարարի կարգավիճակում Վահան Քերոբյանի աշխատանքի վերաբերյալ, բայց այս պահին չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել՝ այն իմաստով, որ գիտեք՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պարոն Քերոբյանի պաշտոնանկությունը, բայց նաև պետք է ուշադիր լինենք, որ որևէ անմեղության կանխավարկած չխախտենք և որևէ ազդեցություն չունենանք նաև քննության արդյունքների վրա», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Սիներջի»-ի գործով ևս 7 մեղադրյալ կա՝ Քերոբյանի նախկին տեղակալ Անի Իսպիրյանը, նախարարության ևս երեք աշխատակից, նաև «Սիներջի»-ի ղեկավարը և նախկին ու ներկայիս երկու աշխատակից։ Ընդ որում՝ «Սիներջի»-ի ներկայացուցիչները, որոնցից մեկն Ազգային ժողովի նախագահի եղբոր կինն է, նախ կալանավորվեցին, ապա ազատ արձակվեցին։ Դատախազությունը հաշվի էր առել նաև այն, որ նրանք ցուցմունքներ էին տվել էական հանգամանքների վերաբերյալ։

«Ըստ նախաքննական մարմնի և Դատախազության, ենթադրում եմ, որ իրենց համար պիտանի ցուցմունք է եղել, որովհետև ասում են՝ էական հանգամանքներ է հայտնել, ըստ իրենց», - նշեց Եգորյանը:

Մինչդեռ Անի Գևորգյանի ու «Սիներջի»-ի ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի փաստաբաններն ասացին՝ նրանք առհասարակ Քերոբյանի վերաբերյալ ցուցմունք չեն տվել։

«Պարոն Հովհաննիսյանը ցուցմունք է տվել գործի իրողությունների վերաբերյալ, էդ թվում նաև էն իրողություններից, որը վարույթ իրականացնող մարմնի համար անհասանելի և անհասկանալի է եղել», - «Ազատությանն» ասաց «Սիներջի»-ի ղեկավարի պաշտպան Գոռ Օհանյանը:

Օհանյանի հավաստմամբ՝ իր պաշտպանյալը հերքել է իրավապահների վարկածը. - «Որ նման բան, որ առավելություն տրվի, նման բան չի եղել, դա կարա լինի մեկնաբանություն»:

47-ամյա Քերոբյանը բողոքարկել է երկամսյա տնային կալանքի որոշումը, փաստաբանը պնդում է՝ նախկին նախարարն աշխատանքի բազմաթիվ առաջարկներ ունի, բայց չի կարող պատասխանել դրանց կամ էլ աշխատանք որոնել։

XS
SM
MD
LG