Մատչելիության հղումներ

Մրցաշարերի կազմակերպում, նոր մարզագույքի ձեռքբերում. գործադիրը խոստանում է մի շարք մարզադպրոցներ կառուցել


Դպրոցականների շրջանում սպորտի մասսայականացում, նրանց միջև տարբեր մրցաշարերի կազմակերպում, նոր մարզագույքի ձեռքբերում և այլն։ Ֆիզկուլտուրայի և սպորտի մինչև 2030 թվականի ռազմավարությամբ գործադիրը խոստանում է տարբեր խնդիրներ լուծել ու մի շարք մարզադպրոցներ կառուցել կամ վերանորոգել։

Հայաստանի մարզիկներն այս տարի ավելի քան 400 մեդալ են նվաճել, ռազմավարությունը ներկայացնելիս այսօր տեղեկացրեց սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ անհրաժեշտ բազմաթիվ ենթակառուցվածքների բացակայության պայմաններում այսպիսի արդյունքը հերոսություն որակելով:

«Շուտով կհանձնվի շահագործման Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցն Արմավիրի մարզում՝ գալիք տարի շահագործման կհանձնվեն գեղարվեստական մարմնամարզության և հեծանվային սպորտի մարզադպրոցները Երևանի Շենգավիթ համայնքում, մեկ տարի հետո հսկայական մարզահամալիր կհանձնենք շահագործման Արթուր Ալեքսանյանի անունը կրող, Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցը նախագծային փուլում է, բավական առաջ ենք գնացել, Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոցը փաստաթղթավորման փուլում է», - ընդգծեց Գիլոյանը:

Այժմ նախագծման փուլում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր դպրոցի շինարարությունը։ Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ ավելի քան 15 հազար քառակուսի մետր տարածք է հատկացվել։ Պատասխանատուները հայտարարում են՝ այն պետք է շահագործման հանձնվի մինչ 2027 թվականը, քանի որ այդ տարի մայրաքաղաքում մարմնամարզության եվրոպայի առաջնությունն է անցկացվելու։

Վերջին տարիներին լուրջ հաջողությունների հասած հայ մարմնամարզիկները մինչ օրս մրցաշարերին ընդառաջ ստիպված արտերկրում են հավաքներ կազմակերպում. - «27 թվականին հենց այդ դահլիճում է անցկացվելու սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, այսինքն 27 թվականին մենք այդ դահլիճը պետք է ավարտած լինենք»:

Արդեն երեք տարի սպորտի գերատեսչությունը համակարգող Կարեն Գիլոյանը հայտարարում է՝ յուրաքանչյուր տարի Հայաստանում առնվազն մեկ միջազգային խոշոր մրցաշար են ընդունելու. - «24-ի համար արդեն հայտեր ունենք ներկայացրած, հուսանք դրանք կբավարարվեն, 25 թվականի համար հիմա բանակցում ենք մի քանի մարզաձևերով»:

2024-ին Երևանը կարող էր հյուրընկալել նաև ծանրամարտի աշխարհի առաջնությունը, սակայն, եվրոպական մրցումների բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպից հետո Հայաստանի հայտը մերժվեց. հնարավո՞ր է, որ ևս մեկ հայտ ներկայացվի:

«Այո, մի փոքր համբերեք կիմանաք, ամեն ինչ չէ, որ կարելի է բարձրաձայնել: Այո, դառը փորձն էլ ունենալով, երբ մեզ հաստատ խոսք տվեցին տալ այդ առաջնությունը, բայց էդ արարքի պատճառով չտվեցին 20274 թվականի աշխարհի առաջնությունը, բայց մենք ձեռքներս ծալած չենք նստել», - պատասխանեց Կարեն Գիլոյանը:

Մարզական աշխարհն այժմ պատրաստվում է գալիք ամռանը Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին, դեռ հստակ չէ, թե սպորտային գլխավոր ստուգատեսին քանի մարզիկ կներկայացնի Հայաստանը։ Փոխնախարարի կարծիքով՝ շուրջ 30 հոգանոց թիմ կլինի։ Գիլոյանը հայտարարում է՝ հավակնությունները չեմպիոնական են։

XS
SM
MD
LG