Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հռոմի կանոնադրության վավերացմանը


Չնայած պաշտոնական Մոսկվայի անթաքույց դժգոհությանն ու զգուշացումներին, Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի կառավարության ներկայացրած նախագծին:

Միջազգային համաձայնագիրն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստում: Ընդդիմադիր երկու խմբակցությունները չէին մասնակցում քննարկմանը։

Նախագիծը ներկայացնելիս Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը շեշտեց, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու իրական պատճառը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար լրացուցիչ միջազգային իրավական մեխանիզմ ունենալն է: Ստատուտին միանալը, ըստ Կիրակոսյանի, նաև կանխարգելիչ ազդեցություն կունենա:

Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998 թվականին, բայց մինչև հիմա չի վավերացրել։

Այս տարվա մարտին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:

Դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել:

Ռուսական կողմը մտահոգություններ ունի, թե Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար:

Այսօր հանձնաժողովի նիստից հետո Կիրակոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ չի կարծում, թե Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստան մուտք գործելուց հետո ձերբակալելու մասին կարող է խոսք լինել։

Նա ընդգծեց՝ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։

«Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում», - ասաց Կիրակոսյանը՝ մանրամասնելով, որ ռուսական կողմին առաջարկված երկկողմ համաձայնագրով կողմերը պարտավորվում են միմյանց երաշխիքներ տրամադրել ամենաանհանգստացնող հարցերի վերաբերյալ։

Կիրակոսյանի խոսքով՝ առաջարկն ուղարկվել է ապրիլին, սակայն պատասխան այդպես էլ չի ստացվել։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ չհստակեցրեց՝ արդյոք Մոսկվայից պարզաբանել են, թե ինչն է հապաղման պատճառը։

Թե այս պարագայում ինչո՞ւ է ռուսական կողմն այդպես սուր արձագանքում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը, Կիրակոսյանը պատասխանեց․ - «Չեմ կարող ասել։ Բայց եթե նույնիսկ խնդիր կա, լուծումներ էլ կան, դրանք հնարավոր է իրականացնել կանոնադրության տրամաբանության մեջ»։

XS
SM
MD
LG