Մատչելիության հղումներ

«Վաղվանից մենք բոյկոտում ենք ավագանու բոլոր նիստերը»․ Վարդան Ղուկասյան


Երևանի ավագանու հինգ ընդդիմադիրների ճակատագիրը վաղվա արտահերթում ըստ էության կախված է «Հանրային ձայն»-ի մեկ քվեից, ու թեև վճռորոշ նիստին ընդառաջ այդ կուսակցության նախկին առաջնորդ, հետախուզվող Վարդան Ղուկասյանը կոչ արեց բոյկոտել այդ ու մյուս նիստերը, առայժմ պարզ չէ՝ խմբակցության հինգ անդամները կհետևե՞ն վերջերս կուսակցությունից հեռացված Ղուկասյանի հորդորին, թե՞՝ ոչ։

«Մենք բոյկոտում ենք Երևանի քաղաքապետարանի բոլոր նիստերը՝ առհասարակ բոլոր: Տիգրան Ավինյանը չի կարողանալու գումարել ոչ մի նիստ: Երևանը պիտի գնա ՔՊ-ի ձեռքի տակից, Երևանը պիտի գնա նոր ընտրությունների», - հայտարարեց Ղուկասյանը:

Նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան»-ի չորս անդամներին՝ Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատից զրկելու նախաձեռնությունն իշխանականներին է։ Պնդում են՝ նիստերից բացակայել են և այդ հիմքով պետք է հեռացվեն ավագանուց։

«Հայկ Մարությանը մասնակցել է զրո քվեարկության, Զարուհի Փոստանջյանը մասնակցել է զրո քվեարկության», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

Վաղվա նիստը, սակայն, կգումարվի, եթե դրան մասնակցի ավագանու ամբողջ կազմի առվազն կեսից ավելին՝ 33 հոգի։ Իշխանական խմբակցություններին ընդամենը մեկ ձայն է պակասում, որ մանդատից զրկեն ընդդիմադիրներին։ Այդ քվեն կարող է ապահովել «Հանրային ձայն»-ը: Այդ խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը, սակայն, վճռորոշ նիստից մի քանի ժամ առաջ էլ չի հստակեցնում՝ մասնակցելո՞ւ է նիստին:

«Ես այսօր չեմ պատասխանում ոչ մի հարցի, պլյուս՝ հանդիպման եմ: Չէ, չէ, չէ, չէ, ես էսօր ոչ մեկին չեմ պատասխանում, դուք արդեն տասներորդ լրատվականն եք, չեմ պատասխանելու ոչ մի հարցի, կներեք, էսօր: Էսօր չեմ պատասխանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավագյանը:

Նրա թիմակից Անուշ Գինոսյանն, իր հերթին, կառաջնորդվի Վարդան Ղուկասյանի հայտարարությամբ. - «Ես կիսում եմ իմ ղեկավարի ցանկացած հայտարարություն», - ասաց նա: «Ազատության» հարցին՝ վաղը գնալո՞ւ է նիստին, Գինոսյանն արձագանքեց. - «Ժամանակը ցույց կտա»:

«Հանրային ձայն»-ի մյուս անդամ Վահե Եսայանը ևս գաղտնապահ է. - «Այսօր ոչ մի բան չեմ կարող ասել»:

«Հանրային ձայն»-ի մյուս երկու անդամների հետ կապ հաստատել չհաջողվեց։

Նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, որի առաջնորդած «Մայր Հայաստան» խմբակցության միանգամից չորս անդամ կարող է զրկվել մանդատից, սա համարում է ակնհայտ քաղաքական հետապնդման փորձ։ Այսօր Ֆեյսբուքի իր էջով Թևանյանը հայտարարեց՝ հենց «Հանրային ձայն»-ի քվեն է փորձելու օգտագործել իշխանությունը։ Իրենք արդեն ահազանգեր ունեն, որ նրանց փորձում են ճնշել, բերման ենթարկել։

Այս մասին այսօրվա իր ուղիղ եթերում հայտարարեց նաև Վարդան Ղուկասյանը։ Պնդեց՝ «Հանրային ձայն»-ի անդամներին կանչել են Քննչական կոմիտե։

