Մատչելիության հղումներ

Վարչապետն ասում է՝ Պուտինին ձերբակալողն ինքը չէ, Մոսկվան երաշխիքներ է պահանջում


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին՝ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Երևան, նրան կձերբակալե՞ն։

Հայաստանը 12 օր առաջ պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին։ Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ հենց այս դատարանն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։

Լրագրողի շատ ուղիղ հարցին Հայաստանի վարչապետը պատասխանեց շատ հեռվից՝ Հռոմի ստատուտին միանալու գործընթացը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերին, և այդ որոշումը պայմանավորված է Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխությամբ, ըստ որի՝ անվտանգության համակարգում որոշակի ճեղքեր են առաջացել:

«Դա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը ես պետք է քննարկեմ և որին պետք է արձագանքեմ», - ասաց նա:

Մեկնաբանն, այդուհանդերձ, փորձեց ևս մեկ անգամ հասկանալ՝ ի՞նչ կանի Հայաստանի ոստիկանությունը, եթե Պուտինը ժամանի Հայաստան։

«Իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները, այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը՝ այդ մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չի ձերբակալել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Չուշացավ Կրեմլի արձագանքը։ Մոսկվան հստակ հավաստացիումներ է պահանջում Երևանից։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսոկվն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ նոր իրողությունը չի կարող բացասաբար չանդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա, ուստի վճռական են հարցը քննակել հայ գործընկերների հետ մինչև Պուտինի հնարավոր այցը Հայաստան։

Պուտինին չձերբակալելով Հայաստանը պարզապես կխախտի Հռոմի կանոնադրությունը. իրավունքի փորձագետ

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ավելի վաղ պնդել էր, թե պետությունների գործող ղեկավարներն իմունիտետ ունեն, ուստի Ռուսաստանի նախագահին ձերբակալություն չի սպառնում, եթե նա ժամանի Հայաստան։ Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը հակադարձում է՝ չձերբակալելով Պուտինին Հայաստանը պարզապես կխախտի Հռոմի կանոնադրությունը։ Այլ հարց է՝ կգնա՞ արդյոք Հայաստանը այդ ռիսկին։

«Ավելի իրատեսական է, որ եթե Պուտինը գա Հայաստան, Հայաստանը չի ձերբակալի, բայց դա չի նշանակում, որ դրանով Հայաստանը չի խախտի Հռոմի ստատուտը, Ռուսաստանում արդեն հայտարարել են, որ Պուտինի ձերբակալումը համարվելու է պատերազմի ակտ, դա նշանակում է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահելու ռազմական ուժ կիրառել։ Սա արդեն բավարար է, որ Հայաստանը որոշի նրան չձերբակալել։ Հաագայում էլ հասկանալով կմոտենան այդ հանգամանքին, բայց միևնույն է՝ կարձանագրեն, որ Հայաստանը խախտել է Հռոմի ստատուտը։ Հիմա այնպես չի, որ հենց այդ պատճառով Հայաստանին կհեռացնեն, բայց սկզբունքորեն, իրավաբանորեն Հայաստանը և ցանկացած երկիր 124 երկրներից պարտավոր են ձերբակալել ցանկացած անձի, ում նկատմամբ հետախուզում է հայտարարել դատարանը», - ասաց նա։

Հիշելով այլ նախադեպային գործեր՝ միջազգային իրավունքի մեկ այլ մասնագետ Գուրգեն Պետրոսյանն ակնարկում է՝ որոշակի իրավական կազուսներ կարող են առաջանալ։

«Թեև գործող նախագահը չունի անձեռնմխելիություն միջազգային քրեական դատարանի առաջ, ինքը մեկ է՝ շարունակում է մնալ անձեռնմխելի ազգային դատական համակարգի դիմաց, և որպեսզի իմպլեմենտացվի ձերբակալման որոշումը, այստեղ հարկավոր էր, որ դատական համակարգը ներգրավվի գործընթացի մեջ, և այս պարագայում այս անձեռնմխելիությունը գործող նախագահի դեպքում որևէ խթան է հանդիսանում ձերբակալման որոշումը ի կատար ածելուց», - ասաց նա։

Վարչապետը խուսանավեց հարցից՝ չտրվելով սադրանքների, կարծում է Պետրոսյանը՝ եզրահանգելով՝ լավագույն լուծումը կլիներ, եթե ամեն դեպքում Պուտինը Հայաստան չգար. - «Բայց սա կարող է նաև արևմտյան գործընկերների մոտ և միջազգային քրեական դատարանում որոշակի հուսահատություն առաջացնի Հայաստանի այսպիսի մոտեցման վերաբերյալ, բայց հուսամ, որ լավագույն դեպքում կլինի այն, որ Պուտինը չայցելի Հայաստան»։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը դեռ անցած ասել էր, որ Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում, սակայն ռուսական կողմից պատասխան դեռ չկա։

Իրավունքի մասնագետները համոզված չեն, որ այն կիրառելի կլինի այս դեպքում։ Արա Ղազարյանը բացատրում է՝ պետությունները նախքան վավերացումը պետք է պայմանավորվածություններ ձեռք բերեին հակասական իրավիճակների վերաբերյալ։

«Բայց դա չի վերաբերում այն դեպքերին, երբ դու արդեն վավերացրել ես, ընդունել ես Հռոմի ստատուտով քո պարտավորությունները և դրանից հետո մեկ այլ պետության հետ պայմանագիր ես կնքում, որով, ըստ էության, դու քո պարտավորությունները դատարանի առջև ձևափոխում ես, այլ կերպ ասած՝ վերապահում չի թույլատրվում, դրա համար մեր քաղաքական ղեկավարությունն այս հարցին հստակ չի պատասխանում»։

Այս տարի ԵԱՏՄ-ն նախագահում է Հայաստանը։ Առայժմ տեղեկատվություն չկա՝ կկայանա՞ արդյոք որևէ նիստ Երևանում, և կժամանի արդյոք Պուտինն այդ նպատակով Հայաստան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG