Մատչելիության հղումներ

Քերոբյանի պնդմամբ՝ չապացուցված մեղադրանքի համար ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում


Ինտենսիվ այգիների ծրագրով ավելի քան 200 միլիոն դրամի ենթադրյալ հափշտակության քրեական գործով նոր զարգացումների ֆոնին՝ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է՝ չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում։

«Եթե մարդուն գողություն անելուց չեն բռնել, հիմա մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք, որ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու։ Դրա համար ես կարծում եմ՝ մենք պետք է մշակութային փոփոխություն անենք, հասկանանք՝ մենք թո՞ւյլ ենք ենք տալիս, որ մարդիկ սխալներ թույլ տան երբեմն, չնայած այս պարագայում ես վստահ եմ, որ այդպիսի սխալներ էլ առանձնապես չկան», - ասաց Վահան Քերոբյանը։

«Բյուջեից փող տարվե՞լ է, թե՞ չէ, ընդ որում էական չէ՝ ով է տարել, եթե տարվել է, դա ուրիշ բան է, եթե չի տարվել, դա Ձեր ասած՝ սխալվելու իրավունքն է, իհարկե ոչ թե սխալվելու իրավունք, իրավունք ունենաս-չունենաս, մենք բոլորս էլ սխալվում ենք, բայց հարցն այդ սխալի բովանդակությունը և էությունն է», - նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինտենսիվ այգիների հարցը գործադիրի այսօրվա նիստում երկար քննարկվեց։ Կառավարությունն այսօր որոշեց պետական աջակցության ծրագիրը երկարաձգել ևս 2 տարով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում հայտարարեց` ծրագիրը չպետք է դադարեցվի միայն այն պատճառով, որ իրավապահնները չարաշահումներ են հայտնաբերել։

«Մենք մեր ֆինանսավորումը պետք է շարունակենք, իհարկե գնալով ընթացակարգերի լավարկման, իրավապահներն էլ թող իրենց գործն անեն, ով գողանում է այդտեղից՝ թող գնա, պատասխանատվություն կրի», - ասաց նա։

Ծրագրիրը ներկայացնելիս էկոնոմիկայի նախարարը հայտնեց, թե Հայաստանում 5 տարում շուրջ 7 հազար հեկտար ինտենսիվ այգի հիմնելու պայմանագիր է կնքվել։

Վարչապետը նախարարի ներկայացրած թիվը կասկածի տակ դրեց՝ մատնանշելով անցած շաբաթ հայտնի դարձած հափշտակության քրեական գործը, որի շրջանակում նաև էկոնոմիկայի նախարարի ենթականերից մեկն է մեղադրվում։

«Մենք ասում ենք՝ 7 հազար հեկտար ինտենսիվ այգի ենք հիմնադրել, բայց մենք պետք է նաև այս գլխից արձանագրենք, որ այս թիվը, ըստ ամենայնի, օբյեկտիվ չի, որովհետև մենք դեպքեր ունենք, երբ բացահայտվել են որոշ չարաշահումներ, որ իրականում, կամ առնվազն կան կասկածներ, քննություն կա, որ ինտենսիվ այգի չկա, բայց սուբսիդավորումը կա», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վահան Քերոբյանը հակադարձեց՝ ենթադրյալ հափշտակությունն իրականացված ծրագրի ընդամենը 0.2 տոկոսն է. - «Պարո՛ն վարչապետ, ես իմ խոսքում իզուր չէ, որ սկզբից նշեցի, որ 100 միլիարդ դրամի … մոբիլիզացիա է եղել, և վերջերս իրավապահների հայտնաբերած խախտումները վերաբերում են ընդամենը 234 միլիոն դրամի խախտման, որն ընդհանուր ծավալի 0.2 տոկոսն է։ Ասենք՝ սովորական բանկերը երբ վարկավորում են անում, 2-3 տոկոս ի սկզբանե դնում են, որ այդքանը կորի, ընդ որում այն չարաշահումները, որի մասին խոսք է գնում, ըստ էության ոչ թե գողության մասին է, այլ շահառուների կողմից խարդախություն անելու մասին»։

Անցած շաբաթ իրավապահները հայտնեցին, որ ինտենսիվ այգիների ծրագրի շահառու են դարձել քաղաքացիներ, որոնք չեն համապատասխանել դրա չափորոշիչներին ու պետական ֆինանսավորում են ստացել։

Քննչական կոմիտեից «Ազատության»-ն այսօր հայտնեցին, որ գործով արդեն 5 մեղադրյալ կա, այդ թվում՝ մեկ պաշտոնյա։ Թե ով է նա, չեն բացահայտում։ Միայն հայտնում են՝ պաշտոնյան 3 կալանավորված անձանցից մեկն է, մյուսները չբացակայելու ստորագրություն են տվել։

Էկոնոմիկայի նախարարության անցկացրած պետական մրցույթին առնչվող մեկ այլ դրվագով էլ անցած շաբաթ նախարարության 3 պաշտոնյայի, այդ թվում՝ էկոնոմիկայի փոխնախարարի նկատմամբ տնային կալանք կիառվեց։ Գործով անցնող «Սիներջի» ընկերության նախկին ու ներկա աշխատակիցները կալանավորված են։

XS
SM
MD
LG