Մատչելիության հղումներ

«Սիներջի»-ի գործով անցնող երկու անձ ազատ է արձակվել, ընկերության հիմնադիրը դեռ կալանքի տակ է


Այսօր դատախազի նախաձեռնությամբ ազատ են արձակվել պետական գնումներին առնչվող գործով անցնող «Սիներջի» ընկերության նախկին ու ներկա աշխատակիցներ Անի Գևորգյանն և Լիլի Մկրյանը։

Նրանք կալանավորված էին արդեն ավելի քան 10 օր և մեղադրվում են հանցագործությանն օժանդակելու հոդվածով։ Ըստ Քննչական կոմիտեի՝օգնել էին էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանին ու նույն նախարարության ևս մի քանի աշխատակցի անցնել իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները։ Պաշտոնյաներն էլ մեղադրվում են լիազորությունները չարաշահելու հոդվածով, սակայն նրանք ի սկզբանե ոչ թե կալանավորվել էին, այլ տնային կալանքի տակ էին։

Իր այսօրվա որոշումը հիմնավորելիս դատախազը նշել է, թե «նվազել է մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը»։

«Հաշվի են առել, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ։ Դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է երկու մեղադրյալների նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն», - ասված է դատախազության հայտարարության մեջ, որում, սակայն, չեն մանրամասնել, թե հստակ ում երաշխավորության մասին է խոսքը, բայց ակնհայտ է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների՝ դեռ անցյալ շաբաթ դատախազին ներկայացված երաշխավորության մասին է։

Այս գործով անցնող կանացից մեկը՝ Անի Գևորգյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է։ Հարցին, թե արդյոք այս պատճառով են պատգամավորները երաշխավորություն տվել դատախազությանը, նրանք պատասխանում էին, թե ոչ։

Անցյալ շաբաթ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել էր, որ որոշումը կայացրել են՝ նաև հանրային ազդակները հաշվի առնելով:

«Հատկապես հաշվի է առնվել այն, որ կան մեղմացուցիչ հանգամանքներ, հատկապես կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով, և, ըստ էության, քննարկել ենք երեկ խմբակցության նիստում ու, ըստ էության, դրական ենք տրամադրված միջնորդություն ներկայացնելու՝ երկու կանանց, նաև՝ պարոն Հովհաննիսյանի մասով»։

Այնուամենայնիվ, դեռ կալանքի տակ է «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը, թեև նրա համար ևս պատգամավորները երաշխավորություն տվել էին։

«Պարոն Հովհաննիսյանը ևս մասնակցել է բոլոր այդ գործողություններին՝ առերեսումների, բազմածավալ հարցաքննությունների, բավական ծավալուն ցուցմունք է տվել իրոողությունների վերաբերյալ, և եթե խափանման միջոցը փոխելու միջնորդության բավարարման տրամաբանությունը եղել է դա, հետևաբար միգուցե և ակնկալիք կա, որ պարոն Հովհաննիսյանի վերաբերյալ պետք է համարժեք և միատեսակ մոտեցում լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանի պաշտպան Գոռ Օհանյանը։

Նա նկատեց, որ իր պաշտպանյալը ևս մասնակցել է հարցաքննությունների ու առերեսումների, ու դատախազության ներկայացրած փաստարկները «Սիներջի»-ի կանանց ազատ արձակելու վերաբերյալ հեշտությամբ պետք է տարածվեին նաև իր պաշտպանյալի վրա, որին այսօր ազատ չարձակեցին. -«Ինչի չեն բաց թողել հարցը քրեական հետապնդման մարմիններին և դատախազությանը, ավելի հստակ կպատասխանեն»։

Դատախազությունն ու Քննչական կոմիտեն, սակայն, քչախոս են մեծ աղմուկ բարձրացրած այս քրեական գործի վերաբերյալ։ Ըստ նախաքննական մարմնի՝ գործը մի պետական մրցույթով պատվիրված թվային ծառայության մասին է, որն ի վերջո իրականացրել է ոչ թե «Սիներջի» ընկերությունը, այլ մրցակիցը, միայն թե մրցույթում հաղթել է դատարան դիմելուց ու Էկոնոմիկայի նախարարության համապատասխան հանձնաժողովի որոշումը վիճարկելուց հետո։ Ըստ գործի նյութերի՝ փոխնախարարը և իր ենթակաները մրցույթի երկրորդ փուլում, փոխելով դրա պայմանները, փորձել էին ապահովել «Սիներջի»-ի հաղթանակը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ավելի վաղ տված հարցազրույցներում «մտացածին սկանդալ» է որակել այս գործը, նկատելով, որ քննչական մարմինը խոսում է առերևույթ կառուպցիայի մասին, չնշելով, որ խոսքը կաշառքի մասին չէ։

XS
SM
MD
LG