Կոմիտեից այս մասին «Ազատությանը» ոչ մի տեղեկություն չտրամադրեցին։

«Ակնհայտ է, որ մենք գործ ունենք բացահայտ հանցագործության հետ, մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ փորձում են ճնշել, բերման ենթարկել, այսպես ասած՝ գործարք առաջարկել «Հանրային ձայն»-ի ավագանու որոշ անդամների, որպեսզի նրանք գան և մեր դեմ քվեարկեն», - պնդում է Անդրանիկ Թևանյանը:

Մինչ ընդդիմադիրները իշխանականների գործողությունները որակում են ճնշում իշխանությանը քննադատելու համար, իշխանությունը մեկ փաստարկ է բերում՝ բացակայել են նիստերից ու չպետք է մասնակցեն Երևանի կառավարմանը։

«Հանրապետություն» խմբակցության ղեկավարը պնդում է՝ այլ նպատակ, քան օրենքով առաջնորդվելն է, չունեն, ավելին՝ հույս ունեն, որ կստանան այդ մեկ ձայնը. - «Ձայն կտա էն մարդը, ու ես կարծում եմ՝ երեք խմբակցություններում էլ կլինեն էդպիսի մարդիկ, ովքեր մտածում են ու եկել են, որպեսզի քաղաքի համար աշխատեն, և ուզում են, որ իրենց ցուցակների այն համարները գան, ովքեր աշխատելու են ի շահ Երևանի և ոչ թե ընդամենը սեփական «ես»-ը բավարարելու համար»:

Տեղական ինքնակառավարման ոլորտն ուսումնասիրած Լևոն Բարսեղյանը, սակայն, իր փաստարկն է բերում՝ ոչ ոք իրավունք չունի մանդատից զրկել ավագանու որևէ անդամի, ինչ է թե բացակայել է նիստերից։ Օրենքը թերի է, նշված չէ՝ որ բացակայությունն է հարգելի, որը՝ ոչ։ Բացակայության հիմքերի մասին օրենքում և ավագանու կանոնակարգում անգամ նշում չկա:

«Այսինքն՝ հարգելիությունների-անհարգելիությունների ցանկը որ գրվի օրենքի մեջ, էդ ժամանակ նոր պարզ կլինի՝ էս մարդկանց բացակայությունը հարգելի՞ է, թե՞՝ ոչ», - ընդգծեց Բարսեղյանը:

Իրավապաշտպանն ասում է՝ ավագանու անդամը կարող է իր բողոքը հայտնել նիստերը բոյկոտելով։ Ընդդիմությունն, ի դեպ, իր բացակայությունը հենց այդպես էլ բացատրում է:

«Երկու օրենքով՝ Երևան քաղաքում և ընդհանրապես ՏԻՄ օրենքով էդ կարգավորումները ճիշտ կլինի, որ դրվի: Եթե չկա դրած, էն մի գլխավոր մասը գրած է՝ անհարգելի, իհարկե, շատ վատ բան է, որ ավագանու անդամը՝ ժողովրդից ընտրված, անհարգելի պատճառով չի մասնակցում, բայց ես ի՞նչ իմանամ՝ պատճառը հարգելի է՞, թե՞ անհարգելի է, եթե ինքը իր ընտրողներին հանդիպել ու պատմել է, թե ինչու չի գնում նիստերի, ընտրողներն էլ ասել են՝ «լավ ես անում», կամ՝ «վատ ես անում». է եղավ, որ մարդ հաշվետու է եղել», - ասաց Բարսեղյանը:

Իրավապաշտպանը հիշեցնում է՝ նույն՝ իշխանական թիմը կիրառել է քաղաքական բոյկոտի գործիքը։ Անցած ամռանն, օրինակ, Ալավերդիում ավագանու նիստերը չէին կայանում քվորումի բացակայության պատճառով՝ ՔՊ-ականները նիստերին չէին գնում։ Սա երկակի ստանդարտ է, ասում է Բարսեղյանը։

Մինչդեռ Երևանի ավագանու դեպքում իշխանականները հաստատակամ են։ Ասում են՝ բացակայություններն անհարգելի են, դրանց մասին վկայող որևէ տեղեկանք ընդդիմադիրները չեն ներկայացրել։

XS
SM
MD
LG