Մատչելիության հղումներ

Գրոսսին մոտ ապագայում կայցելի Ուկրաինա և Ռուսաստան


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մոտ օրերս ծրագրում է այցելել Ուկրաինա և Ռուսաստան։

«Ես նախատեսում եմ վերադառնալ Զապորոժիե մոտակա 10 օրվա ընթացքում, կլինեմ նաև Կիևում և Ռուսաստանում», - Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գրոսսին:

2023 թվականի հունիսի 6-ին պայթյուն տեղի ունեցավ Կախովկայի հիդրոէլեկտրակայանում: Ուկրաինան և Ռուսաստանը ՀԷԿ-ը պայթեցնելու մեջ միմյանց են մեղադրել։ Այս միջադեպից հետո ատոմակայանի ռեակտորների սառեցման համար ջուր մատակարարելը դարձել է խիստ մտահոգիչ։

Գրոսսին ասել է, որ ջրի հարցը կքննարկի տեղի ղեկավարության հետ։ «Ես նաև պետք է ճշտեմ կայանի երկարաժամկետ ծրագրերը: Արդյո՞ք նրանք փորձելու են վերագործարկել մեկ կամ մի քանի ռեակտորներ, ինչո՞ւ և ինչպե՞ս: Սրանք հարցեր են, որոնք ունեն միջուկային անվտանգության խորը հետևանքներ», - ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը՝ նշելով, որ Զապորոժիեից հետո կայցելի Ռուսաստան՝ հարցերը նաև Մոսկվայում քննարկելու համար։

Հաշվի առնելով պատերազմական վիճակն ու ատոմակայանի դիրքը միջուկային անվտանգության ռիսկերը պահպանվում են, հայտարարել է Գրոսին։

Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում և ունի վեց ռեակտոր: Ատոմակայանը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են։ Ռեակտորների կամ միջուկային թափոնների պահեստների միտումնավոր կամ պատահական թիրախավորումը կարող է հանգեցնել միջուկային համաեվրոպական աղետի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG