Մատչելիության հղումներ

«Պետք լինի, բուլդոզերների տակ էլ ենք պառկելու». Մարությանը՝ Օղակաձև այգու թենիսի կորտերը քանդելու մասին


Երևանի ավագանու ընդդիմադիրները կպառկեն բուլդոզերի տակ՝ հանուն թենիսի կորտերի ու հանրային կանաչ տարածքների:

«Եթե պետք լինի, փողոց էլ ենք դուրս գալու, պետք լինի, բուլդոզերների տակ էլ ենք պառկելու: Միակ բանը, որ փոխվել է մեր թիմի մոտ, տարիքն է, մի քիչ ծերացել ենք, բուլդոզերի տակ, որ պառկենք, մեջքներս կցավա, հուսով եմ, որ մեր երիտասարդները մեզ կօգնեն, կբարձրացնեն ու կշարունակենք մեր պայքարը», - ասաց Մարությանը:

Երևանի նախկին քաղաքապետ ու ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը քաղաքային իշխանությանն զգուշացնում է՝ երբ բանը հասնի Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերը քանդելուն՝ շատ մեծ դիմադրություն է լինելու: «Վերադառնում ենք այն ամենին, ինչով զբաղված էինք մինչև հեղափոխությունը», - ասաց Մարությանը:

«18 թվականից 6 տարի անց նորից հավաքվել ենք ու զբաղվում ենք այն խնդիրներով, ինչի համար 18 թվականին բոլորս հավաքվել էինք ու հեղափոխություն էինք իրականացնում», - ընդգծեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս տարեսկզբին հայտարարեց, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը վերակառուցելու են, թենիսի կորտերը կքանդվեն, տարածքը հանրային գերակա շահ կճանաչվի։ Այգու կառուցապատման նոր ծրագիրը կիրականացնի առանց մրցույթի ընտրված GreenRock Management Group-ը։

«Այն մոտեցումը, որ՝ դե էս տարածքը տանք մի ինչ-որ մասնավորի, ինքը այստեղ ինչ-որ կաֆե կսարքի, ինչ-որ անհասկանալի բաներ կսարքի, որը կբետոնապատի, որ մի փոքր էլ, մի երկու հատ էլ ծառ տնկի, սա անընդունելի տարբերակ է, սա ի՞նչ է նշանակում», - ասաց Հայկ Մարությանը:

Նախկին քաղաքապետ Մարությանը մի քանի օրինակ ունի` նույն Օղակաձև զբոսայգու վեցերորդ հատվածը բարեկարգվեց Երևանի բյուջեով, մի բարերար սքեյթ պարկը կառուցեց, կա նաև Վարդանյան ընտանիքի օրինակը՝ քաղաքի համար այգի կառուցեցին։ Հիմա ինչո՞ւ են մասնավոր մի ընկերության կառուցապատման իրավունք տալիս։ Հատկապես, կոռուպցիոն ռիսկեր կան, շեշտեց ակտիվիստ Իզաբելլա Սարգսյանը։ GreenRock-ի հիմնադիրն ավելի վաղ Երևանին խոշոր գումար էր նվիրաբերել։

«Այն, որ անհատույց 254 միլիոն դրամ է այդ կազմակերպությունը փոխանցել քաղաքապետարանին, որից հետո առանց մրցույթ է առաջարկվում այդ կազմակերպությանը կառուցապատման տալ այդ տարածքը, այն, որ չկա հստակ պատկերացում, թե ով է դիմել՝ քաղաքապետարանն է դիմե՞լ այդ կազմակերպությանը, թե՞ կազմակերպությունն է դիմել քաղաքապետարանին», - ասաց Սարգսյանը:

Ըստ փոխքաղաքապետի, կոռուպցիոն ռիսկերի մասին խոսակցություններն անտեղի են

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշեց. - «Մենք չենք դիմել, այդ ընկերության կողմից է եկել առաջարկը, և մենք դիտարկել ենք ու հավանության ենք ներկայացրել»:

Ըստ փոխքաղաքապետի, կոռուպցիոն ռիսկերի մասին խոսակցություններն անտեղի են. - «Բիզնեսի սոցիալական պատասխանատվության ծրագիր է ու ցանկացած կազմակերպություն, ով ուզում է սոցիալական ծրագիր իրականացնի, մասնավորապես, կանաչ գոտիների վերադարձման կամ արդիականացման, կանաչ գոտիների ավելացման մասով քաղաքի, մենք պատրաստ ենք»:

Լևոն Հովհաննիսյանը պնդում է՝ Օղակաձև այգու այդ հատվածը կանաչելու է, կորտ նույնպես կլինի ոչ թե մասնավոր, այլ՝ հանրային տարածքում, ոչ թե 6, այլ՝ 1-2-ը. - «Հնարավոր է 1-2 կորտ, բայց այլ տեղադիրքով այդ տարածքում պահպանվի»:

Երևանի քաղաքապետը մի քանի հարցի պատասխանեց խորհրդարանում, իսկ կորտերի ճակատագրով մտահոգվածները՝ ավագանու ընդդիմադիր անդամներ, մասնագետներ քաղաքապետարանում էին, անպատասխան հարցադրումներով. այդ քննարկմանը քաղաքային իշխանությունից որևէ մեկը չէր մասնակցում:

«Թենիսի համայնքի համար նաև հստակ է, որ թենիսի կորտերը չպետք է քանդվեն», - միջազգային կարգի մրցավար Սարկիսովը թենիսիտների տեսակետն է փոխանցում՝ աշխարհում բոլոր համաճարակաների ժամանակ թենիսը միակ թույլատրելի սպորտաձևն է, Օղակաձև այգու կորտերը, որ այգուց էլ հին են, մի քանդեք։

Այդ վեց կորտերի սեփականատերն «Արարատ» թենիսի ակումբն է։ Քաղաքապետը հայտարարել էր՝ նրանց նոր տարածք կհատկացվի։ Տնօրեն Էդվարդ Սանամյանից այսօր տեղեկացանք՝ որևէ առաջարկ չունեն, պայքարելու են կորտերն ու իրենց սեփականության իրավունքը պահպանելու համար։ Իսկ քաղաքապետարանը Երևանի տարբեր թաղերում տեղեր է փնտրում թենիսիս սիրահարների այս բողոքները նոր կորտերով լռեցնելու համար:

«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ կորտեր են կառուցվելու, տարածքը մեծ չէ, առանց ծառահատման հնարավո՞ր է՝ դեռ պարզ չէ։ Կորտերի համար հարմար տարածքներ են գտել նաև Արաբկիր ու Շենգավիթ համայնքներում։

Հանրային քննարկման մասնակիցներն ասում են՝ կորտեր կառուցեք ամենուր, բայց պատմականը թողեք տեղում։

XS
SM
MD
LG