Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցնում Փարիզի հասցեին


Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանյուել Մակրոն, Իլհամ Ալիև, արխիվ
Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանյուել Մակրոն, Իլհամ Ալիև, արխիվ

Բաքվի և Փարիզի հարաբերություններն այսօր գտնվում են ամենացածր մակարդակի վրա, այսօր հատարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովը՝ հարաբերությունների նման ճգնաժամի համար մեղադրելով հենց ֆրանսիական կողմին։

«Ֆրանսիան ուղղակիորեն հանդիսանում է Ադրբեջանի նկատմամբ այսօրվա կանխակալ վերաբերմունքի գլխավոր նախաձեռնողը։ Պաշտոնական Բաքուն նման գործողություններն անպատասխան չի թողնի», - ասել է Բայրամովը։

Բաքուն Փարիզի հասցեին պարբերաբար կոշտ մեղադրանքներ է հնչեցնում, մասնավորապես, Հայաստանի հետ սերտ հարաբերությունների համար: Ադրբեջանը բոյկոտել է Ֆրանսիայի մասնակցությամբ հայ-ադրբեջանական բանակցային բոլոր հանդիպումները՝ Փարիզին մեղադրելով «կողմնակալության» մեջ։

2023 թվականին Հայաստանը և Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր կնքեցին, որով Փարիզը, մասնավորապես, GM-200 հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Երևանին։ Ֆրանսիան Հայաստանին նաև Bastion զրահամեքենաներ մատակարարեց։

Այս համագործակցությունը հարուցեց Ադրբեջանի դժգոհությունը և է՛լ ավելի սրեց լարվածությունը պաշտոնական Բաքվի և Փարիզի միջև։

«Խստորեն դատապարտում են Ադրբեջանի դեմ ԵԽԽՎ կողմնակալ որոշումը»

ԵԽԽՎ հունվարի 24-ի որոշմամբ, ադրբեջանական պատվիրակությունն առնվազն մեկ տարով վտարվեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ)։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր հայտարարել է, որ խստորեն դատապարտում են Ադրբեջանի դեմ ԵԽԽՎ «կողմնակալ որոշումը»։

Բայրամովն այսօր վստահություն է հայտնել, որ ԵԽԽՎ-ի այս դիրքորոշման պատճառը «այս կազմակերպության մի շարք անդամների կողմից Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման մերժումն է»։

XS
SM
MD
LG