Մատչելիության հղումներ

Նոր Սահմանադրությամբ Փաշինյանը կատարում է Ադրբեջանի պահանջը, ապահովում իշխանության վերարտադրությունը. ընդդիմադիր պատգամավոր


Նոր Սահմանադրությամբ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկու խնդիր է փորձում լուծել. նախ՝ կատարում է Ադրբեջանի պահանջը, հետո՝ մեխանիզմներ ձևավորում իշխանության վերարտադրության համար, հայտարարում է դաշնակցական Գեղամ Մանուկյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան, արխիվ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան, արխիվ

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ իշխանությունը երկրի մայր օրենքից մտադիր է հանել հղումը 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրին, որում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգի մասին:

«Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունը լուրջ վտանգ է պարունակում՝ ավերելու հայոց նորանկախ պետականության հիմնասյուները», - «Ազատության» հետ զրույցում պնդեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծում դեռ ոչ մի բառ չկա մայր օրենքի նախաբանը փոխելու մասին: Բայց դրա մշակմանը մասնակցած Դանիել Իոաննիսյանը երեկ «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ հետո հնարավոր է ներառվի: Ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը, որ Արտգործնախարարությունում ծանոթացել է խաղաղության պայմանագրի նախագծին, կարծում է՝ այս գործընթացում հենց դա է Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակը:

«Շատ հստակ է՝ այն կետերը, դրույթները, որ կան այդ փաստաթղթի մեջ, ուղղակի փոխկապակցված են Սահմանադրության փոփոխության պահանջին», - ասաց դաշնակցական պատգամավորը:

Կառավարությունից այս մեղադրանքներին և քննադատություններին մինչ այժմ որևէ արձագանք չի հետևել, իշխանականները միայն հորդորել են հապշտապ եզրակացություններ չանել։

Բոլորովին նոր Սահմանադրություն ունենալու հայտարարությունից ուղիղ մեկ օր անց վարչապետը կուսակիցների հետ հանդիպմանը մանրամասներ պատմեց հայ - ադրբեջանական բանակցություններից, ասաց, թե այս փուլում Բաքուն և Երևանը միմյանցից լրացուցիչ երաշխիքներ են ուզում, որ փոխադարձաբար տարածքային նկրտումներ չեն ունենա։

«Այո, մենք նաև Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից թաքնված, տողատակերում չի ուզում ապագա տարածքային պահանջների համար կռվաններ թողնել, մենք ուզում ենք այդպիսի երաշխիքներ: Բայց նաև պիտի ասեմ, որ պատրաստ ենք նաև տալ այդպիսի երաշխիքներ, և սա փոխկապակցված գործողություն է», - հայտարարեց Փաշինյանը:

Արդյոք այդ լրացուցիչ երաշխիքը հենց նոր Սահմանադրությամբ է Հայաստանը տալու Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանն այդ օրը չհստակեցրեց:

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը հրապարակային հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 600 քառ. կմ տարածքով, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանի ղեկավարությունը, մինչդեռ, Հայաստանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ մակերեսով ճանաչելու մասին երբևէ ուղիղ չի հայտարարել, ավելին՝ պնդում են, թե հայկական օկուպացված տարածքներից ետ չեն գնալու։

Կա՞ քաղաքական որոշում Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը. այս հարցին իշխող կուսակցության փոխնախագահը չի պատասխանում: Վահագն Ալեքսանյանն առաջարկում է սպասել նոր Սահմանադրության շուրջ քննարկումներին:

«Լրացուցիչ մենք արդեն կարող ենք ավելի շատ մեծ ու ծավալուն զրույցներ ունենալ դրա հետ կապված», - «Ազատությանն» ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը:

Եթե այս հարցում իշխանությունը դեռ փակագծեր չի բացում, հայեցակարգի նախագծում արդեն շարադրված է, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում կառավարության ձևավորման գործող ընթացակարգում:

«Սահմանադրությունը պետք է բոլոր իրավիճակների համար լինի»

Առաջարկվում է հրաժարվել խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքից և ստեղծել «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն, որի իրագործման երկու տարբերակ է նշվում. մեկով՝ երկրի նախագահը կարող է Ազգային ժողովի առավել մեծ թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին նշանակել վարչապետ, մյուսով՝ կիրառել Երևանի քաղաքապետի ընտրության մոդելի նման իրավական ռեժիմ և որպես վարչապետ ընտրել առավել շատ ձայներ ստացած թեկնածուին:

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծում է՝ հենց այս մեխանիզմով է Նիկոլ Փաշինյանը փորձելու իշխանության վերարտադրության հարցը լուծել: Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագրում» համոզվել են՝ 50 տոկոսից ավելի քվե չեն ստանա:

«Սահմանադրությունը փորձում են վերաձևել Նիկոլ Փաշինյանի շա՜տ ավելի հագով՝ իշխանության վերարտադրության, իշխանության պահպանման բոլոր հնարավոր ուղիները այնպես վերաձևակերպելով, որ այս իշխանությունը շարունակի վերարտադրվել», - ասաց Մանուկյանը:

Նիկոլ Փաշինյանը, որ 2015 թվականին Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների խիստ քննադատներից էր, նաև պնդում էր, թե դրանով Հայաստանում հաստատվում է սուպերվարչապետական համակարգ: Փաշինյանի իշխանության օրոք, սակայն, վարչապետի լիազորությունները ոչ թե կրճատվեցին, այլ ընդլայնվեցին: Օրինակ՝ Պետական պահպանության ծառայությունը հանվեց Ազգային անվտանգության ծառայության կազմից և դարձավ վարչապետին ենթակա մարմին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան, արխիվ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան, արխիվ

Պնդումները, թե նոր Սահմանադրությամբ իշխանության ամրապնդման և վերարտադրության հարց է լուծվում, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի խոսքով, իրականության հետ կապ չունեն: Նպատակն, ըստ նրա, այլ է. - «Սահմանադրությունը պետք է բոլոր իրավիճակների համար լինի, ու իմ կարծիքով դա տրամաբանական է, որ Սահմանադրությունը բոլոր իրավիճակներում պետք է տա բոլոր հարցերի պատասխանները, որոնք որ Սահմանադրության տիրույթում են»:

Ի դեպ, հայեցակարգի նախագծով ևս մեկ տարբերակ է առաջարկվում, որը բացառում է փոքրամասնության կառավարության հնարավորությունը․ այս դեպքում խորհրդարանը պետք է արձակվի իրավունքի ուժով այնքան, քանի դեռ որևէ մեկը չի ստանա մեծամասնություն, կամ չի ձևավորվի կոալիցիա։

XS
SM
MD
LG