Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն. Ալեն Սիմոնյան


Ադրբեջանի Սահմանադրությունում, օրենսդրության մեջ նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն, Չեխիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։

Ալեն Սիմոնյանը, սակայն, այդպես էլ չմանրամասնեց՝ Հայաստանն ի՞նչ փոփոխություն է ուզում տեսնել Ադրբեջանի մայր օրենքում։ Նաև ուղիղ չասաց՝ Ադրբեջանի պահանջո՞վ են ուզում նոր Սահմանադրություն ընդունել, թե՝ ոչ։

Նրա թիմակիցները հերքում են, մինչդեռ Բաքվից թափանցիկ ակնարկում են՝ բանակցությունների հենց սկզբից են հորդորել վերջ դնել Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոտնձգություններին։

«Նույն հարցը բարձրացվում է Հայաստանի կողմից», - ասաց Սիմոնյանը:

«Ազատության» հարցին՝ եթե նոր Սահմանադրության նախագիծ ներկայացվի, արդյո՞ք կառաջարկվի հանել Անկախության հռչակագրին հղումը, խորհրդարանի խոսնակը վաղ համարեց դրա մասին խոսել՝ պատճառաբանելով, թե այս պահին պաշտոնական շրջանակներում նման քննարկում չկա։

Հենց Անկախության հռչակագրում հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։

Ալեն Սիմոնյանն անձամբ Հայաստանի օրենսդրության մեջ վերանայման անհրաժեշտություն տեսնում է՝ աշխարհաքաղաքական փոփոխություններն ու վերջին իրադարձությունները հաշվի առնելով, բայց այս հարցում էլ՝ ոչ մի կոնկրետություն։

«Մենք պետք է հասկանանք՝ ինչի համար է Հայաստանի Հանրապետության գոյությունը. արդյո՞ք նրա համար է, որպեսզի մենք վերականգնենք Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե՞ սեպտեմբերի 21-ի մասին է, որտեղ մենք ստացանք անկախություն: Ես կարծում եմ, որ այս հարցերի պատասխանները միանշանակ չեն այսօր մեր հանրության մեջ, դրա հետևանքով նաև միանշանակ արտացոլված չեն մեր օրենսդրության մեջ: Չի կարող Հայաստանի Հանրապետությունը լինել ամորֆ բան, չի կարող Հայաստանի Հանրապետության քաղաքացին չհասկանալ և չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքն ու վերջանում», - ընդգծեց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանի հյուրը՝ Մարկետա Պեկարովա Ադամովան հայտարարեց՝ Չեխիան աջակցում է երկրների ինքնիշխանությանը: Այստեղից նա Ադրբեջան է ուղևորվելու։

Հարցին՝ Չեխիան ի՞նչ կարող անել Բաքվին բանակցային սեղան վերադարձնելու համար, պատասխանեց. «Այս հարցը Բաքու այցի ժամանակ անպայման կբարձրացնեմ, թե ինչո՞ւ իրենք չեն ցանկանում լուծումներ գտնել։ Մեր բոլոր հնարավորությունները կօգտագործենք՝ ճնշում գործադրելու Բաքվի վրա՝ բանակցություններին մասնակցելու համար»։

«Միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի այն բոլոր քայլերին, որոնք ուղղված են այդ խաղաղությունը հաստատելու տապալմանը: Ադրբեջանն, օրինակ, բազմիցս հրաժարվել է տարբեր միջազգային հարթակներում առաջարկվող հանդիպումներից, Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում: Մենք չենք հասկանում, թե ինչպես կարելի է գալ համաձայնության, ունենալ հայտարարություն, որ արվել է Շառլ Միշելի կողմից և մինչ օրս այդ հիմնարար սկզբունքների հիման վրա չունենալ խաղաղության համաձայնագիր», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Հայաստանը միջազգային գործընկերներից հենց ճնշում էլ ակնկալում է։ Խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ խաղաղության հաստատման ջանքերով Ադրբեջանը աչքի չի ընկնում։ Բայց երբ պատժամիջոցների մասին հարց եղավ, չեխ պաշտոնյան կարևորեց, որ այն ոչ թե առանձին երկրի նախաձեռնություն, այլ հավաքական, օրինակ, Եվրամիության ջանք լինի, իսկ նման հեռանկարի մասին Բրյուսելը չի հայտարարել։

Այսօր ավելի ուշ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, անդրադառնալով Երևանում Մարկետա Պեկարովա Ադամովայի արած հայտարարություններին, նշել է. - «Ավելի լավ կլիներ, եթե Չեխիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակը զերծ մնար հայկական կեղծ խոսույթների վրա հիմնված հարցերի մեկնաբանումից»:

Հակադարձելով չեխ խորհրդարանականին՝ Հաջիզադեն նաև շարունակել է. - «Ավելի լավ կլիներ, որ Պեկարովան հարց հնչեցներ՝ ե՞րբ է Հայաստանն իր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հեռացնելու հարևաններին ուղղված տարածքային պահանջները»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG