Մատչելիության հղումներ

Յուրաքանչյուր իրեն հարգող պետություն պետք է հետևի իր ստանձնած պարտավորություններին. Փաշինյանն՝ Ադրբեջանի մասին


Հայաստանի կառավարությունն ինչպես նախկինում ունի քաղաքական կամք՝ գնալու տարածաշրջանում խաղաղության, կոնկրետ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հայտնի պայմանավորվածությունների հիման վրա, The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են։ Նախորդ տարեվերջին թվում էր, որ մոտ ենք վերջնական տեքստի համաձայնեցմանը, սակայն սկզբից Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել բանակցություններին, ապա նշանակվեցին նախագահական ընտրություններ։ Այս կետի վրա ենք այսօր», - նշել է վարչապետը։

Ադրբեջանի նախագահի հունվարին արած հայտարարությունները Նիկոլ Փաշինյանը գնահատում է որպես հարված խաղաղության գործընթացին։ Իլհամ Ալիևը վերահաստատել էր Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի իր պահանջը, բացառել Հայաստանի տարածքից իր զորքերի դուրսբերումը։

«Քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել մասնավորապես Պրահայի և Սոչիի հայտարարությունների տակից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և ցանկացած հայտարարություն, որը հակասում է այս տրամաբանությանը, ապօրինի է» - ասել է նա՝ անդրադառնալով Ալիևի կողմից՝ սահմանը Խորհրդային Միության վերջին քարտեզով գծելու ՀՀ առաջարկի մերժմանը:

The Telegraph-ի մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթի հարցին՝ «վախ ունե՞ք», որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարղ է սկսվել երրորդ պատերազմ, վարչապետ Փաշինյանը պատասխանել է. - «Վախը ճիշտ բառ չէ օգտագործելու համար, որովհետև ՀՀ-ն ժողովրդավարական, զարգացող պետություն է և իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ, և միջազգային հանրությունը տեսավ վերջին տարիներին, որ մեր երկրի դիմակայունությունը բարձրացել է։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային ապակայունացմանը և դրան ուղղված քայլերին, իհարկե ցանկացած բանական մարդու մոտ դա առաջացնում է մտավախություններ»։

Արձագանքելով հայկական բանակը զինելու մասին Ալիևի քննադատություններին՝ Հայաստանի ղեկավարն ընդգծել է՝ զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է. - «Եվ ՀՀ-ն ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու իրավունք, այն արձանագրմամբ, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը ինքնիշխանությունն ամրապնդելու համար է բանակ ստեղծում»։

«Հայաստանը ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում է տարածաշրջանի բոլոր երկրներից։ <>

Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, կանեմ աշխատանքի այն բաժինը, որը վերաբերում է մեզ, և ես հույս ունեմ, որ մեր տարածաշրջանի մյուս երկրները նույնպես այդպես կվարվեն», - հավելել է նա։

Լրագրողի դիտարկմանը, թե նույնիսկ եթե խաղաղության, տարածքային ամբողջականության մասին միջազգային երաշխիքներ ստանա Բաքվից, արդյոք հավատո՞ւմ է Ալիևին, որ վերջինս կպահի պայմանավորվածությունները, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. - «Ես հավատում եմ Աստծուն և կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն պետք է հետևի իր ստանձնած պարտավորություններին»։

Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չի քննարկում

Հայաստանը չի ժխտում և մերժում Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանարապես և անվտանգության ոլորտում ևս, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով՝ անվտանգության ոլորտում պատրաստ են, և քննարկում են ու աշխատում հարաբերություններ հաստատել, օրինակ, Եվրամիության, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Իրանի և այլ երկրների հետ:

«Նույն Միացյալ Նահանգների, կամ Ֆրանսիայի, կամ Հնդկաստանի, կամ Եվրամիության հետ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները բնականաբար ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Դրանք պարզապես այն արձանագրման իրողությունն են, որ նախկինում մեր ունեցած անվտանգային հարաբերությունները չեն հասցեագրում մեր անվտանգային կարիքները», - ընդգծել է նա:

Հայաստանը դիտարկո՞ւմ է ապագայում ՆԱՏՕ-ի անդամակցություն, վարչապետն ասել է՝ նման հարց օրակարգում չկա:

«Մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում: Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և այդտեղ որևէ նորություն չկա», - նշել է նա։

«Եվրամիության հետ մեր հարաբերությունները խորանում են»

«Եվրամիության հետ մեր հարաբերությունները խորանում են», - նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ուշադրություն հրավիրելով Վրաստանի՝ Եվրամիության անդամության թեկնածու դառնալու փաստի վրա։ «Հայաստանի Հանրապետությունը և մեր կառավարությունը պիտի դիրքավորվի այդ իրադարձության նկատմամբ։ Կարող եմ մի բան ասել, և թերևս իմ ասածից ակնհայտ է` եթե ես Վրաստանին և Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել եմ այդ առիթով, ակնհայտ է, որ ես դա համարում եմ դրական իրադարձություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG