Մատչելիության հղումներ

Ալիևն ուղիղ հայտարարում է՝ խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանի Սահմանադրությունը փոխվի


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ադրբեջանի նախագահն այսօր ուղիղ հայտարարեց՝ խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանի Սահմանադրությունը փոխվի։ Ալիևը Հայաստանի Անկախության հռչակագրի ձևակերպումները Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ է համարել։

«Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Հայաստանի Անկախության հռչակագիրը պարունակում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը Հայաստանին միացնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտող ուղղակի կոչեր։ Այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ընդդիմությունն օրեր շարունակ պնդում էր՝ Հայաստանի իշխանությունը Բաքվի պահանջով է ուզում նոր Սահմանադրություն ընդունել, թիրախն էլ, կասկածում էին՝ Անկախության հռչակագիրն է, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։

Իշխանությունը հերքում էր, թե դրսից նման պարտադրանք կա։ ԱԺ փոխնախագահն անգամ Հանրայինի հետ զրույցում տարակուսել էր՝ որտեղի՞ց են այդ պնդումները։

Ալիևն այսօր բացեիբաց խոսեց իր դժգոհությունից։

Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը կարծում է՝ ադրբեջանական պահանջին Հայաստանն իր վճռական «ոչ»-ը պիտի ասի։

«Եթե ադրբեջանական պահանջը, իսկ դա այդպես է, և թուրքական պահանջը հիմա վերաձևակերպված է, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական անցյալից, իր անժամանցելի իրավունքներից, նույնիսկ հազար անգամ եթե դու համոզված ես, քո ներքին համոզումով, որ դա լավ բան է, չպետք է անես: Որովհետև դու եթե քո թշնամու ասածը անում ես, նշանակում է՝ դու ենթարկվում ես իր խաղի կանոններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանն անգամ Բաքվից հնչող հստակ հայտարարություններից հետո այսօր հերքում էր, թե ճնշում կա։

«Ոչ մի Սահմանադրություն ճնշումներով չի կարող և չպետք է ընդունվի: Որովհետև եթե այդ Սահմանադրությունն ընդունվում է ճնշումներով, ապա մենք ինքնիշխանության հետ կապված որոշակի խնդիրներ ունենք: Հասարակական հարաբերությունների զարգացումն է հանգեցնում սահմանադրական փոփոխությունների: Մենք կենտրոնացել ենք միայն մեկ ասպեկտի վրա և այդ ասպեկտի ներքո չենք դիտարկում ընդհանրապես մյուս զարգացումները, որոնք տեղի են ունեցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:

Նա հստակ չպատասխանեց հարցին՝ եթե նոր Սահմանադրության նախագիծ լինի, Անկախության հռչակագրին հղումը կպահպանվի՞. դրան պատգամավորի պատասխանը հետևյալն է՝ վերացական դիտարկումները լավ տեղ չեն տանում։

«Տարբեր երկրների սահմանադրական ավանդույթներում տարբեր մոտեցումներ կան՝ և՛ կանոնակարգումների հետ կապված, և՛ եզրափակիչ դրույթների, մեկ միասնական փաստաթուղթ ունենալ, թե սահմանադրական մի շարք ակտերի, Սահմանադրություն որպես այդպիսին ունենալու: Այդ ամբողջը քննարկելու հարց է», - ասաց Վարդանյանը:

Ո՞րն է նոր Սահմանադրություն ունենալու հիմնական նպատակը։ Թեմայից առաջինը մոտ տասն օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց: Գործադիր ու օրենսդիր իշխանության ներկայացուցիչները նոր Սահմանադրության անհարժեշտությունից խոսելիս տարբեր հիմնավորումներ էին ներկայացնում։

«Այսպես ասած՝ մեսիջն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի ժողովրդի կողմից, թափանցիկ և լեգիտիմ հանրաքվեով ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրություն, այսինքն՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության, նպատակահարմարության ամենակարևոր հանգամանքներից մեկը հենց սա է», - ասաց արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը:

Վլադիմիր Վարդանյանը գործող Սահմանադրության լեգիտիմությունը կասկածի տակ չի դնում։

«Ինչպիսի՞ հանրային ընկալում կա այս կամ այն փաստաթղթի ընդունման գործընթացի: Հանրային ընկալում, ես չեմ վիճարկում լեգիտիմությունը, որովհետև որ պահին ես ասեմ՝ ես վիճարկում եմ լեգիտիմությունը, այդ պահին ես պետք է լքեմ ցանկացած պետական հիմնարկ: Բայց դրա հետ զուգահեռ՝ ես կուզենայի, որ մենք Սահմանադրությունը դիտարկեինք որպես ապրող փաստաթուղթ, և այդ փաստաթուղթը հասարակական հարաբերությունների զարգացման փուլում կարիք է առաջանում սահմանադրի կարծիքը՝ սահմանադրի քվեի առկայության պարագայում, փոփոխելու կամ վերափոխելու կամ վերանայելու», - ասաց ԱԺ հանձնաժողովի նախագահը:

Մինչ արդարադատության փոխնախարարը հայտարարում է՝ նոր Սահմանադրության մասնագիտական քննարկումները դեռ չեն էլ սկսվել, ոչ էլ հանրաքվեի ժամկետներ են քննարկվել, Ալիևը հենց այդ փոփոխություններն է համարում խաղաղության գործընթացն արագ ավարտին հասցնելու լավ հնարավորություն։

Ադրբեջանի նախագահի սրտով չեն նաև Հայաստանի միջազգային դատական հայցերը՝ դրանցում էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու խնդիր է տեսնում, կոչ է անում վերջ տալ դրանց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG