Բելգորոդի մարզում հունվարի 24-ին խոցված Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի «սև արկղերի» պարամետրային և թռիչքային ձայնագրիչների տվյալները դեռ չեն վերծանվել, աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին օպերատիվ ծառայություններն են հաղորդել:
«Դրանք {տվյալները} չեն վերծանվել, ապակոդավորումը շարունակվում է»,- ասել է մի անանուն պաշտոնյա։
Ռուսների պնդմամբ, հունվարի 24-ին ուկրաինացիները հրթիռակոծել են օդանավը, ինչի հետևանքով զոհվել են դրանում գտնվող բոլոր մարդիկ՝ անձնակազմի 6 անդամներ, 3 ուղեկցողներ և 65 ուկրաինացի ռազմագերիներ, որոնց տեղափոխում էին ռուս ռազմագերիների հետ փոխանակելու համար:
Օդանավը վայր է ընկել Բելգորոդի շրջանի Կորոչանսկի ենթաշրջանի Յաբլոնովո գյուղի մոտակայքում:
Ռուսական կողմը պնդում է, ուկրաինացիները հրթիռներն օդանավի ուղղությամբ արձակել են Պարկովի շրջանի Լիպցի գյուղի տարածքից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս ասել է, թե ԻԼ-76 օդանավը՝ միտումնավոր կամ սխալմամբ, ուկրաինական ՀՕՊ-ն է վայր գցել:
Ուկրաինան դեռ հրաժարվում է ստանձնել օդանավը վայր գցելու համար պատասխանատվությունը և միջազգային անկախ հետաքննություն է պահանջում: