Մատչելիության հղումներ

Կիրակոսյան․ Հռոմի ստատուտի վավերացման դեպքում Պուտինին Հայաստանում ձերբակալություն չի սպառնում


Հռոմի ստատուտի քննարկումը ԱԺ հանձնաժողովում, 28-ը սեպտեմբերի, 2023թ․
Հռոմի ստատուտի քննարկումը ԱԺ հանձնաժողովում, 28-ը սեպտեմբերի, 2023թ․

Ռուսաստանի նախագահին ձերբակալություն չի սպառնում, եթե նա
Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո ժամանի Հայաստան։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պնդմամբ՝ նախ՝ պետությունների գործող ղեկավարներն իմունիտետ ունեն, երկրորդ՝ այդ մտահոգությունները ցրելու համար Երևանը նաև Մոսկվային ամիսներ առաջ առաջարկներ է ուղարկել։

Ըստ Կիրակոսյանի՝ դա ենթադրում է նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ համաձայնագրի կնքում, «որը կարող է կարող է նախատեսել որոշակի կարգավորումներ, պարտավորություններ երկկողմ մակարդակով, որը կարող է նաև այս հավանական խնդիրը շատ, կարծում եմ, ճիշտ իրավական հունով լուծել, կամ այս մտահոգությունը հանգուցալուծել»։

Կառավարության ներկայացուցիչն ասաց, թե դեռ ապրիլին ուղարկված առաջարկին Մոսկվան չի արձագանքել։ Չհստակեցրեց՝ արդյոք Մոսկվայից պարզաբանե՞լ են, թե ինչն է հապաղման պատճառը։ Եթե Պուտինին ձերբակալելու վտանգ չկա, ապա ինչո՞ւ է Մոսկվան այդքան սուր արձագանքում Երևանի որոշմանը, Կիրակոսյանն ասաց՝ չգիտի. - «Բայց, ամեն դեպքում, եթե նույնիսկ խնդիր կա, լուծումներ կան»։

Չնայած պաշտոնական Մոսկվայի անթաքույց դժգոհությանն ու զգուշացումներին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Ռուսաստանի նախագահի ձերբակալման օրդեր տված Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու նախագծին: Փաստաթուղթն ընդգրկվեց հոկտեմբերի 3-ին մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստում:

Այսօր Մոսկվայից կրկին սպառնացել են՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա, առանց հստակեցնելու, թե ինչ քայլերի կդիմեն։

Կառավարության ներկայացրած նախագծի քննարկմանն այսօր ընդդիմադիր երկու խմբակցությունները չէին մասնակցում։

«Հայաստան» խմբակցությունը Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը համարում է հակասահմանադրական։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը պնդում է, թե Սահմանադրական դատարանն իրավունք չուներ առանց սահմանադրական համապատասխան փոփոխությունների քննել միջազգային պայմանագրի սահմանադրականությունը։ Ասածը հիմնավորում են Բարձր դատարանի 2004 թվականի որոշմամբ, որով ստատուտը Սահմանադրությանը հակասող էր ճանաչել։

Մինչդեռ Սահմանադրական դատարանի նախագահն անդրադառնալով դատարանի 2004 թվականի որոշմանը հայտարարել էր, որ սահմանադրական երկու փոփոխություններից հետո իրավիճակ է փոխվել, դատարանն էլ այս տարվա մարտին որոշեց, որ փաստաթուղթն այլևս չի հակասում Մայր օրենքին։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժն էլ ամիսներ առաջ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու իշխանությունների որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն էր որակել՝ հղի անկախատեսելի հետևանքներով:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչն այսօր դարձյալ շեշտեց, որ փաստաթուղթը վավերացնելու իրական պատճառը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելն է ռազմական հանցագործությունների համար: Ստատուտին միանալը, ըստ Կիրակոսյանի, նաև կանխարգելիչ ազդեցություն կունենա:

«Վստահ ենք, որ կստեղծի ևս մեկ լրացուցիչ իրավական կանխարգելիչ մեխանիզմ Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնադրության իրավազորությանը ենթակա ծանրագույն հանցագործությունների կատարումը կանխարգելելու տեսանկյունից», - հայտարարեց Եղիշե Կիրակոսյանը։

Արցախցիների բռնի տեղահանման հարցը ևս, ըստ կառավարության ներկայացուցչի, Հայաստանի դիմումով Միջազգային քրեական դատարանը կարող է քննել․ - «Խոսքը գնում է այս դեպքում մարդկայնության դեմ ուղղված հանցագործության տարատեսակի մասին, այսինքն՝ բռնի տեղահանում կամ զանգվածային տեղահանումներ, որը կանոնադրությամբ նախատեսված հանցատեսակ է, հանցագործության տեսակ է, և կա նաև նմանատիպ նախադեպ՝ Միջազգային քրեական դատարանի կողմից իրավազորությունը ճանաչելու»։

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ի ուղերձում պնդել էր՝ ստատուտին միանալն անկախությունը պաշտպանելու միջոցներից մեկն է, որն, ըստ վարչապետի, Հայաստանին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG