Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանը հայտարարում է նոր կուսակցություն ստեղծելու և իշխանափոխության գնալու մասին


Հայհոյախառն եթերներով ու «Դոգ» մականունով հայտնի նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանն այսօր հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու ու իր հիմնադրած «Հանրային ձայն» կուսակցությունից հրաժարվելու մասին։ Ղուկասյանը հայտնեց, թե իր նորաստեղծ ուժը գնալու է իշխանափոխության։

«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն», կարճ՝ ԴՈԳ, այսպես անվանեց Ղուկասյանն իր նոր քաղաքական ուժը։ Կուսակցության համագումարն էլ, ըստ Վարդան Ղուկասյանի, տեղի կունենա արդեն մարտին։

Այս հայտարարությունները ծանր հանցանքների համար հետախուզվող Ղուկասյանն իր համակիրների հետ հրավիրված ժողովի ընթացքում ուղիղ եթերով արեց։ Նոր կուսակցություն ստեղծելու որշումը նա բացատրեց նրանով, որ չի ցանկանում ներքաշվել դատական քաշքշուկների մեջ։ «Հանրային ձայնի» նախկին պատվավոր նախագահը պնդեց՝ դա է իշխանությունների նպատակը։ Ասաց՝ եթե հայց ներկայացնեն դատարան, այդ դեպքում իր թիմը չի կարող մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

«Մենք կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ՝ եթե մենք, ժոովրդական լեզվով ասեմ, ուտում ենք կուտը, որը մեզ շատ է տվել իշխանությունը Արտակ Գալստյանի ձեռքով, և մենք ենք... կոնֆլիկտի մեջ, մենք չենք կարող մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, որովհետև դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող գրանցվել որպես կուսակցություն ընտրություններին մասնակցելու համար», - ասաց նա։

«Հանրային ձայնին» Ղուկասյանի անդամակցությունը դադարեցնելու մասին ավելի վաղ հենց այդ ուժից էին հայտարարել նաև Ռուսաստանի քաղաքացի լինելու հիմնավորմամբ։ Ղուկասյանը պնդեց՝ կուսակցության նախագահ, այժմ բանտում գտնվող Արտակ Գալստյանը «գտնվում է իշխանության ձեռքի տակ և փորձում է անել հնարավորինս ու անհնարը կուսակցությունը՝ պառակտելու, վերացնելու, դատական քաշքշուկների մեջ մտցնելու համար»։ Իշխանությունները հրաժարվում են անդրադառնալ այս մեղադրանքներին։

Արտակ Գալստյանը կալանավորված է։ Թե՛ Ղուկասյանը, թե՛ Գալստյանը մեղադրվում են հանցավոր խմբով մարդկանցից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար, ըստ իրավապահների՝ նրանք դա արել են նաև վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով։

Սոցցանցերում հազարավոր հետևորդներ ունեցող Ղուկասյանի առաջնորդած «Հանրային ձայն»-ը Երևանի ավագանու վերջին ընտրություններից հետո վճռորոշ դերակատություն ունեցավ իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի ընտրության հարցում։ Ընդ որում, կուսակցությունը, որը երկու տարի առաջ նույն լիդերներով ընդամենը 1 տոկոս էր հավաքել խորհրդարանական ընտրություններում, Երևանում անցած սեպտեմբերին արդեն 10 տոկոս ստացավ ու անցավ ավագանի։

XS
SM
MD
LG