Ուկրաինան բազմիցս դիմել է Ռուսաստանին՝ Բելգորոդի մարզում Իլ-76 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված {ռուսական կողմի ներկայացմամբ} ռազմագերիների մարմինների տեղափոխման հարցով, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։
«Մինչ այժմ ռուսական կողմը չի համաձայնել դրան, հետևաբար մեր պետության պահանջը՝ միջազգային անաչառ հետաքննություն անցկացնել ոչ միայն Իլ-76-ի կործանման հանգամանքների վերաբերյալ, այլ նաև պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, մնում է ակտուալ»,- նշել է Յուսովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել է, որ ՌԴ նախագահի վարչակազմը ռազմագերիների մարմինները Ուկրաինա տեղափոխելու հարցով դիմում/հարցում չի ստացել։
Ռուսների պնդմամբ՝ հունվարի 24-ին ուկրաինացիները հրթիռակոծել են օդանավը, ինչի հետևանքով զոհվել են դրանում գտնվող բոլոր մարդիկ՝ անձնակազմի 6 անդամներ, 3 ուղեկցողներ և 65 ուկրաինացի ռազմագերիներ, որոնց տեղափոխում էին ռուս ռազմագերիների հետ փոխանակելու համար:
Օդանավը վայր է ընկել Բելգորոդի շրջանի Կորոչանսկի ենթաշրջանի Յաբլոնովո գյուղի մոտակայքում:
Ռուսական կողմը պնդում է, ուկրաինացիները հրթիռներն օդանավի ուղղությամբ արձակել են Պարկովի շրջանի Լիպցի գյուղի տարածքից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս ասել է, թե Իլ-76 օդանավը՝ միտումնավոր կամ սխալմամբ, ուկրաինական ՀՕՊ-ն է վայր գցել:
Ուկրաինան դեռ հրաժարվում է ստանձնել օդանավը վայր գցելու համար պատասխանատվությունը և միջազգային անկախ հետաքննություն է պահանջում: