Մատչելիության հղումներ

Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների. վարչապետ


Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, երեկ Արդարադատության նախարարությունում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պնդելով՝ անհրաժեշտ է ոչ թե բարեփոխել մայր օրենքը, այլ՝ բոլորովին նորն ընդունել։

«Այս առումով արդարադատության նախարարի հետ աշխատանքային մեկ-երկու քննարկման ժամանակ ես արձանագրել եմ, որ իմ ու նաև մի շարք գործընկերների կարծիքով, և այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն նաև ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության», - ասել է նա:

Մինչ լայն քննարկումները Փաշինյանն արդեն ընդգծում է՝ Հայաստանի կառավարման համակարգը պետք է մնա անփոփոխ, փոփոխությունները իշխանության լծակների վրա չպետք է ազդեն։ Նոր Սահմանադրություն ընդունելու պատճառը, ըստ վարչապետի, «տարածաշրջանի ու աշխարհի փոփոխություններն են, որոնք անհրաժեշտ է կառավարել Հայաստանի պետական շահերին համապատասխան»:

«Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Այլ մանրամասներ ու փակագծեր Փաշինյանը չի բացել։

Նրա ելույթի հրապարակումից հետո, սակայն, ընդդիմությունն ու Սահմանադրության բարեփոխմանը մասնակից քաղհասարակության ներկայացուցիչները պնդեցին՝ խոսքն ամենայն հավանականությամբ Բաքվի պահանջների մասին է։

Քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը հիշեցնում է՝ դեռ 2022 թվականին մի փակ հանդիպման ժամանակ վարչապետն իրենց բաց ասել է, որ Ադրբեջանը Հայաստանին պարտադրում է առանցքային փաստաթղթերից հանել Արցախի մասին ցանկացած հիշատակում։

«Փաշինյանը խոսում էր Ադրբեջանի պահանջներից Սահմանադրության և Անկախության հռչակագրի հետ կապված 22 թվականի սկզբին», - ասաց Սուրեն Սահակյանը։

2020-ի պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանի նախագահն էլ թուրքական «Անադոլու»-ին տված հարցազրույցում հրապարակավ ասել է, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, քանի որ այն Թուրքիայից տարածքային պահանջներ է պարունակում։ Իսկ անցյալ ամիս արդեն Ալիևն էր ասել, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Բաքվին անհրաժեշտ են ամուր երաշխիքներ, որ Հայաստանը ապագայում ռևանշի չի գնա և կմոռանա Ղարաբաղի մասին։


Իր հերթին, Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ Հայաստանի ապագայի համար պետք է հստակ արձանագրել, որ ոչ միայն հիմա, այլև ապագայում որևէ այլ երկրից որևէ տարածքային պահանջ Հայաստանը չի ունենալու։ Ավելին, անցած տարի Փաշինյանը հրապարակավ իր անհամաձայնությունն էր հայտնել Սահմանադրության հիմքում ընկած Անկախության հռչակագրին։

«Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք, ի վերջո, ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ», - ընդգծել էր Նիկոլ Փաշինյանը:

«Սահմանադրության նախաբան և նախաբանի հղումներին անդրադարձ չի եղել». Իոաննիսյան

1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի առաջին պարբերությունը հղում է անում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։ Դրանից բացի, հռչակագրով ամրագրված են պետականության ստեղծման հիմնական դրույթները՝ քաղաքացիության տրամադրումից, միջազգային հարաբերությունների հաստատումից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգ։

2022 թվականի հունվարին կառավարության որոշմամբ ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որտեղ արդարադատության նախարարից, օմբուդսմենից, այլ պաշտոնյաներից բացի, երեք անդամ կա նաև քաղաքացիական հասարակությունից, այդ թվում՝ Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով՝ խորհուրդը վերջին երկու տարիներին շատ ակտիվ չի աշխատել, տեղի ունեցած հանդիպումների ժամանակ են չեն անդրադարձել Անկախության հռչակագրի թեմային։

«Սահմանադրության նախաբան և նախաբանի հղումներին անդրադարձ չի եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա, հավելելով, - «վարչապետի ակնարկները բավականին ուղիղ էին, ինձ թվում է, և ակնհայտ էին, թե ինքն ինչ նկատի ուներ։ Այս հարցը, բայց պետք է ասեմ, որևիցե պարագայում չի քննարկվել դեռևս խորհրդում։ Ես հուսով եմ, որ կքննարկվի»։

Այսօր կառավարության հաղորդագրությունից, սակայն, պարզ դարձավ, որ Արդարադատության նախարարությունը կառավարությանն է ուղարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առաջին նախագիծը, իսկ հունվարից կսկսվի խորհրդի կողմից վերջնական քննարկումների փուլը:
Դատելով պաշտոնական հայտարարություններից՝ կառավարությունը մտադիր է ժամանակ չկորցնել և ինտենսիվ զբաղվել այս հարցով։

Ըստ արդարադատության նախարարի՝ նախատեսվում է երեք ամսից հաստատել վերջնական հայեցակարգը, որի հիման վրա էլ գրվելու է նոր Սահմանադրությունը՝ հոդված առ հոդված։

Թե ինչ կա այդ փաստաթղթում, մութ է անգամ խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Խորհրդի անդամ Իոաննիսյանն ասաց՝ հույս ունի՝ փաստաթուղթն իրենց անունից չի ուղարկվել, քանի որ այն նիստի ընթացքում անգամ չի քննարկվել. - «Արդարադատության նախարարությունը մասնագիտական հանձնաժողովի հետ միասին մշակել է հայեցակարգ և առանց խորհրդում քննարկելու այն ուղարկել է վարչապետի աշխատակազմ»։

Խորհրդարանական խմբակցությունները բոյկոտել են սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերը։ Դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ իրենք հայտարարությամբ հանդես կգան, որում կանդրադառնան և՛ խորհրդի աշխատանքին, և՛ Փաշինյանի վերջին հայտարարությանը, որը իրենք ևս կապում են Բաքվի պահանջների ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հետ։

Այսօր ուշ երեկոյան հայտարարությամբ հանդես եկան Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը, որոնք ավելի վաղ ծանոթացել են Երևանի ու Բաքվի միջև փոխանակվող բանակցային փաստաթղթերին: Ըստ պատգամավորների՝ «բավարարվել են իրենց մտահոգությունները, կապված բանակցային գործընթացի տրամաբանության և ադրբեջանական նախապայմանները բավարարելու հետ այսօր ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով»:

Ըստ 4 պատգամավորի՝ «այս քայլով Փաշինյանը փորձում է նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնասյուներից մեկի վրա»:

XS
SM
MD
LG